Որևէ առանձին խումբ չի կարող լուծել այս ճգնաժամը, թմբիրից դուրս գալու համար պետք է համընդհանուր ջանք․ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյան
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։ Մեր ժողովուրդը երեսնամյա անկախության շրջանում այդ իմաստով վիրահատության չի ենթարկվել, բայց կաթիլ-կաթիլ թմրել է, և միանգամից հնարավոր չէ թմբիրից դուրս գալ։ Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, որոնք իրականում պիտի ցնցում առաջացնեին, մեր հասարակությանը թմբիրից դուրս չբերեցին։ Արժեհամակարգի, ապագայի նկատմամբ տեսիլքի, որպես հասարակություն, պետություն՝ միասին ապրելու, որպես Սփյուռք ունեցող ազգ՝ համախմբվելու իմաստով մենք քաոսային վիճակի մեջ ենք։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
«Քաոսն առկա է, երբ չկա օրենք, հոգի։ Արարչագործության պատմության ընթացքը տեղի է ունեցել աստիճանական կարգով։ Սկզբում քաոսն էր, հետո Աստծու հոգու միջոցով քաոսը վերածվում է կարգավորված աշխարհի։ Այդ հոգին չկա, դրա համար էլ մենք ապրում ենք քաոսային վիճակում։ Երբ չկա Աստծու հոգին, նշանակում է՝ նաև արժեհամակարգ չկա՝ վերածելու այդ քաոսը կարգավորության։ Այս ամենի պատճառները խորն են։ Միայն վերջին շրջանի պատմությունը դիտարկելով՝ հնարավոր չէ պատճառաբանություն բերել։ Այո՛, վերջին հինգ տարվա մեր պատմությունն արագացրեց, վեր հանեց բոլոր թերությունները, ցցուն կերպով դրեց մեր առջև։ Եվ թերություններն այնքան շատ են, խնդիրները՝ այնքան խորը, որ մենք չենք կարողանում հասկանալ՝ որտեղից է պետք սկսել։ Բայց սկսելու համար նախևառաջ պետք է համընդհանուր ջանք»,- ասաց հոգևորականը:
«Մեր ազգային, հասարակական և պետական կյանքում որևէ շերտ չի կարող միայնակ լուծել այս խնդիրները, դա համընդհանուր ջանքի արդյունքում է լինելու։ Այդ շարքում են աշխարհիկ իշխանությունները, որոնց մեջ է նաև ընդդիմությունը, հոգևոր դասը և հասարակական կառույցները։ Խոսքը ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների, այլև, օրինակ, ստեղծագործական միությունների կամ տեղի և Սփյուռքի այն կառույցների մասին է, որոնք ազդեցություն ունեն հասարակության հոգեմտավոր և ֆիզիկական կյանքի վրա, առաջնորդողի դեր և էլիտայի հավակնություն ունեն։ Սա պետք է արվի համընդհանուր միջոցներով»,- նշեց վարդապետը:
Մայր Աթոռի միաբանի կարծիքով՝ Արցախն այսօր ծայրահեղ վիճակում է հայտնվել մեր պատճառով՝ նախևառաջ՝ որպես պետության. «Մենք կարճ ենք մտածում՝ միայն այսօրվա մասին։ Մենք ապագայի մասին չենք մտածում։ Ունե՞նք ազգային տեսլական, ռազմավարություն՝ հիսուն կամ հարյուր տարի անց ինչ է լինելու։ 1441 թվականին, երբ կաթողիկոսական աթոռն արդեն պետականությունը կորցրած Կիլիկյան Հայաստանից տեղափոխվում էր պատմական Հայաստան՝ Էջմիածին, այդ շրջանի հայրերն ի՞նչ տեսիլք ունեին իրենց աչքի առաջ։ Նրանք այդ հեռավորությունից մտածում էին, որ ի վերջո մի օր պետականություն է ձևավորվելու։ Այն ձևավորվեց մոտ 450 տարի անց, բայց մարդիկ այդքան դարերի խորքից կարողացել են տեսնել և ճիշտ քայլեր անել։ Մենք ի՞նչ քայլեր ենք արել երեսուն տարում»:
«Սովորաբար հասարակության ընտրյալ հատվածը լինում է բուրգի գագաթին, և հեղափոխություններն այս իմաստով երբեք լավ բանի չեն հանգեցնում։ Հեղափոխություն բառը կապված է հեղել բառի հետ, իսկ սովորաբար արյուն են հեղում։ Եթե այսօր մարդիկ կան, որոնք միամտաբար կարծում են, թե մեր հեղափոխությունն անարյուն է եղել, չարաչար սխալվում են։ Հետևանքը 5000 զոհերն են։ Այդ պահին գուցե արյուն չի հեղվել, բայց դրա հետևանքով մենք արյուն ենք հեղել և շարունակում ենք հեղել, այսինքն՝ մեր հեղափոխությունն անարյուն չի եղել։ Մենք պատմությունից դասեր քաղել չգիտենք, և դա միայն մեր խնդիրը չէ, այսօր սա նաև համաշխարհային հասարակությունների հարցն է։ Վերջին շրջանում հատկապես մտածող մարդիկ շատ են ասում, որ մենք այսօր պատմություն ուսումնասիրելու կարիք ունենք։ Քաղաքականությամբ զբաղվողները պատմություն չգիտեն, իսկ դա միայն գիտելիք չէ, այն փիլիսոփայություն է։ Եթե անդրադառնանք մեր պատմությանը, այն խորքային իմաստով խեղաթյուրված է և այդպես էլ ներկայացվում է»,- ամփոփեց Հայր Սուրբը: