«Այդ լուծումներն Արցախում մի փնտրեք. Հայաստանում փնտրեք». Մեծ Շենի գյուղապետ
Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն: Նրանք միևնույն ժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանն ասաց, որ Ստեփանակերտի հետ կապն իսպառ բացակայում է, սակայն Հայաստանի հետ կարողանում են կապը պահել։
«Մեզ մոտ իրավիճակն այնպես է, ինչպես Բերձորի ճանապարհը փակելուց հետո, որևէ բան չի փոխվել, նույնն է։ Այն հատվածից, որտեղ դիրքավորվել է թշնամին, մեր գյուղը հեռու է։ Հայաստանի հետ մեր կապը կա, ուղղակի Արցախի հետ կապն իսպառ բացակայում է։
Եթե որևէ խնդիր է առաջանում՝ մեր ու Գորիսի իշխանության միջև պայմանավորվածություն կա, խնդիրները շտկվում են»,- նշեց Մեծ Շենի գյուղապետը։
Նրա փոխանցմամբ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարում են, թշնամին դեռ չի խանգարել։
«Դեռևս որևէ խոչընդոտ չկա, ամեն ինչ խաղաղ է, մարդիկ բնականոն կյանքով աշխատում, ապրում ու արարում են։ Գյուղատնտեսական աշխատանքներն անում ենք»,- հավելեց Դավիթ Դավթյանը։
Մեր հարցին՝ ի վերջո Արցախի հարցի ու առհասարակ իրավիճակի լուծումն ինչպես է պատկերացնում, Մեծ Շենի գյուղապետը պատասխանեց.
«Այդ լուծումները Արցախում մի փնտրեք՝ Հայաստանում փնտրեք, կարծում եմ՝ այդտեղ է»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։