Հայաստանի Հանրապետության կառավարման մոդելը կշարունակի մնալ խորհրդարանական

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած նիստում, որը նախագահում էր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, քննարկվում էր կառավարման ձևի մոդելի հարցը՝ խորհրդարանակա՞ն, նախագահակա՞ն, թե՞ կիսանախագահական:

Հիշեցնենք՝ նախորդ նիստին քննարկվում էր նախագահի ինստիտուտի հարցը:

Սահմանադրության լեգիտիմության լուծման հարցը նույնպես ուշադրության կենտրոնում էր:

«Մենք չենք կարող պարտադրել մի փաստաթուղթ, որը ժողովուրդը չի ընդունում»,- ասաց Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը:

Կարդացեք նաև

Ազգային ժողովի (ԱԺ) պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ՝ կառավարման մոդելի ընտրության հարցի քննարկումը Խորհրդում վերածվել է քննարկման քննարկման համար:

Ըստ նրա՝ չկա նույնական կառավարման մոդել ունեցող երկու պետություն, որ նման են իրար:

«Եթե շատ եք ուզում իմանալ, մեր ժողովրդի մի մասը լավ էլ կողմ է միապետական համակարգին»,- ասաց նա:

Խորհրդի անդամ Տիգրան Եգորյանը ևս կարծում էր, որ ժողովուրդը պետք է որոշի՝ երկու առաջնային մանդատներով օժտված մարմինների միջև նախապատվությունն ում տա:

«Սա կարող է լինել կամ հանրաքվե, կամ ինչ-որ հարցում, և սրա հիման վրա արդեն կազմակերպել իրական քննարկումներ, մոդելավորումներ, խորքային վերլուծություններ»,- ասաց նա:

Խորհրդի անդամներից Վիգեն Քոչարյանն էլ նկատեց, որ առասպել է այն, որ մեր ժողովուրդը կողմ է նախագահական կառավարման մոդելին:

«Նախագահն ավելի խոցելի է, քան վարչապետը խորհրդարանական կառավարման համակարգում»,- նկատեց նա՝ հավելելով, որ նախագահական կառավարումն իդեալական պայմաններ է ստեղծում ավտորիտար ռեժիմի անցնելու համար:

Ըստ նրա՝ Խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն համամասնությունը տիպիկ չէ խորհրդարանական կառավարման համար, սակայն պետք է հաշվի առնել այն, որ մեր երկրում խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո 2 ընտրությունները կայացել են արտառոց պայմաններում. մեկը՝ հեղափոխությունից հետո, մյուսը՝ պատերազմից:

«Խորհրդարանական կառավարումն այլընտրանք չունի»,- ասաց նա:

Դանիել Իոաննիսյանն էլ հիշեցրեց, որ նախորդ ընտրությունների ժամանակ շատ պոպուլյար էին «մուրճ», «պողպատե մանդատ» արտահայտությունները:

«Սա բերեց, հասցրեց նրան, որ 20 տարի դատական համակարգը խայտառակող Մնացական Մարտիրոսյանը դարձավ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, ինչը բերելու է դատական համակարգի նկատմամբ անվստահության խորացման»,- նշեց նա:

Նախորդ պրեզենտացիայի զեկուցող Դավիթ Հակոբյանին տրվեցին հարցեր նախագահի ինստիտուտի կենսունակության վերաբերյալ:

Էդմոն Մարուքյանի հարցը կրկին վերաբերում էր նախագահի լիազորություններին, իսկ Դանիել Իոաննիսյանը հարցրեց կայուն մեծամասնության դրույթի մասին:

«Այո, համաձայն եմ, որ սա խնդիր է, բայց այս խնդիրը քաղաքական լուծման տիրույթում է: Այո, գործող Սահմանադրությունը խորհրդարանական մեծամասնության համար դիկտատուրայի հնարավորություն է տալիս»,- ասաց Դավիթ Հակոբյանը՝ խոսելով պերմանենտ ընտրությունների շրջափուլի գնալու վտանգի մասին:

Ուշագրավ էր, որ երբ նիստը նախագահող Գրիգոր Մինասյանը Խորհրդի անդամ Տիգրան Եգորյանին խնդրեց հետևել ռեգլամենտին և ձևակերպել հարցը, վերջինս տարակուսեց՝ եթե չպետք է խոսեն, այս քննարկումն անիմաստ է, ինչին Գրիգոր Մինասյանն արձագանքեց, որ էլեկտրոնային փոստով ուղարկված էր բոլորին փաստաթուղթը, և դիտարկումները կարող էին գրավոր տարբերակով ուղարկվել, մինչդեռ Տիգրան Եգորյանը որևէ դիտարկում շրջանառվող փաթեթի վերաբերյալ չէր արել:

Վլադիմիր Վարդանյանը Դավիթ Հակոբյանին խնդրեց պատասխանել՝ կարո՞ղ է մի օրինակ բերել, որ նախագահ Արմեն Սարգսյանը լուծել է ճգնաժամը: Ըստ նրա՝ նույնիսկ խորացրել է:

«Գլխավոր շտաբի պետի հետ կապված խնդրի ժամանակ նախագահն ըստ էության երկիրը տարավ խորհրդարանական ընտրությունների: Սա իմ կարծիքն է»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Վերջինս նկատեց՝ պետք է այնպիսի իրավական ռեժիմ նախատեսել նախագահի համար, որ նախագահ դառնալու թեկնածուները չհրաժարվեն առաջարկից:

«Նախագահն այս կամ այն ուժի նախագահը չպիտի լինի, չպետք է խառնվի քաղաքականությանը և պետք է լինի քաղաքականապես ավելի թույլ, քան վարչապետը: Արմեն Սարգսյանը չէր իրացնում իր լիազորությունների մի մասը և պահանջում էր նոր լիազորություններ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Մտքերի փոխանակումից հետո եզրափակիչ խոսքով հանդես եկավ Դավիթ Հակոբյանը:

«Առաջարկվում է նախագահի լիազորությունները սահմանել ոչ միայն Սահմանադրությամբ, նաև օրենքներով: Նա պետք է լինի հանրային խիղճը: Նախագահը պետք է կարողանա մերժել թեկնածությունը՝ բարեվարքության եզրակացությունը հաշվի առնելով»,- ասաց Դավիթ Հակոբյանը:

Ի վերջո, հարցը դրվեց քվեարկության՝ ո՞վ է կողմ կառավարման ձևի ուղղության պահպանմանը, ո՞վ է դեմ: Գերակշիռ մասը կողմ էր կառավարման խորհրդարանական մոդելի պահպանմանը: Դեմ էր Մասիս Մելքոնյանը, ձեռնպահ՝ Տիգրան Եգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս