Ապագայի անտեսման ու գաղութացման մասին
Վերջին 30 տարիներին մեր թույլ տված ամենակոպիտ սխալը կատարյալ անտարբերությունն է ապագայի նկատմամբ։ Մենք միշտ զոհաբերել ենք ապագան հանուն ներկայի, հանուն այսրոպեական խնդիրների լուծման։ Հանրապետության հրապարակի շենքերի վնասումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ բացարձակապես չի մտահոգում ապագան։ Կարևորը՝ հենց հիմա և հենց հրապարակում «հեքիաթ» ապահովենք, մարդկանց «աչքի շոկոլադներ» տանք։ Իսկ թե 100 տարի հետո ինչ կլինի այդ շենքերի հետ, դա մեզ հետաքրքիր չէ, քանի որ այդ ժամանակ մեզանից ոչ ոք այլևս չի լինի։ Ահա այս մտածողությունն է մեզ խանգարում պետականություն ստեղծելու հարցում։ Բոլոր կարևոր հարցերի լուծումը թողնում ենք ապագա սերունդների վրա։ Չարաշահում ենք այն հանգամանքը, որ ապագա սերունդը դեռևս չի ծնվել, և ոչ ոք չի պաշտպանում ապագայի շահերը։ Ի դեպ, ապագան պաշտպանելու նպատակով Ուելսում ստեղծել են ապագայի օմբուդսմենի պաշտոն։ Ապագայի օմբուդսմենի խնդիրն է՝ օրենքներում, փաստաթղթերում բացառել ապագան վտանգող քայլերը։
Մարդկությունը շատ բան ունի սովորելու ԱՄՆ-ի տարածքում ժամանակին ձևավորված Իրոքուա կոնֆեդերացիայից։ 6 ցեղերից բաղկացած այս պետությունը ունեցել է 7 սերունդների օրենք։ Ցանկացած օրենք ընդունելիս, այս մարդիկ հաշվի են առել, թե ինչպիսի ազդեցություն այն կունենա 7 սերունդ անց։ Երբ մենք ծակում ենք հրապարակի շենքերի պատերը, հաշվարկո՞ւմ ենք այդ քայլի ազդեցությունը մի քանի սերունդ անց։ Իհարկե՝ ոչ։ Մենք մի սերունդ ենք, որին մտահոգում է միայն հիման։ Ապագան մեր մտածողության տիրույթում ներկա չէ։ Մենք չենք հասկանում, որ ապագան մեր այսօրվա արարքներից է կախված լինելու։
Այն երկիրը, որում չկա հոգատարություն ապագայի հանդեպ, չի կարող ունենալ լավ կրթական համակարգ։ Կրթությունը, նախևառաջ, հոգատարություն է ապագայի հանդեպ։ Բայց մեզ մոտ կարևորը ներկան է, այս պահին մեր ուզածը, զգացածը։ Թե այդ ամենն ինչպես կազդի ապագա սերունդների վրա, մեզ բացարձակապես չի հետաքրքրում։ Այսօր ավագ դպրոցում և համալսարանում սովորող բազմաթիվ երիտասարդներ դասերի ժամին աշխատում են։ Սա նշանակում է ապագայի զոհաբերություն հանուն ապագայի։ Մենք շարունակելու ենք ունենալ բարձրակարգ մասնագետների պակաս, քանի որ բազմաթիվ շնորհալի աշակերտներ, ուսանողներ իրենց տաղանդը վատնում են՝ սուպերմարկետներում, բենզալցակայաններում աշխատելով։ Իհարկե, փոքր տարիքից աշխատելը վատ չէ։ Բայց դա չպետք է տեղի ունենա սովորելու հաշվին։
Այսօր ունենք դեպքեր, երբ երեխան իր գյուղի մեծ դպրոցը թողած, հաճախում է կողքի գյուղի շատ փոքր դպրոցը, մենակ նստում դասարանում, որպեսզի հարևան գյուղի փոքր դպրոցը չփակվի, և իր մայրն աշխատանք ունենա։ Երեխան իր ապագան հարվածի տակ է դնում, որպեսզի մայրն այսօր աշխատանք ունենա։
Երբ մենք դպրոցական դասագրքերի մրցույթ ենք հայտարարում և սահմանում 4 ամիս ժամկետ, նշանակում է՝ մեզ չի մտահոգում դասագրքերի որակը և դրանց ազդեցությունն ապագա սերունդների վրա։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերջին տարիներին սկսել է կարևորել ապագայի խնդիրը և ներմուծել է ապագայի գրագիտություն հասկացությունը։ Ըստ մասնագետների, ապագայի մասին կարելի է սովորեցնել և մարդկանց դարձնել ապագայագրագետ։ Այսօր մարդիկ ապագային վերաբերվում են շատ պասիվ, սպասողական ձևով։ Մեր մշակույթում ապագան մի բան է, որը գալիս է։ «Քնենք, զարթնենք, տեսնենք՝ վաղը ինչ է գալիս գլխներիս», այսպես ենք մենք մտածում ապագայի մասին։ Մինչդեռ ապագան մի բան է, որին դու գնում ես։ Եվ շատ կարևոր է, թե ինչ գիտակցությամբ, պատրաստվածությամբ, ռեսուրսով ես դու գնում դեպի ապագա։
ԱՄՆ-ում ուսանողների մեծ մասը սկսել է գնել օգտագործված հագուստ։ Ուսանողներն իրենց այդ քայլը պատճառաբանում են ապագայի հանդեպ մտահոգությամբ։ Հասկանալով գլոբալ տաքացման իրական վտանգները, նրանք իրենց զրկում են ներկայի որոշակի հաճույքներից։ Այսպիսի գիտակցություն է մեզ պետք այսօր։ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն մեկ սերունդ, որն իրեն կզրկի ներկայի անցողիկ հաճույքներից, որպեսզի կարողանա երկիրը ոտքի կանգնեցնել։ Եթե մենք դա չանենք, ապա յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի բարդ խնդիրների է բախվելու։ Անցյալն ու ներկան շատ կարևոր են։ Բայց եթե միայն այդ երկուսի վրա կենտրոնանաս, երբեք չես ունենա լավ ապագա։ Ցանկացած ապագա որոշ ժամանակ անց կդառնա տխուր անցյալ։
Մեր օրերի հայտնի փիլիսոփաներից մեկը՝ շոտլանդացի Ուիլյամ Մակասկիլը, նշում է, որ մարդկությունը դեռ գտնվում է իր պատանեկության շրջանում, և շատ ավելի սերունդներ դեռ պիտի ծնվեն, քան մինչև այժմ ծնվել են։ Հետևաբար, մենք պարտավոր ենք մտածել ոչ թե որպես ծերացած տեսակ, որն այլևս վերանալու շեմին է, այլ որպես նոր ձևավորվող տեսակ։ Կարճաժամկետ մտածողությունը մեր թշնամին է։ Մենք ապրում ենք երկար, սակայն մտածում ենք կարճ։ Մինչդեռ պատմությունը մեզ բազմաթիվ օրինակներ է տալիս այն մասին, թե ինչպես մարդիկ տաճարներ են կառուցել՝ շատ լավ իմանալով, որ իրենք չեն ապրելու մինչև շինարարության ավարտը։ Բայց նախաձեռնել են դա՝ մտածելով ապագա սերունդների մասին։
Իհարկե, կյանքը վայելելը կարևոր է։ Բայց պիտի հասկանանք, որ ունենք պատասխանատվություն մեր տեսակի արժանապատիվ շարունակականությունը ապահովելու հարցում։ Չի կարելի ապրել ապագայի ռեսուրսները խլելու և այն գաղութացնելու հաշվին։
Ռաբինդրանաթ Թագորը շատ դիպուկ է ձևակերպել այս ամենը. «Այն մարդը, որը ծառ է տնկում՝ շատ լավ իմանալով, որ չի հասցնելու զովանալ այդ ծառի շուքին, հասկացել է կյանքի իմաստը»։