Ադրբեջանում բնապահպաններն այնքան հալածված են, որ դժվար թե հասնեին Բերձոր ու ճանապարհ փակեին. Ինգա Զառաֆյան

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները բնապահպանների անվան տակ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Բազմաթիվ հրապարակումներ ու փաստեր կան, որ այդ մարդիկ Ադրբեջանի ու Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են, որոնք փաստացի 120.000 արցախահայերի կտրել են արտաքին աշխարհի հետ որևէ հաղորդակցությունից։

168.amի հետ զրույցում «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանն ասաց, որ Բերձորի ճանապարհը փակողները, բնականաբար, բնապահպաններ չեն։ Ավելին, նրա խոսքով՝ բնապահպաններն Ադրբեջանում այնքան հալածված են, որ դժվար թե հասնեին Բերձոր ու ճանապարհ փակեին։

«Մեր կազմակերպությունը 2013 թվականից մասնակցում էր Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հարթակին, որին մասնակցում են ավելի քան 200 կազմակերպություն։ Տարին մեկ անցկացվում է տարեկան ժողով, որին մասնակցում են եվրոպական գործընկերներ, նաև նախկին Խորհրդային Միության տարածքից 6 երկրներ, երեքը՝ Հարավային Կովկասից՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, այնուհետև՝ Բելառուս, Մոլդավիա և Ուկրաինա։ Մենք գիտենք, որ Ադրբեջանում հասարակական ակտիվիստները, երբ տարբեր կարծիք են արտահայտում, իշխանությունների կողմից ենթարկվում են մեծ ճնշումների։ Այսինքն՝ եթե Ադրբեջանում ակտիվիստ են, արդեն նրանք վտանգի առջև են կանգնել։ Եղել են տարբեր միջոցառումներ, որոնց ադրբեջանական պատվիրակություններն իրենց բոլոր հայտարարություններին տալիս էին քաղաքական աստառ, սակայն նրանց չէր հաջողվում հասնել իրենց նպատակներին»,- նշեց Ինգա Զառաֆյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ է, ինչը լայն ու լուրջ միջազգային նախաձեռնություն է, որտեղ Հայաստանն այդ տեսանկյունից բավականին լավ համբավ ունի։ Իսկ Ադրբեջանի մասնակցությունն այդ նախաձեռնությանը 2017 թվականին կասեցվել է հենց բնապահպանների ճնշման արդյունքում, քանի որ այն ակտիվիստները, որոնք ցանկացել են իրենց երկրի ներսում այդ գործունեությունը թափանցիկ դարձնել, ենթարկվել են ճնշումների։

Կարդացեք նաև

«Այդ ակտիվիստները ստիպված լքել են Ադրբեջանը։ Սա արդեն լուրջ ապացույց է, որ Ադրբեջանում լինել ակտիվիստ՝ շատ դժվար է, և ով փորձում է ակտիվ լինել և Ադրբեջանին մոտեցնել թափանցիկություն ու հաշվետվողականություն միջազգային տարբեր գործընթացներին՝ դառնում են Ադրբեջանի համար ոչ ցանկալի անձ»,- շեշտեց նա։

Ինգա Զառաֆյանը նաև ընդգծեց, որ Ադրբեջանում ակտիվիստներին ճնշելուց բացի, արդեն խոսում են ֆիզիկական վտանգների մասին։

«2014 թվականին Թբիլիսիում տեղի ունեցավ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի տարեկան մեծ ժողովը, այդ ժողովի ժամանակ քաղհասարակությունը հնարավորություն ուներ առանձին քննարկումներ անել բանկի տնօրինության հետ։ Այդ ժամանակ մենք բոլորս հագել էինք շապիկներ, որոնց վրա գրված էին այն ակտիվիստների անունները, ովքեր դարձել էին քաղբանտարկյալներ։ Այս ամենը եղել է երևույթի վերաբերյալ միջազգային արձագանքը»,- եզրափակեց Ինգա Զառաֆյանը։

Տեսանյութեր

Լրահոս