Երկիր։ Ցնահանջ
Տարեմուտին, ավանդույթի ուժով բոլորը՝ թե անհատական, թե հավաքական մակարդակում, փորձում են պլանավորել մեկնարկող տարին, ապագայի ծրագրեր, դրանց հասնելու ժամանակային քարտեզներ կազմել։ Դա ոչ միայն միանգամայն նորմալ է, այլև պարտադիր։ Ինչպես անձնական, այնպես էլ ու առավել ևս՝ հասարակության ու պետության կյանքում հնարավոր չէ հաջողության հասնել առանց պլանավորման։
Բայց եթե ամանորյա խնջույքներին ապագայի մասին բաժակաճառերով խոսելը կարելի է նորմալ համարել, ապա պետության պարագայում կենացով ապագա կառուցելը հասցնում է այն իրավիճակին, որում այսօր հայտնվել է Հայաստանը։ Պետությունների, հասարակությունների համար հեռանկարը, ապագան ոչ միայն չի գալիս ինքն իրեն, այլ այն կերտվում է։ Հակառակ պարագայում այն գալիս է ուղղակի՝ որպես ժամանակային անցում, գալիս է տարերային ու հաճախ՝ որպես տարերք։
Ինչ-որ մեկն ասել է, որ նա, ով ձախողում է պլանավորումը, պլանավորում է սեփական ձախողումը։ Դրա մեջ կա ճշմարտություն, ինչում մենք համոզվում ենք Հայաստանի օրինակով։
2050 թվականի համար պլաններ կազմող իշխանությունն իրականում Հայաստանին զրկել է ոչ միայն երկարաժամկետ, այլ նաև կարճաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարից։ Հայաստանը վերածվել է օրով ապրող տարածության՝ առանց անգամ վաղվա օրվա հստակ պատկերացման։ Նույնիսկ ամենախառնակ ժամանակներում, ինչպիսիք մեր օրերն են, առողջ պետություններն ունեն ապագայի ռազմավարական ու մարտավարական հայեցակարգեր, սցենարների զարգացման ամենատարբեր մոդելներ ու դրանից բխող ծրագրեր։ Մենք, ահա, անառողջ ենք նաև մեր պլանավորման ու հեռանկարի բացակայությամբ։
Հայաստանի գործող իշխանության համար կառավարումը մեծ հաշվով սկսվում և ավարտվում է ֆինանսական միջոցների բաշխմամբ։ Կառավարության նիստերի օրակարգերը դրա լավագույն վկայությունն են։ Այդ օրակարգերում առավելապես ընդգրկված են ֆինանսների բաշխման, վերաբաշխման, վերավերաբաշխման, հատկացումների ու վերահատկացումների մասին հարցեր։ Ինչի՞ համար է ծախսվում այս կամ այն հատկացումը, ի՞նչ երկարաժամկետ խնդիր է լուծում ֆինանսավորվող որևէ ծրագիր, իշխանությանը մեծ հաշվով չի հուզում։
Նիկոլ Փաշինյանին մտահոգող հիմնական խնդիրն այն է, որ այդ բաշխումների ու վերաբաշխումների մեջ սեփական իշխանության անդամներին տրվող վճարներն ու պարգևավճարները հանկարծ չպակասեն, որովհետև դա կարող է սպառնալ իշխանության ներքին կայունությանը։
Հայաստանը վերածվել է առանց հեռանկարի պետության, և ճակատագրի հեգնանքով դա արել է մի իշխանություն, որը վերարտադրվել է «Ապագա կա» պոպուլիստական խոստումով։ Իրականում տեղի է ունեցել ու շարունակվում է ճիշտ հակառակը՝ ամեն օրվա հետ մենք ավելի ենք հեռանում մեր կողմից կերտվող ապագայից՝ ապավինելով դրա սոսկ ժամանակային գալուստին։ Ապագայի փոխարեն՝ մենք՝ որպես հասարակություն ու պետություն, արարում ենք անորոշություն։ Մենք գիտենք՝ որտեղից ենք գալիս, բայց պատկերացում չունենք, թե ուր ենք գնում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ Հայաստանը ոչ թե ինչ-որ տեղ է գնում, այլ թույլ է տալիս, որ մեզ ինչ-որ տեղ տանեն։
Հարություն Ավետիսյան