Ես ԱԳՆ-ից միայն մեկ մամլո հաղորդագրություն եմ կարդացել իրենց կայքում, մեկ նամակ էլ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին… Ե՞վ: Դա շա՜տ-շա՜տ հեռու է բավարար լինելուց. Լևոն Գևորգյան

«Ցավոք սրտի, իրականում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) պարագայում խնդիրը բարդ է, որովհետև Եվրոպական դատարանը ժամկետներով, որպես այդպիսին, կաշկանդված չէ, և իրականում առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանը ժամկետ է խախտում: Օրինակ, նույն պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական կողմին Դատարանը հարցում էր ուղարկել պատանդների, գերիների առողջական վիճակի մասին, նրանք մի քանի շաբաթ ձգել էին պատասխանելու ժամանակը՝ հղում կատարելով Քովիդով պայմանավորված իրավիճակին, թե իբր Քովիդի ժամանակ աշխատանքի վայրում չեն եղել, չեն կարողացել ժամանակին տեղեկատվություն տրամադրել»,- անդրադառնալով ՄԻԵԴ-ի՝ Ադրբեջանին տրամադրած ժամկետի՝ երեկ սպառվելուն՝ 168.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում էր կայացրել Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում: Երեկ այդ ժամկետը լրացել է:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը:

«Եվրոպական դատարանը մի ատյան է, որն անպայման պետք է օգտագործել բոլոր հնարավոր միջոցներով, սակայն ես շատ մեծ սպասելիքներ կոնկրետ Եվրոպական դատարանից չէի ունենա: Չի բացառվում անգամ, որ իրենք պարզապես կրկին վերահաստատեն նախկինում՝ պատերազմի օրերին, իրենց իսկ կիրառած միջանկյալ միջոցը, որում պարզապես նշել էին, որ կողմերը պետք է ձեռնպահ մնան իրենց կոնվենցիոն իրավունքների խախտումներից: Հիմա նույն հաջողությամբ սա կարող է այդ դեպքը լինել»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Կարդացեք նաև

Լևոն Գևորգյանը նկատեց, որ ինքն ավելի շատ հույսեր կփայփայեր ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան հավանական միջանկյալ միջոցի ներկայացման հեռանկարի հետ, որովհետև եթե ներկայացվի այդ լրացուցիչ դիմումը նոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, ապա ավելի մեծ է հավանականությւոնը, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը որպես առանձին դրվագ՝ քննարկման առարկա կդարձնի ստեղծված իրավիճակը:

«Ես չեմ բացառում նաև այլ կոնվենցիոն մեխանիզմների օգտագործման հնարավորությունը: Իրականում մենք արդեն Ցեղասպանության հանցակազմի տարրերի մասին էլ կարող ենք խոսել, որովհետև Ցեղասպանության կոնվենցիան արգելում է նաև այն գործողությունները, որոնք հաշվարկված են և ուղղված են այն խմբի մի մասի ոչնչացմանը կամ այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք կարող են հանգեցնել էթնիկ խմբի մի մասի ոչնչացմանը: Ֆիզիկական բռնությունը չէ միակ ձևաչափը ցեղասպանության իրացման: Այն պայմանների ստեղծումը, որոնք կարող են հանգեցնել կյանքի կորստին, եթե առկա է խմբի ոչնչացման հատուկ միտում, նույնպես հիմք է տալիս խոսելու ցեղասպանության մասին»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ հավելելով, որ իր տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում են Արդարադատության միջազգային դատարան Ցեղասպանության կոնվենցիայի շրջանակում առանձին ուղղություններով դիմելու հնարավորությունները, և պետք է որ մոտական օրերին գործողություններ իրականացվեն:

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի՝ հայցում նշելով, որ պաշտոնական Երևանը պատասխանատվություն է կրում 2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչինում և հարակից գյուղերում «ադրբեջանցիների պատկանող հարյուրավոր սեփականության օբյեկտների ոչնչացման համար» (խոսքն ըստ ամենայնի Բերձորի, Աղավնոյի մի քանի այրված տների մասին է- Գ.Ս.), միջազգային իրավունքի մասնագետի խոսքով՝ Ադրբեջանը, ինչպես միշտ, իր հին միջոցներն է կիրառում՝ տեղեկատվական աղմուկ ստեղծելու համար:

«Փորձում է սուտ պարիտետ ստեղծել, ցույց տալ, որ միայն հայկական կողմը չէ, որ պահանջներ ունի, և իրենք նույնպես պահանջներ ունեն: Որպեսզի ադրբեջանական կողմը կարողանա որևէ կերպ հիմնավորել իր հայցադիմումում նշված պահանջները, նրան հարկավոր է լինելու ապացուցողական հիմքերով հիմնավորել կապը նախկին ադրբեջանական բնակիչների և ոչնչացված գույքի միջև, ինչն 99% հավանականությամբ բացառվում է, քանի որ այն շինությունները, որոնք այրվել էին, գոյություն չէին կարող ունեցած լինել 80-ականների վերջին, 90-ականների սկզբներին: Եթե անգամ ադրբեջանական կողմը կարողանա նույնականացնել նշված ժամանակահատվածի այդ շինությունների սեփականատերերին, ոչնչացված գույքն այդ գույքի հետ որևիցե կապ չունի, նույնիսկ, եթե այն տեղակայված է նույն հողակտորի վրա: Ուստի սա առաջին հայացքից ակնհայտորեն պարզապես կեղծ աղմուկ ստեղծելու միջոց է, և դա աշխատում է, որովհետև որքան ես եմ հասկանում, հայկական կողմն այս խնդրի բարձրաձայնման և միջազգային հանրությանը հասանելի դարձնելու տեսանկյունից առանձնապես պրոակտիվ չէ»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Նրա խոսքով՝ թեպետ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հարցը քննարկելու մասին, սակայն, երբ հետևում ենք միջազգային լրահոսին, տեսնում ենք, որ միջազգային հանրությունը ստեղծված իրավիճակից առանձնապես տեղյակ չէ և գտնվում է տեղեկատվական վակուումում:

«Այս իրավիճակում թվում է, թե խորհրդարանական դիվանագիտությունը պետք է ամեն օր աշխատեր, առանձին դիվանագիտական ներկայացուցիչներ առանձին մայրաքաղաքներում ամենօրյա աշխատանք պիտի անեին, ինչն ինձ համար առնվազն տեսանելի չէ»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ վաղը նախատեսված քննարկումից, միջազգային իրավունքի մասնագետն ասաց՝ ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արդյունավետ այդ տեղեկատվությունը կներկայացվի:

«Փաստացի ստեղծված իրավիճակը հումանիտար ճգնաժամի հիմքեր դնող գործողություններ են: Անցյալում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նշել է նաև, որ հումանիտար ճգնաժամի, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների պարագայում անգամ Կանոնադրության 7-րդ գլխի շրջանակներում են բանաձևեր ընդունել, այսինքն՝ ուժի գործադրումն են թույլատրել: Իհարկե, մեր պարագայում նման իրավիճակ ակնկալելը գրեթե բացառված է, բայց կախված նրանից, թե որքան արդյունավետ հայկական կողմը կկարողանա փաստական հանգամանքները ներկայացնել, կարելի է հուսալ և ակնկալել առնվազն ողջամիտ ձևակերպումներով և պահանջներով բանաձև, որտեղ կխոսվի հումանիտար ճգնաժամին վերջ դնելու գործողությունների իրականացման մասին: Բայց, կրկնում եմ, ամեն ինչ կախված է կատարվող աշխատանքի որակից, եռանդից և ակտիվությունից, ինչը շարքային քաղաքացիների համար առնվազն տեսանելի չէ»,- ասաց Լևոն Գևորգյանը՝ նշելով, որ կարծում է՝ ինքն ավելի շատ տեղեկատվություն ունի թեմայի վերաբերյալ, քան շարքային քաղաքացիները, բայց այդ աշխատանքն իր համար նույնպես տեսանելի չէ:

Հարցին՝ ի՞նչ պիտի անի հասարակությունը ստեղծված իրավիճակում, միջազգային իրավունքի մասնագետն ասաց ՝ Հայաստանում հասարակությունը երկու խնդիր ունի լուծելու՝ առաջին հերթին հնարավորիս շատ տարածել տեղեկատվությունը, երկրորդը՝ պահանջատեր լինել սեփական իշխանությունների նկատմամբ՝ իրականացնելու պրոակտիվ գործողություններ:

«Ես ԱԳՆ-ից միայն մեկ մամլո հաղորդագրություն եմ կարդացել իրենց կայքում: Դրանից ավել… Որքան հասկանում եմ, մեկ հաղորդագրություն, մեկ նամակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Եթե դա է իրոք այն, ինչ արվել է, դա շա՜տ-շա՜տ հեռու է բավարար լինելուց»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ ՀՀ իշխանությունները Բերձորի՝ Լաչինի միջանցքի բացման ողջ պատասխանատվությունը դնում են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վրա, միջազգային իրավունքի մասնագետը նկատեց՝ ինքն առանձնապես լավ չի պատկերացնում՝ դա ինչ է նշանակում:

«Այսինքն՝ կա խնդիր… Կա պետություն, որն իր գործակալների միջոցով փակել է ճանապարհը: Կա մեկ այլ պետություն, որն այստեղ ունի որոշակի խաղաղապահ գործառույթներ և ինչ-ինչ պատճառներով չի կարողանում այդ գործառույթներն արդյունավետ իրականացնել. չունի ցանկություն, ռեսուրս, թե կան այլ պատճառներ, արդեն երկրորդական է: Բայց կա նաև պետություն, որը շահագրգիռ պետություն է: Դա Հայաստանի Հանրապետությունն է: Հիմա ՀՀ-ն ասում է, որ մեղավորն Ադրբեջանն է: Լավ, դրանից ինչ-որ բան փոխվո՞ւմ է… ի՞նչ են անում: Հասկացանք, մեղավորն Ադրբեջանն է… Ե՞վ… Ո՞րն է դրանից հետո ՀՀ պաշտոնատար անձանց գործողությունների շրջանակը: Մեղավորը, այո, Ադրբեջանն է, ենթադրենք՝ մեղավոր է նաև ՌԴ-ն, ով, օրինակ, ամբողջ ծավալով չի կատարում իր մանդատից բխող պարտականությունները… Եվ ի՞նչ… Միայն մեղավորների իդենտիֆիկացիայով խնդիրների լուծում չի իրականացվում»,- ասաց Լևոն Գևորգյանը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ ցանկություն չունի որևիցե խաղաղության հաստատման, և ՀՀ բոլոր փորձերը՝ գնալ զիջումների հռետորաբանության ճանապարհով, չեն հանգեցնելու իրադրության որևիցե փոփոխության:

«Եթե մեզ սկզբից հայկական իշխանությունները փորձում էին հրամցնել այն թեզը, որ մեր կողմից հռետորաբանության զսպումը հանգեցրել է սահմանային լարվածությունների նվազեցման, հիմա մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ որևէ խնդիր այդ հռետորաբանության մեղմացումը չի լուծել»,- նշեց Լևոն Գևորգյանը:

Վերջինս նկատեց՝ միգուցե ռազմական էսկալացիաներ, որպես այդպիսին, տեղի չեն ունենում, բայց հիմա թիրախը ոչ թե զինված անձնակազմն է, այլ քաղաքացիական բնակչությունը՝ երեխաներ, կանայք, տարեցներ:

«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը նպատակ ունի ռազմական ճանապարհով վերջնական լուծում տալ Արցախյան հարցին ինչ-որ ժամանակ հետո: Ակնհայտ է, որ բոլոր հնարավոր միջոցներով դիրքավորվում է, որպեսզի շատ արագ, բլից-կրիգ եղանակով կարողանա այդ լուծմանը հասնել, և ակնհայտ է, որ հայկական կողմը փոխանակ օգտագործեր ժամանակը՝ խոսելու միջազգային հանրության հետ սանկցիաների պահանջների լեզվով, զբաղված է ինձ համար անհասկանալի քաղաքականությամբ: Թե կոնկրետ որն է նրանց դոկտրինը, տեսլականը, սկզբունքների ամբողջությունը, որոնցով նրանք պատկերացնում են խնդրի լուծումը կամ հարաբերությունների կառուցումն ադրբեջանական կողմի հետ, ինձ համար անհասկանալի է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:

Լևոն Գևորգյանի կարծիքով՝ բացի իրավական գործընթացներից, որոնք պետք է նախաձեռնված լինեին, Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով ապացուցողական բազայի հիման վրա փորձի միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական կողմի իրական դեմքը և խոսի սանկցիաների պահանջի լեզվով:

Տեսանյութեր

Լրահոս