«Կարևորը խուճապ չկա, ինչ խնդիրներ էլ առաջանում են, կարողանում ենք դեռ լուծել». Մեծ Շենի գյուղապետ

Դեկտեմբերի 12-ի առավոտյան 10.30-ից առ այս պահն ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, Արցախում 120 հազարից ավելի բնակչություն մնացել է շրջափակման մեջ։ Ճանապարհներին մնացել են հազարավոր մարդիկ, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց տուն։ Բերձորի միջանցքից մի խումբ քաղաքացիներ այս պահին հաստատվել են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Լիսագոր, Եղցահող գյուղերում։

168.am-ի հետ զրույցում Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ ճանապարհին մնացած բնակիչների մի մասին տեղավորել են Մեծ Շենում։

«Այդ պահին ամեն ինչ նորմալ է, մարդիկ, որոնք մնացել էին ճանապարհին, մի մասը հետ է գնում Հայաստան։ Կարևորը՝ խուճապ չկա, ինչ խնդիրներ էլ առաջանում են, դեռ կարողանում ենք  լուծել»,- նշեց Դավիթ Դավթյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա, Մեծ Շենում բնակիչները չեն ընկճվում։

«Մարդիկ գիտակցում են, թե ինչ է կատարվում, և իրենց հողի վրա նստած ապրում են ու ապրելու են։ Ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց հողում ապրեն։

Ես հեռախոսով չեմ կարող ասել, թե ինչպես այս հարցը կլուծվի, հեռախոսային խոսակցություն չէ, երբ առանց հեռախոսի խոսենք, ես կասեմ, թե ինչպես պետք է հարցը լուծվի»,- եզրափակեց Դավիթ Դավթյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Տեսանյութեր

Լրահոս