Առանց քաղաքականության պետությունից դեպի անպետություն քաղաքականություն

Օրերս հրապարակված սոցիոլոգիական հարցումներից մեկի տվյալներով, հարցվածների 47.4 տոկոսը պատասխանել է, որ չէր քվեարկի քաղաքական որևէ ուժի օգտին, եթե առաջիկա կիրակի օրը կայանային խորհրդարանական ընտրություններ։ Նույն հարցման արդյունքներով, քիչ թե շատ նշանակալի տոկոսներ ստացած վեց քաղաքական ուժերի հանրագումարը փոքր է 30 տոկոսից։ Սա այն է, ինչ պետք է իմանալ Հայաստանի  քաղաքական դաշտի, ավելի ճիշտ՝ դրա չգոյության մասին։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում քաղաքացիների շուրջ 50 տոկոսը չի վստահում քաղաքական ուժերից որևէ մեկին, իսկ վստահություն ունեցողների հավաքական արդյունքը չի գերազանցում 30 տոկոսը։

Դա նշանակում է, որ քաղաքացիների 50-70 տոկոսը քաղաքականությանը վերաբերվում է տոտալ անտարբերությամբ և քաղաքականությունը չի համարում խնդիրների լուծման մեխանիզմ մի երկրում, որի առջև ծառացած մարտահրավերներն ունեն գոյաբանական, կենսական նշանակություն։

Քաղաքացիներին այս հարցում անտարբերության մեջ մեղադրելը, իհարկե, ամենահեշտն է, ինչով և զբաղվում է քաղաքական ուժերի մեծ մասը։ Բայց իրականության մեջ խնդիրը ոչ թե քաղաքացիների վերաբերմունքի, այլ քաղաքական կուսակցությունների անգործության, դեգրադացիայի հարթությունում է։ Ընդ որում, դա ավելի կամ պակաս համամասնություններով վերաբերում է՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական միավորներին։

Խնդիրը համակարգային է և չի սկսվում ու չի ավարտվում առանձին վերցրած կուսակցությամբ կամ  մի քանի քաղաքական ուժերով։ Խնդիրը քաղաքականության ինստիտուտի ձախողումն է՝ որպես պետության կառավարման, պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման մեխանիզմ։ Իսկ դրանում կրկին մեծագույն մեղք ունեն՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնց իրականացրած քաղաքականությունը հակաքաղաքականություն է՝ բովանդակորեն և գործառութային իմաստով։ Դա, ընդհանուր առմամբ, հանգեցրել է քաղաքացիների շրջանում քաղաքականության նկատմամբ, լավագույն դեպքում, անտարբերության, իսկ իրականում՝ ատելության, ինչն ուղղակի կործանարար կարող է լինել ցանկացած պետության համար։

Կարդացեք նաև

Հայկական իրականության գլխավոր անոմալիաներից մեկն այն է, որ գործնականում Հայաստանը պետություն է՝ առանց քաղաքականության, որովհետև շատ հաճախ հասարակության տեսածն ու լսածը ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքականության իմիտացիա, ընդ որում, անհաջող իմիտացիա։

Իսկ պետությունն առանց քաղաքականության մոտավորապես նույնն է, ինչ կենդանի օրգանիզմը՝ առանց արյան, կամ թատրոնը՝ առանց դրամատուրգիայի։ Այսինքն՝ այն ի բնե դատապարտված է, քանի որ առանց քաղաքականության երկիրը չի կարող նորմալ կենսագործունեություն ծավալել և առավել ևս՝ զարգացման հնարավորություն ունենալ։ Եվ օրինաչափ է, որ «պետություն՝ առանց քաղաքականության» ռեժիմից Հայաստանն ամեն օր սահուն քայլերով մոտենում է «քաղաքականություն՝ առանց պետության» իրականությանը, որում քաղաքականությամբ զբաղվելը նմանվում է առանց դրամատուրգիայի խաղացվող տափակ ներկայացման, կամ արյունատար անոթների անկենդան գոյության, առանց արյան շրջանառության։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս