Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել իր առաջարկները. պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը. Փաշինյան

Արդեն 11-րդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ 120 հազար արցախահայերի թողնելով գերության մեջ։

Այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակման հարցին, նշելով, որ նախորդ շաբաթվանից Լաչինի միջանցքում ստեղծված ճգնաժամը չի հանգուցալուծվել՝ բացառությամբ մեկ բանի՝ վերականգնվել է Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրությունը մնում է ծայրահեղ լարված։ Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են կիսված մնալ, ակամա հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում։ Լեռնային Ղարաբաղում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների, այդ թվում՝ պարենի դեֆիցիտ է նկատվում։ Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի գործողություններն ապօրինի են և կոպտորեն խախտում են նրանց ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրույթները։ Եռակողմ պայմանավորվածության 6-րդ կետը, ինչպես բազմիցս ասել եմ, Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և ադրբեջանական հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նրա, դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։
«Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, քանի որ ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա, մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»,- հավելեց Ն. Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նա հիշեցրեց, որ կառավարության նախորդ նիստում արձանագրել էր իրենց հավաքական ջանքերի կարևորությունը Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից շրջափակելու փաստի միջազգային տեսանելիությունը մեծացնելու համար։
«Մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամը բավականին մեծ միջազգային արձագանք է ստացել։ Նախորդ օրը կարևորագույն քննարկում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, այս հարցի վերաբերյալ տարբեր երկրներ և միջազգային կազմակերպություններ շարունակում են հստակ գնահատական հնչեցնել։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում միջազգային հանրության ակտիվությունը պետք է ակտիվորեն մեծանա, ակտիվորեն պետք է աշխատել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, կամ ԵԱՀԿ-ի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է փորձերը, Հայաստանին մեղադրել իր ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ, նման փորձերը սին են և հիմնազուրկ, այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել։

Ի հավելումն՝ պիտի ասեմ, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ իր առաջարկները, և մենք պատրաստ ենք ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը և հույս հայտնեց, որ Ադրբեջանի արձագանքը նույնպես դրական կլինի։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ ամիսներ առաջ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման և սահմանագծման ուղղության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների վերաբերյալ իր առաջարկները, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել։ Նաև Ադրբեջանին է փոխանցել տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման վերաբերյալ առաջարկներ, և Հայաստանը պատրաստ է այդ ճանապարհով գնալ հարցի անհապաղ լուծման։

«Դեռ ամիսներ առաջ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանային անվտանգության երաշխավորման մասին իր առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չենք ստացել։ Այդ առաջարկները ներառում են Հայաստանի օկուպացված տարածքների խնդրի լուծումը, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան, և նրա զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ ի հեճուկս դժվարությունների՝ շարունակում են իրենց ջանքերը համապարփակ լուծումների գնալու, խաղաղություն և կայունություն ապահովելու ուղղությամբ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս