Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք, Շոշի ուղղությունը, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէին. Արայիկ Հարությունյանը՝ պատերազմի տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակի մասին
Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, այս մասին Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը:
«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում»,- ասել է Հարությունյանը և հավելել, որ պատերազմի օրերին հոսանքի և կապի խնդիր չեն ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ կայաններ թիրախավորվել են ադրբեջանական ԶՈՒ-եր կողմից: