Չեղանք պահանջատեր մեր իրավունքին, մեր հող ու ջրին, հարմարվեցինք բոլոր կորուստներին. Հերմինե Զարգարյան

45 օր է, ինչ ադրբեջանցի կեղծ բնապահպանները փակել են Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով օրեցօր խորանում են հումանիտար խնդիրները: Հունվարի 24-ից Ստեփանակերտում և շրջաններում դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը: «Արցախէներգո» ՓԲԸ-ն էլ հայտնում է, որ հաշվի առնելով բնակչության արձագանքները և ջեռուցման համար հնարավորինս հարմարավետ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունը, որոշվել է, պահպանելով հովհարային անջատումների օրական 6-ժամյա գրաֆիկը, անջատումներն իրականացնել ավելի կարճ տևողությամբ:

Հունվարի 25-ին, ժամը 02։00-ից ամբողջ հանրապետությունում հովհարային անջատումները կիրականացվեն օրական 3 անգամ՝ յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ։

Արցախում գործող բուժհիմնարկները ևս անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի: Բուժհիմնարկներում դադարեցվել են բոլոր տեսակի պլանային վիրահատությունները, քանի որ առկա է անհրաժեշտ դեղորայքի և նյութերի դեֆիցիտ:

Կարդացեք նաև

Արցախի հանրապետական հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջաբան Հերմինե Զարգարյանն ասում է՝ այս օրերին հասկացել են, որ վերմակը պետք է բրդից լինի, պետք է նորմալ բանջարանոց ունենալ, հարազատի տուն պետք է այցելել լիքը սրտով, դատարկ ձեռքով, ունենալ հարմար կոշիկներ` երկար քայլելու համար, հագուստ ընտրել ոչ թե մոդայիկ, այլ տաք: Իմանալ, թե ինչպես ստեղծել նոր ճաշատեսակներ՝ համադրելով հնարավոր առկա բաղադրիչները:

«Այս դժվար փուլում գումարվեցին նաև սեզոնային վարակները՝ բավական արագ ընթացող բարդություններով, և բախվեցինք լուրջ խնդրի` պայմանավորված դեղորայքի քչությամբ կամ բացակայությամբ: Բարեբախտաբար չհաղթահարված լուրջ բարդություններ չենք ունեցել, ըստ անհրաժեշտության պացիենտներն էին իրար գտնում և դեղորայք փոխանցում միմյանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հերմինե Զարգարյանը:

Աշխարհի շարունակվող լռության մասին խոսելուց առաջ, բժշկուհին կարծում է, որ պետք է խոսել հայի լռության մասին:

«Աշխարհը լռում է, քանի որ հայն է լռում: Որովհետև չեղանք պահանջատեր մեր իրավունքին, մեր հող ու ջրին, հարմարվեցինք բոլոր կորուստներին` տարածքային և, որ ամենասարսափելին է, մարդկային: Ապրեցինք մոռացած, իսկ դա չի ներվում: Պետք է աշխարհով մեկ գոռալ խնդրի մասին, չխնդրել, այլ՝ գոռալ: Պետք է վերջ տրվի անտարբեր հայի տեսակին, և նոր աշխարհից ինչ-որ բան պահանջել»,- նշեց Հերմինե Զարգարյանը:

Ավելի վաղ զրուցել էինք նաև արցախցի ակնաբույժ Նարեկ Միքայելյանի հետ:

«Երբ մտովի զուգահեռ ենք անցկացնում արցախյան առաջին պատերազմի և դրան նախորդող ժամանակահատվածի հետ, ապա այն ժամանակ ավելի բարդ էր և՛ իրավիճակը, և՛ պարենային դրությունը:

Չկար հաց, գազ, ջուր, էլեկտրականություն, փայտ էինք վառում և վառարանի վրա պատրաստում ուտելիքն ու թեյը, իսկ կերակուր պատրաստելու ջուրը բերում էինք քաղաքից դուրս գտնվող որևէ աղբյուրից: Մաքրության համար էլ ժողովուրդը հավաքում էր անձրևաջրերն ու ձյունը, և այդ ամենը հրետակոծության, «ալազանի» և «գրադի» պայթյունների, ավերածությունների և մարդկային զոհերի, վիրավորների համար արյան ձեռքբերման, ուտելիքի հոգսերով ու մեծ, անմարդկային մեծ հոգու ցավի և այն հաղթահարելու ջանքերի տառապանքով: Պատերազմից հետո երևի կարելի էր ժողովրդին «դժոխքից արտաքսվածներ» անվանել:

Հիշում եմ, գիշերով ազդարարել էին վիրավոր ազատամարտիկի համար արյան փոխներարկման անհրաժեշտություն, և քանի որ հայրս պատերազմում էր, և ընտանիքի տղամարդը ես էի (այն ժամանակ 9 տարեկան էի), մորս հետ գնացինք զինվորական հոսպիտալ՝ արյուն տալու: Հետո մի կոնֆետ-շոկոլադ տվեցին մայրիկիս՝ արյունը վերականգնելու համար՝ այն տարիներին կոնֆետ ընդհանրապես չկար: Ճանապարհին մայրս ինձ տվեց այդ կոնֆետը, սակայն ես չվերցրի այն, քանի որ հասկանում էի, որ դա տրված էր արյան դիմաց: Մայրս կեսգիշերին այդ կոնֆետը բաժանեց մեր չորս երեխաների մեջ:

Այդպես հաղթահարեցինք և՛ շրջափակումը, և՛ պատերազմական տարիները: Այժմ համեմատաբար փոխվել են ժամանակները, իհարկե, փոխվել է մարդկանց ապրելակերպը և մտածելակերպը, փոխվել են պահանջմունքները, փոխվել են սերունդները, բայց մեկ բան անփոփոխ է՝ արցախցու ազատատենչ ոգին, որը հանուն նպատակի և անկախության՝ պատրաստ է դիմանալ ամեն դժվարության,  դիմանալ, երբ ուրիշները չեն կարող այլևս դիմանալ և դիմադրել: Երևի դա չեն գնահատել մեր թշնամիները, չեն հասկացել, որ Արցախը երկրորդ Մուսա լեռն է և միգուցե ավելին: Այնպես որ, մենք կարող ենք դեռ դիմանալ, միայն թե հայ ժողովուրդը կարողանա համախմբվել, և այն ժամանակ մեր կամքին և մեր ուժին ոչ ոք չի կարող դիմակայել»,- մեզ հետ զույցում պատմել էր Նարեկ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս