Հայի հետին թուրքը
Ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը։ Ու չեն բացում։ Երևի չեն էլ բացելու։ Եթե անգամ հավաքվեն-գնան, միջանցքը չի բացվելու։ Արցախցիները գուցե էլի դրանով կապվեն Հայաստանի հետ, բայց Հայաստանի հետ Արցախի կապը մնալու է փակված։
Փակված է մնալու, որովհետև ադրբեջանցիները ճանապարհ չէ, որ փակել են, որքան էլ մենք փակված ճանապարհ ենք տեսնում։ Ադրբեջանցիները Լաչինում ցուցադրական մեյմունություն են կատարում, իսկ չերևացողները ագուցել են Հայաստանի ու Արցախի կապն այստեղ՝ Երևանում, հայկական բոլոր այն գյուղերում ու քաղաքներում, որոնցում ապրողներիս միտքն ու մտածումը փակվել է Արցախի առաջ։
Լաչինի փակված ճանապարհը Երևանում գտնվողների մտքերի, սրտի ու հոգու փակվածության ուղիղ արտացոլանքն է։ Արցախի գոյությունն ու արցախցիների ճակատագիրը ռուսներին, ադրբեջանցիներին, թուրքերին ու ֆրանսիացիներին, Հայաստանից բացի, բոլորին հանձնելու ուրացումը ու այդ ուրացումը հանդուրժելու արտացոլանքը։ Այստեղ։ Երևանում։ Լաչինի միջանցքը չի բացվելու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանի իշխանական միջանցքները խցանված են խաղաղասեր խավարասերներով, որոնք, ի տարբերություն իրական ուտիճների, ոչ թե պատերի անցքերում թաքնվում են լույսից, այլ ծակում են պատերը՝ լույսով կուրանալու ու մյուսներին կուրացնելու համար։
Նրանց սիրած խավարն այլոց ընտանիքներում է, որտեղ հաճույքով վայելում են դհոլ-զուռնայի կլկլոցը՝ իրենց զավակներին զոհածների մոլորյալ թողտվությամբ։ Հենց այս մահացու խավարասիրությունն է այսօր լուսավորել Երևանը, որի առաքելությունն է դարձել լռությունը՝ եվրատեսիլյան ու ամանորյա աղմուկ-աղաղակի մեջ։
Խավարամտության հանդեպ անմարդկային հանդուրժողականությունից ածանցված այդ լռությունն է Լաչինի միջանցքը փակողների հանդգնության սնուցողը․․․
Եղբայրասպանությունն աշխարհակարգի կերտման գործիք դարձրած ժամանակներում եղբորն ուրանալն անշառ թուլություն է դարձել։
Մենք ազգովի ուրանում ենք արցախցիներին՝ անգամ, եթե մղկտում ենք նրանց համար։ Մենք ուրանում ենք այնքան ժամանակ, քանի դեռ հանդուրժում ենք Արցախը հանձնողներին ու արցախցիների անվտանգության եղբայրական պարտքը համաշխարհային գրպանները գցողներին։
Մենք ուրանում ենք արցախցիներին՝ անվրդով հետևելով անվտանգության խլուրդի վերածված Անվտանգության խորհրդի անիմաստ նիստերին Երևանում ու չհետևելով անվտանգության գլխավոր խլուրդներից մեկի եվրոպական վոյաժներին, որտեղ նա հանդիպում է թուրքական ազդեցության ճարտարապետներից մեկի հետ՝ այն նույն օրը, երբ ադրբեջանցիները փակում են իր նումինալ հայրենիքի միակ ճանապարհը։
Ահա այդ ճանապարհը իրականության մեջ ու ամենախորքում փակվել է Երևանում, ու եթե անգամ բացվի, փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Երևանը տոնական հնչյունների ներքո չլսելու է տալիս բդեշխի վերածվածի բարբաջանքը թուրք կոչվելուց շոյվելու մասին։
Երևանը այլևս ոչ թե ջազ է լսում, այլ թուրքական մուղամ՝ դրա ոչ միայն անվանական, այլ նաև քաղաքական իմաստով։ Ու մուղամի այդ հանդուրժումով լուռ երկրորդում է՝ «մենք բոլորս թուրք ենք»։
Հայի հետին թուրքը, ըստ ամենայնի։
Հարություն Ավետիսյան