«Հա, քաղաքական ժպիտներ, կարող է, եղել են, բայց չեմ կարծում, որ դրան պետք է քաղաքական բովանդակություն տալ». Նիկոլ Փաշինյան
Գերմանիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Փաշինյանից հետաքրքրվել են Թուրքիային վերջերս տրամադրված հումանիտար աջակցության և Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մասին։
«Նրանք ժպտում էին, ուրախ էին, մանավանդ Չավուշօղլուն շնորհակալություն հայտնեց մարդասիրական օգնության համար։ Արդյո՞ք հայ-թուրքական հարաբերությունների միջև որևէ փոփոխություն կա, կամ հույս կա՞ դեպի լավը գնալու համար։
Երկրաշարժ եղավ նաև Սիրիայում, Հալեպում, այնտեղ հայերը բավականին վատ վիճակում են։ Ժողովուրդն ամեն մի շարժումից դրսում է։ Արդյո՞ք Հայաստանը որևէ ծրագիր ունի Հալեպի այդ բնակչությանը որևէ կերպ Հայաստան տեղափոխելու համար»,- հետաքրքրվեց Գերմանիայի հայ համայնքի ներակայացուցիչը։
Պատասխանելով հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդքան էլ ուշադիր չի հետևել Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին, և չի բացառում, որ քաղաքավարական ժպիտներ եղել են։
«Չեմ կարծում, որ այդ այցում ուրախության մթնոլորտ լիներ, որովհետև աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, տասնյակ-հազարավոր զոհեր են եղել, ի՞նչ ուրախության մասին կարող է խոսք լինել։ Հա, քաղաքական ժպիտներ, կարող է, եղել են, բայց չեմ կարծում, որ դրան պետք է քաղաքական բովանդակություն տալ։
Իսկ ընդհանուր առմամբ, երբ երկրաշարժը եղավ, մեզ համար հարց էր, թե մենք ի՞նչ դիրքորոշում պետք է ունենանք, և մեզ համար ըստ էության անհնար էր, հենց մեր դռան դիմաց տասնյակ-հազարավոր մարդիկ փլատակների տակ, և մենք ուղղակի ոչինչ չանենք, ցույց տանք, թե ոչ մի բան տեղի չի ունեցել։ Մեր որոշումները քաղաքական ենթատեքստ ընդհանրապես չեն ունեցել։ Դա եղել է զուտ մաքուր, հումանիտար ակցիա, բայց նաև այն ստացել է քաղաքական որոշակի արձագանք, որովհետև մեր հումանիտար օգնությունը Թուրքիա գնացել է Մարգարայի կամրջով, որը 30 տարի փակ էր։
Այնուհետև արտգործնախարարի այց է տեղի ունեցել, այո՛, ջերմ ընդունելություն է տեղի ունեցել, ինչը վատ չէ, որովհետև, տեսեք, մենք անվտանգության մասին ենք, չէ՞, խոսում, անվտանգության մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը։ Խաղաղության մեկ երաշխիք կա՝ հարևանության հետ նորմալ հարաբերություններ ունենալը, այլ բան է, թե դա որքանով է դժվար և որքանով է իրագործելի, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա տեղի ունենա, քանի որ դա առաջին հերթին բխում է մեր պետության շահերից»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում