«Հայաստանյան մեր հայրենակիցները պետք է ակտիվ լինեն՝ հստակ հասկանան, որ այս պահին 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխա մնացել են գերության մեջ». Արցախի ԱԺ պատգամավոր
Այսօր ժամը 17։30-ին «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիրի մոտ արցախցի երիտասարդներն իրականացնելու են ակցիա, որը հետո դառնալու է «Կյանքի ճանապարհ» սոցիալական հոլովակ և տարածվելու է ամբողջ համացանցում ու լրատվամիջոցներում՝ աշխարհի ուշադրությունն Արցախի վրա սևեռելու նպատակով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը խոսելով սպասվելիք ակցիայի և Արցախում տիրող իրավիճակի մասին, նշեց՝ այն ամենը, ինչ անում են ադրբեջանցիները Բերձորի ճանապարհին, կեղծ էկոլոգիական ակցիա է, վստահ է, որ սա բոլորն էլ հասկանում են։
«Բոլորս էլ հասկանում ենք, որ սա Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված բլոկադա է։ Այս ամենը նախևառաջ նպատակ է հետապնդում հայաթափել Արցախը։ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով իրականացնում է հենց այդ՝ հայաթափման քաղաքականությունը։ Ադրբեջանը հույս ունի, որ ճանապարհը բացելուց հետո Արցախի բնակչությունն այս անկումային տրամադրությունների տակ լքելու է Արցախը։ Ադրբեջանը նման սպառնալիքի ու շանտաժի միջոցներով փորձելու են սադրել մեր բնակչությանը, իհարկե, այս առումով մենք շատ անելիքներ ունենք, որպեսզի մեր հասարակությունը հստակ գիտակցի, որ մեր առջև առաքելություն կա դրված՝ ապրել Արցախում և Արցախը պահել հայկական»,- նշեց պատգամավորը։
Ըստ նրա, այսօր արցախցու համար իր հայրենիքում ապրելու համար բավականին դժվարին պայմաններ են ստեղծվել, ինչը պետք է յուրաքանչյուր արցախցի գիտակցի՝ հասկանալով, որ թշնամին արհեստականորեն անընդհատ սադրանքներ գեներացնելու է։ Իսկ արցախցին պետք է դիմագրավի այդ մարտահրավերին։
Ինչ վերաբերում է այսօրվա ակցիային՝ Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ տարբեր համալսարաններից, հասարակական կազմակերպություններից ակցիային մասնակցելու են 5-6 հարյուր երիտասարդներ։
«Ակցիայից հետո պատրաստվելու է տեսահոլովակ, և հույս ունենք, որ Հայաստանի մեր ընկերները, լրատվամիջոցները կօգնեն, որպեսզի այն հնարավորինս շատ տարածում ստանա։ Հոլովակը լինելու է անգլերենով, ավելի շատ ուղղված լինելով միջազգային հանրությանը, և ընդհանուր մեսիջը լինելու է այն, որ Արցախի կյանքի ճանապարհն այսօր փակ է, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի»,- շեշտեց արցախցի պատգամավորը։
Հարցին՝ բավարա՞ր են այն ակցիաները, որոնք այսօր տեղի են ունենում Երևանում, որպեսզի աշխարհը տեսնի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչությանը, Արամ Հարությունյանը նախ պատասխանեց, որ այս պահին Արցախի բոլոր ՄԻՊ-երը գտնվում են Երևանում, նրանց գործողությունները դրական է գնահատում։
«Պետք է ասեմ, որ անբավարար եմ գնահատում և՛ արցախահայության, և՛ Երևանում անցկացվող ակցիաները, քանի որ դրանք չենք կարող այդքան սակավամարդ լինել, որովհետև այդքան տեղահանված բնակիչներ ունենք Հայաստանում։ Կարծում եմ՝ հայաստանյան մեր հայրանակիցները պետք է շատ ակտիվ ներգրավված լինեն այդ գործընթացներում՝ հստակ հասկանան, որ այս պահին 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա մնացել են գերության մեջ՝ ամբողջությամբ կտրված աշխարհից։ Նստել ու սպասել, թե ինչպես կարձագանքեն կամ ինչ կանեն միջազգային դերակատարները՝ համահունչ չէ ստեղծված իրավիճակին»,- եզրափակեց Արամ Հարությունյանը։