Շարունակել բանակցությունները, անտեսելով 120.000 հայերի հանդեպ ցեղասպան քաղաքականությունը, ընկալելի չէ. մասնագետները՝ հայ-թուրքական գործընթացների մասին

Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է: Ինչպես տեղեկացանք՝ այս հանգամանքն ամենևին չի խոչընդոտում Հայաստանի իշխանություններին՝ չշեղվելու Թուրքիայի հետ նորմալիզացիայի գործընթացից. ասես ոչինչ էլ չի եղել: Ավելին՝ ՀՀ արտաքին գերատեսչությունից հայտնել են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը:

Հակասություններ չկա՞ն թուրք-ադրբեջանական գործողությունների և Հայաստանի քայլերի միջև՝ 168.am-ը հետաքրքրվեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանից:

Ի պատասխան՝ թուրքագետը նկատեց. «Արցախի օկուպացիան կազմակերպված է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, և մեր 120 հազար հայրենակիցներն այս պահին գերի են նաև Թուրքիային: Թուրքիան այդ մասին բացահայտ հայտարարում է. Թուրքիայի արտգործնախարարն է սատարում այդ, այսպես կոչված, բնապահպաններին, Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն է այցելում նրանց, և այլն: Եվ այս համապատկերում Թուրքիայի հետ շարունակել բանակցությունները՝ անտեսելով 120 հազար հայերի հանդեպ թուրքական ցեղասպան քաղաքականությունը, ուղղակի ընկալելի չէ:

Կարդացեք նաև

Սա կարելի է անվանել «ջայլամային դիվանագիտություն». երբ ՀՀ այս պահի իշխանություններին թվում է, թե հայտարարություններով, հանդիպումներով է միայն դիվանագիտությունը, և անտեսում են այդ դիվանագիտության իրական, խորքային նպատակներն ու գործելաոճը: Իսկ նպատակը քո երկրի և քո երկրի քաղաքացիների, հայրենակիցների խնդիրները լուծելն է. այս պահին դու չես կարողանում լուծել այդ խնդիրները, չես կարողանում ապահովել 120 հազար մարդու կենսական հարցերը, բայց իմիտացիա ես ստեղծում, որ Թուրքիայի հետ շատ լուրջ պրոցես ես տանում: Սա այս իշխանություններին հատուկ ինքնախաբեության ռեժիմի շարունակությունն է»:

Անդրադառնալով, մասնավորապես, օդային բեռնափոխադրումների արգելքի վերացմանը՝ թուրքագետը հավելեց, որ դա պետք է դիտարկել իբրև թուրքական թակարդ, որն աշխարհին ցույց է տալիս, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պրոցեսում կա առաջընթաց:

«Իսկ իրականում այս ամենը պրոցես է ոչինչ մասին, որովհետև ես՝ չլինելով տնտեսագետ, չեմ պատկերացնում, որ ՀՀ-ն ունի այնպիսի ներուժ, որ կարող է շատ մեծ քանակությամբ բեռներ, այն էլ՝ օդային թանկ ճանապարհով, արտահանել Թուրքիա:

Այսինքն՝ հայկական դիվանագիտությունը չի կարողանում լուծել կենսական կարևոր խնդիրները, բայց «խիզախ» կերպով զբաղվում է հարյուրերորդական կարևորության խնդիրներով՝ չհասկանալով, կամ միգուցե հասկանալով, որ սա պրոցես է հօգուտ Թուրքիայի»,- նկատեց նա:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական «ձեռքբերման» տնտեսական էֆեկտներին անդրադառնալով՝ տնտեսագետ, պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դրանք որակեց թուրք-ադրբեջանական շահերով դրդված աշխարհաքաղաքական զարգացում:

«Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ Թուրքիան ու Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո երբ ձեռք բերեցին ռազմական դոմինանտություն, սկսեցին տարածաշրջանում իրենց շահերն առաջ մղել այլ գործիքակազմով՝ մասնավորապես, փափուկ ուժի միջոցով՝ տնտեսական էքսպանսիայի ճանապարհով,- հիշեցրեց տնտեսագետը՝ նկատելով նաև, որ միամտություն է Արցախի շրջափակումն ու հայ-թուրքական գործընթացները դիտարկել առանձին և բացառապես տնտեսական համատեքստում,- Ակնհայտ է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ է գործում այս տարածաշրջանում, ակնհայտ է, որ գրեթե ամեն օր Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին խոսելիս անթաքույց կերպով նշում է, որ այն համաձայնեցված լինի ադրբեջանական շահերի հետ: Իսկ ադրբեջանական շահը մեկն է՝ բռնազավթել Արցախը, բնաջնջել արցախահայությանը, անգամ չի թաքցնում ՀՀ հանդեպ իր տարածքային նկրտումները: Այսինքն՝ փաստորեն, մենք տնտեսական ինչ-որ ենթադրելի կամ շատ անորոշ «շահի» դիմաց զիջում ենք հայրենիք»:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ՝ սա ժողովրդին թմրեցնելու, իրական օրակարգից շեղելու թուրք-ադրբեջանական տանդեմի և ՀՀ իշխանությունների հերթական ձեռնարկն է:

Բեռնափոխադրումների օդային արգելքի վերացման կոնկրետ տնտեսական էֆեկտներին անդրադառնալով՝ տնտեսագետն ընդամենը ուշադրություն հրավիրեց վիճակագրությանը, ըստ որի՝ Հայաստանից դեպի Թուրքիա արտահանումը գրեթե զրոյական է, իսկ Թուրքիայից ներմուծումը՝ տարեկան շուրջ 250-300 միլիոն դոլար:

Ըստ նրա՝ այս արգելքի վերացումը տնտեսական էֆեկտներ կունենա Թուրքիայի և Թուրքիայից ապրանք ներկրող օրվա իշխանության սրտի օլիգարխների համար:

Տեսանյութեր

Լրահոս