«2021թ. Հայաստանում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս, ծայրահեղ աղքատության դեպքում աճ կա». Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Վիճակագրության կոմիտեի հրապարակած՝ 2021 թվականի աղքատության ցուցանիշին․
«Պետք է արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կազմել է 26.5 տոկոս, ընդ որում, եթե այդ ցուցանիշը համեմատում ենք 2020 թվականի ցուցանիշի հետ, 2021 թվականին ունենք աղքատության որոշակի նվազում, 2019-ի նկատմամբ 0.1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում»։
Փաշինյանը հիշեցրեց, որ 2019 թվականից սկսած աղքատության ցուցանիշը նոր մեթոդաբանությամբ է հաշվառվում, և, որ չեն կարող 2019 թվականից առաջվա տվյալները համեմատել 2019 թվականից հետո առկա տվյալների հետ, քանի որ հաշվարկներն իրականացվել են տարբեր մեթոդաբանություններով։
Փաշինյանն անդրադարձավ նաև ծայրահեղ աղքատության ցուցանիշին․
«Ծայրահեղ աղքատության դեպքում 2019 թվականի նկատմամբ ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ՝ 0.8 տոկոսով աճ է ապրել։
Մի քանի օր առաջ Վիճակագրության կոմիտեի նախագահի հետ քննարկել եմ այս հարցը, ցավոք, աղքատության ցուցանիշների վերաբերյալ մենք ավելի օպերատիվ տվյալներ չունենք, չենք ունենում, և Վիճակագրության կոմիտեի նախագահն ինձ հավաստիացրել է, որ դա միջազգային ստանդարտ է, ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում։
Ես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին համապատասխան հանձնարարական եմ տվել, որ մեր աղքատության կառուցվածքը պիտի խորը վերլուծենք և աղքատության հաղթահարման ռազմավարություն մշակենք՝ մեր գաղափարաբանության շրջանակներում, իսկ գաղափարաբանությունը հետևյալն է, և դա իմ համոզմունքն է, որ ազքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ չկա․․․»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում