«Այն, ինչ կատարվում է Բերձորի միջանցքում, եթե հակահարված չլինի, սցենարը տեղափոխվելու է Սյունիք ու Գեղարքունիք». Կովկասագետ

Արցախի միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, բնապահպանական պատրվակներով փակած Ադրբեջանն արդեն 8 օր է չի բացում։ Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, կովկասագետ Հովիկ Ավանեսովի խոսքով՝ Ադրբեջանին պատրվակներ են պետք, որպեսզի իրավիճակը սրի ու Արցախը պահի շրջափակման մեջ։

«Հստակորեն մենք պետք է արձանագրենք, որ գործ ունենք ոչ թե բնապահպանների հետ, այլ Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, առկա բոլոր լուսանկարները և տեսանյութերը դրա մասին են փաստում։ Այդ հատուկ ծառայություններից բացի, ներգրավված է նաև «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումը։

Այս ամենի վերաբերյալ միջազգային արձագանքն ու հնչեցրած հայտարարությունները զուտ արարողակարգային բնույթ են կրում՝ ուղղակի դատապարտելով ու կոչ անելով Ադրբեջանին բացելու Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Նման արարողակարգային հայտարարությունները որևէ էական ազդեցություն չեն ունենում ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ, առավել ևս, Թուրքիայի վրա։

Հստակորեն պետք է ասենք, որ Ադրբեջանը միայն մեկ լեզու է հասկանում՝ ուժի լեզուն։ Միայն Ադրբեջանի նկատմամբ հստակ պատժամիջոցներ կիրառելով, այդ թվում՝ ուժային միջոցով, հնարավոր կլինի խնդիրը լուծել»,- նշեց Հովիկ Ավանեսովը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում ռուս խաղաղապահների դերակատարությանը, Հովիկ Ավանեսովը նկատեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչ այժմ միջազգայնորեն հաստատված չէ նրանց մանդատը, նրանք միայն կարողանում են անել այն, որ թույլ չեն տալիս ադրբեջանցիներին իրենց փակած ճանապարհի հատվածից առաջ գնալ։

«Այս փուլում Ադրբեջանի գործողություններն ուղղված են և՛ Արցախի, և՛ ռուս խաղաղապահների դեմ։ Ադրբեջանի պետական պաշտոնյաները տարբեր հարթակներում հայտարարում են, թե իբր Բերձորի միջանցքը փակել է ոչ թե Ադրբեջանը, այլ ռուս խաղաղապահները։ Նրանք մշտապես հայտարարում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից սահմանված ժամկետից շուտ։ Բոլոր այս գործողությունները, որոնց մենք ականատես ենք լինում՝ ոչ միայն ճանապարհի փակումը, այլև այս տարվա մարտին տեղի ունեցած իրադարձությունները, գազատարի պայթեցումը, Փառուխի, Խրամորթի դեպքերը, Խնապատի դպրոցի թիրախավորումը, այս ամենը ուղղված է՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ ռուս խաղաղապահների դեմ։ Սա՝ կարճաժամկետ կտրվածքով, եթե խնդրին նայում ենք երկարաժամկետ կտրվածքով, ապա այս ամենը սպառնալիք է Հայաստանի համար։ Այն, ինչ կատարվում է Բերձորի միջանցքում, եթե հակահարված չլինի, սցենարը տեղեփոխվելու է Սյունիք ու Գեղարքունիք։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը քարոզչական նախապատրաստական աշխատանքները վաղուց է սկսել, հայտարարելով, թե իբր Գեղարքունիքում հանքավայրերի օգտագործումը առաջացնում է բնապահպանական խնդիրներ։ Պետք է նաև արձանագրենք մեկ կարևոր հանգամանք, որ այս ֆոնին բավականին մեծ է ռազմական էսկալացիայի սկսումը՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի սահմանին»,- շեշտեց կովկասագետը։

Շարունակելով միտքը, Հովիկ Ավանեսովն ասաց, որ Ադրբեջանը նման ճանապարհով ևս մեկ նպատակ է հետապնդում՝  ադրբեջանական օրակարգով ու պահանջներով պարտադրել ստորագրել «խաղաղության պայմանագիրը», որը, կովկասագետի կարծիքով՝ ոչ թե խաղաղություն է ենթադրում, այլ Հայաստանի շրջափակում։ Նման քայլերով Ադրբեջանը նաև ուզում է հասնել «Զանգեզուրյան միջանցքի» հաստատմանը, որի մասին Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, նաև առաջ քաշելով «Զանգեզուրի ինքնավար հանրապետություն» թեզը։

«Մենք պետք է բարձրաձայնենք ու խոսենք 1990-ականներից մինչև այժմ Ադրբեջանի կողմից իրականացվող ադրբեջանական հանցագործությունների մասին, դրանք հազարներն են։ 90-ականներին նրանք վառում էին մեր անտառները, օգտագործելով նաև արգելված զինատեսակներ, բազմաթիվ դեպքերում թունավորել են նաև ջուրը, 2020 թվականին էլ սպիտակ ֆոսֆոր օգտագործեցին, որն արգելված է միջազգային կոնվենցիաներով։ 2022 թվականին Ադրբեջանը, երբ հարձակվեց Հայաստանի վրա, թիրախավորել էին նաև Կեչուտի ջրամբարը»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Տեսանյութեր

Լրահոս