Փոխարժեքը լողացող է, վարկերը կտրամադրվեն միայն դրամով, անշարժ գույքը կվաճառվի դրամով. Գևորգ Պապոյան

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին  օրենքի նախագիծը, որի հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն են։

Ներկայացնելով օրենքի նախագիծը՝ ՔՊ-ական պատգամավոր, նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանն ասաց, որ ըստ օրենքի նախագծի, ՀՀ տարածքում քաղաքացիներին տրամադրվող վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները  պետք է տրամադրեն ՀՀ դրամով։

«Այժմ ՀՀ քաղաքացիները՝ ռեզիդենտները, կարող են ստանալ ցանկացած արժույթով հիփոթեքային վարկեր, ոչ միայն դրամով, այլև դոլարով, ռուբլիով, եվրոյով և այլ արժույթով։ Իհարկե այս ամենն իր մեջ ունի հնարավորություններ, ինչպես նաև որոշակի ռիսկեր, Կենտրոնական բանկի, Կառավարության քաղաքականությունը, նաև ԱԺ-ում օրենսդիրի կամքը տարբեր առիթներով մենք տեսել ենք, և դա այնպես է եղել, որ դոլարով են վարկը վերցրել և տարբեր ժամանակներում, երբ փոխարժեքը տատանվել է, առաջանում են մեծ ռիսկեր վարկերի մարման հետ։ Մեկ այլ բան է, երբ դու պլանավորել ես, օրինակ, ամեն ամիս վճարել 200 հազար դրամ վարկ, որը 500 եվրո է, մեկ այլ բան է, որ դա դառնում է 250 կամ 350 հազար դրամ, որովհետև եվրոյի փոխարժեքը բարձրացել է։

Փոխարժեքը լողացող է, և դրան մենք չենք պատրաստվում միջամտել և մեր պահուստային ռեզերվները փոխանցել փոխարժեք պահպանելու վրա։ Հետևաբար՝ շատ ավելի ճիշտ է, որպեսզի մենք գնանք այն ճանապարհով, որ այն ռիսկերը, որոնք կան, մենք հնարավորինս փոքրացնենք։ Սա այն դեպքում կլինի, երբ մեր քաղաքացիներին տրամադրենք միայն դրամային վարկեր»,- շեշտեց Գևորգ Պապոյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս