Բաքուն Երևանից 8 գյուղ է պահանջում և 8 պայման թելադրում. ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման։ Այս պայմանների մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց բանավեճի ժամանակ։
Նա հայտարարել է. «Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջությամբ դուրս բերի իր զինված ուժերն ու անօրինական զինված կազմավորումներն Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի «դեռ օկուպացված ութ սահմանամերձ գյուղերը, դադարեցնի և ձեռնպահ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից, վերջ դնի ականային ահաբեկչությանը, լույս սփռի հակամարտության ընթացքում անհետ կորած մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, փոխհատուցի Ադրբեջանին հասցված վնասը և բարեխղճորեն բանակցի խաղաղության պայմանագրի կնքման և երկու երկրների միջև սահմանի սահմանազատման շուրջ»։
Յաշար Ալիևը հավելել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի մուտքի մոտ անցակետի ստեղծումն իր ինքնիշխան տարածքում հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների վրա: Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը հաստատակամ է ապահովելու հակամարտությունից տուժած տարածքների վերաինտեգրումը, փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց տներ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը: