Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է. Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների 4 պաշտպաններն այսօր բողոքի ակցիա իրականացրեցին ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 մշտական անդամներից ԱՄՆ-ի, Չինաստան-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատների առջև: Եղան նաև ԵՄ գրասենյակի մոտ: Նրանց հաջորդ կանգառը Մեծ Բրիտանիայի դեսպանատունն էր:
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն իր խոսքում նշեց. «Դեսպանատներից մեր վերջին կանգառն է՝ Միացյալ Թագավորության դեսպանատունը: Տեղեկացնեմ՝ 4-րդ օրն է, որ 120.000 մարդ շրջափակման մեջ է: Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունն է, որի նպատակն է՝ էթնիկ զտումը: Արցախը դարերով և հազարամյակներով հայկական տարածք է: Քանի որ Ադրբեջանը, այսպես կոչված, բնապահպանական նպատակներով է սկսել այս սադրանքները, հանցավոր գործողությունները, և քանի որ այդ ամենի մեջ խոսվում է Մեծ Բրիտանիայի որոշ կազմակերպությունների մասին, այսինքն, կան որոշակի տվյալներ, որ Միացյալ Թագավորությունում գրանցված, հանքարդյունաբերության ոլորտում աշխատող կազմակերպություններն են ձեռք բերել այդ հանքը, որքանով է դա հավաստի, դեռ կիմանանք, այնուամենայնիվ ուզում եմ ուշադրություն հրավիրել՝ Արցախի տարածքում գտնվող ընդերքը Արցախի ժողովրդի սեփականությունն է, ոչ Մեծ Բրիտանիան, ոչ աշխարհի որևէ երկիր չի կարող սեփականաշնորհել այն, ինչ պատկանում է բնիկ հայ ժողովրդին, սա՝ ձեզ ի գիտություն»: