«Սկսված է իսկական ցեղասպանություն. ցավոք, չեմ տեսնում ուղղորդված միջոցառումների շարք, որոնք կնպաստեին խնդրի լուծմանը». Ռադիկ Մարտիրոսյան

Արդեն 17-րդ օրն է՝ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակված է։ Միջազգային կառույցների գրեթե բոլոր հայտարարություններն Ադրբեջանի կողմից անտեսվում են, այն է՝ բացել Բերձորի ճանապարհը և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանիկարծիքով՝ ստեղծված իրավիճակում պետք է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարել, որպեսզի այս վիճակը շարունակություն չունենա։

«Սկսված է իսկական ցեղասպանություն, որին աջակցում են մի շարք երկրներ, իսկ այն երկրները, որոնք մեզ պետք է աջակցեին՝ հարցն արագ կարգավորելու համար, ցավոք, չեն անում, և լուծում չկա»,- 168.amի հետ զրույցում ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։

Ըստ ակադեմիկոսի, աշխարհում բոլոր մտավորականները պետք է այս ամենին դեմ արտահայտվեն՝ կանխեն այն ցեղասպանությունը, որը կախված է արցախահայության գլխին։

Կարդացեք նաև

«ԳԱԱ-ն նման կոչով դիմել է աշխարհին, նույնը պետք է շարունակեն բոլորը»,- հավելեց Ռ. Մարտիրոսյանը։

Հիշեցնելով 1990-ականներին հայության պայքարի մասին, Ռադիկ Մարտիրոսյանը նկատեց՝ այն ժամանակ էլ դժվարությունների մի մասը նման էին այսօրվա դժվարություններին։

«Այն ժամանակ և՛ ժողովրդի, և՛ մտավորականության ներկայացուցիչները շատ նպատակասլաց էին։ Ցավոք, այսօր ես չեմ տեսնում ուղղորդված, մտածված միջոցառումների շարք, որոնք կնպաստեին խնդրի լուծմանը, որպեսզի արցախահայությունը չհայտնվի նման շրջափակման մեջ»,- եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է։

Տեսանյութեր

Լրահոս