«Փեթակ»-ից բացի, մետրոն Չարբախից կարող է ընթացքը շարունակել դեպի ձիարշավարան կամ Կարմիր բլուր, որը կակտիվանա՝ որպես զբոսաշրջային վայր. Մարիամ Խաչատրյան
Երևանում մետրոյի Աջափնյակի նախատեսվող կայարանի կառուցումից զատ, քննարկվել է նաև «Փեթակ» առևտրի կենտրոնին մոտ գտնվող տարածքում նոր կայարան կառուցելու հարց: Այս մասին Կառավարության մարտի 2-ի նիստում ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Աջափնյակի կայարանի նախագծման աշխատանքների համար գումար հատկացնելու հարցի քննարկման շրջանակում:
«Միայն այս կայարանով չենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք նաև «Փեթակ»-ի տարածքում գտնվող հատվածում ևս մեկ կայարան ստեղծելու հարցը: Աջափնյակի կայարանի կառուցումից հետո, ամենայն հավանականությամբ, մետրոն այդ նույն գծով շարունակվելու է: Երկու պոտենցիալ ուղղություններ կան. Մեկը՝ դեպի Դավթաշենի ուղղությունը, մյուսը՝ դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքը: Քաղաքապետարանն առաջարկելու է մետրոյի շարունակական զարգացման ծրագիր, որ ամեն տարի ունենանք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ»,- նշել է նա:
Նոր կայարան կառուցելու մասին լուրն այնքան էլ դուր չի եկել քաղաքացիներից շատերին: Ոմանք առաջարկում են իրար մոտ կայարաններ կառուցելու փոխարեն, օրինակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մասին մտածել, որտեղից քաղաքի կենտրոն հասնելու համար լավագույն դեպքում մեկ ժամ է պահանջվում:
Նրանք ընդգծել են, որ «Փեթակ»-ի տարածքը խիտ բնակեցված չէ, բացի այց՝ այդ հատվածում լավ է աշխատում նաև տրանսպորտը:
Քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, այլ կարծիքի է:
««Փեթակ»-ը նրանով է լավ, որ ամեն ինչ ունի, միայն կանգառն են սարքում, էլ ոչ մի բան պետք չէ: Միայն կանգառն են սարքում, տեխսպասարկման սենյակները և վերջ: «Ռոսիա»-ից սկսած մի շարք գործարաններ կան մինչև Սևանի փողոց: Ուղղակի կանգառը բացում են, և, քանի որ առևտրային կենտրոններ կան, մետրոն կաշխատի, մարդիկ շատ կօգտվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Մարիամ Խաչատրյանը:
Սակայն, ըստ նրա, սխալ է Դավթաշենի ուղղությունը: «Մինչև Դավթաշենը Կոմիտասի հարցը պետք է լուծել: Դավթաշենը կարող է միանալ Բարեկամության մետրոյից, որի դեպքում միջանկյալ կանգառ է պետք: Իդեալական կլինի, եթե «Մարշալ Բաղրամյան» կայարանից ապահովվի միացումը»,- նշեց քաղաքաշինության դոկտորը:
Ինչ վերաբերում է Աջափնյակի կայարանին, ապա, Մարիամ Խաչատրյանի խոսքով, այն գրեթե պատրաստ է:
«Թունելները կային: Մնացած աշխատանքները կարող են 4 տարուց քիչ տևել: Ի դեպ, եթե կայարան սարքում են հյուսիսում, մի հատ էլ հարավում կարող են սարքել: Օրինակ, Չարբախից կարող է մետրոն ընթացքը շարունակել դեպի ձիարշավարան կամ Կարմիր բլուր: Վերջինը, ի դեպ, կակտիվանա՝ որպես զբոսաշրջային վայր: Այստեղից էլ կարող է միանալ Հարավ-արևմտյան զանգվածին»: