Առաջարկը պետք է կրի ժամանակավոր բնույթ՝ գործառույթը կարելի է թողնել ԿԲ-ին. Թաթուլ Մանասերյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում։ Հունվարի 30-ին պատգամավորների հեղինակած նախագիծը քննարկվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Օրենքի նախագիծը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր, նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը և ասաց, որ ըստ նախագծի, ՀՀ տարածքում քաղաքացիներին տրամադրվող վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները պետք է տրամադրեն ՀՀ դրամով։
«Փոխարժեքը լողացող է, և դրան մենք չենք պատրաստվում միջամտել և մեր պահուստային ռեզերվները փոխանցել փոխարժեք պահպանելու վրա։ Հետևաբար՝ շատ ավելի ճիշտ է, որպեսզի մենք գնանք այն ճանապարհով, որ այն ռիսկերը, որոնք կան, մենք հնարավորինս փոքրացնենք։ Սա այն դեպքում կլինի, երբ մեր քաղաքացիներին տրամադրենք միայն դրամային վարկեր»,- պարզաբանեց Գևորգ Պապոյանը։
Որքանո՞վ է ներկայացված առաջարկը բխում ՀՀ քաղաքացիների շահերից, այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ երկրի տնտեսության վրա, եթե երկարատև գործի։
168.am-ի հետ զրույցում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանելով մեր հարցերին, նախ նշեց, որ դրամաշրջանառության մասին բոլոր օրենքները, որոնք վերաբերում են բանկային ու ֆինանսական համակարգին, բոլորը հայկական դրամով են նախատեսված, արգելված է այլ արժույթով։
«Սակայն այս պարագայում վարկերի վերաբերյալ կարևոր է հաշվի առնել մեկ հանգամանք, որ անցնող տարին բավականին լուրջ փորձությունների տարի էր հայկական դրամի համար։ Չնայած դրամն ընդհանուր առմամբ արժևորվել էր, բայց մնացած գործոնները բավականին բացասական ազդեցություն են ունեցել դրամաշրջանառության վրա։ Չհաջողվեց գնաճը պահել սահմանված միջակայքում։ Եվ ամենակարևորը՝ հաշվի առնելով դոլարայնացման բարձր մակարդակը, և քանի որ նախորդ տարի արտարժույթի բավականին մեծ հոսք է եղել, այդ թվում՝ դոլարով, դա ևս արհեստականորեն բերեց դրամի արժևորման»,- շեշտեց Թաթուլ Մանասերյանը։
Ըստ նրա, որպեսզի այս գործընթացները լինեն կառավարելի, Կենտրոնական բանկը լրացուցիչ օգնության կարիք ունի։ Եթե դոլարայնացման բարձր մակարդակի պայմաններում փորձում են դրամը կարգավորել տարբեր գործիիքներով, ապա դրա արդյունավետությունը ցածր է։
«Դրամի զանգվածը ցածր է, քանի որ համեմատած դոլարի, ռուբլու, եվրոյի հետ, գնալով ավելի փոփոխվում է այս հարաբերակցությունը։ Ես կդիտարկեի այս տեսանկյունից, հայկական դրամը ոչ միայն կայուն պահելու, այլ համահունչ դարձնելու տնտեսության զարգացումներին։ Կարծում եմ՝ այն, ինչ առաջարկվել է, դա պետք է կրի ժամանակավոր բնույթ, ես կառաջարկեի, որ դա այդուամենայնիվ հավերժ չֆիքսվի օրենքում, և ըստ էության կարելի է թողնել այդ գործառույթները ԿԲ-ին, կարելի է օրենքում լրամշակումներ կատարել, բայց նկատի ունենալ, որ անընդհատ այդպես չի կարելի անել, որովհետև ի վերջո մենք համաշխարհային տնտեսության մի մասնիկն ենք և չենք կարող ընդհանուր գործընթացներից մեկուսացված մնալ»,- պարզաբանեց տնտեսագետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ երկրի տնտեսության մեջ, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ֆինանսական համակարգում, սակայն այդուհանդերձ հաջողվել է տարածաշրջանում մյուս արժույթների համեմատ պահպանել ազգային արժույթի կայունությունը։
«Չմոռանանք՝ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի արժույթները կրկնակի արժեզրկվեցին, այսինքն՝ 100 տոկոսով, նույնը մի քիչ նվազ չափով տեղի ունեցավ ադրբեջանական մանաթի և վրացական լարիի հետ։ Այս պայմաններում, կարծում եմ՝ մենք իսկապես խնդիր ունենք այդ կայունությունն ապահովելու հարցում, որպեսզի ընդհանուրի մեջ քաղաքացիները շահեկան դուրս գան։ Եթե Կենտրոնական բանկը չկարողանա իր գործառույթներն ավելի արդյունավետ կատարել, ապա ըստ իս՝ քաղաքացիների իրավունքներն ավելի շատ կխախտվեն»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։