Լուծարե՞լ, թե՞ ոչ ՀՀ նախագահի ինստիտուտը, ի՞նչ լիազորություններով օժտել նրան. ի՞նչ են առաջարկում «բարեփոխիչները»

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում, որը նախագահում էր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, քննարկվում էր ՀՀ նախագահ դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն 4 կամ 6 տարի ՀՀ-ում բնակվելու պարտադիր պահանջի վերացման առաջարկը:

Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը դեմ էր հարցի քննարկմանն այն հիմնավորմամբ, թե խախտվում է հարցերի քննարկման հերթականությունը, մինչդեռ Գրիգոր Մինասյանը տպավորություն ուներ, որ Իոաննիսյանը դեմ է առհասարակ հարցի քննարկմանը:

«Մենք ունեինք ընդհանուր համաձայնություն, որ պետք է քննարկվի կառավարման մոդելը: Այն մինչև հիմա չի քննարկվել: Ես ինքս խորհրդարանական կառավարման մոդելի կողմնակից եմ, բայց ինձ անլուրջ մարդ չեմ համարում, որ քննարկեմ խորհրդարանական կառավարման մոդելի նրբությունները, քանի դեռ չենք որոշել, որ այդ մոդելն է լինելու»,- ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ի համահիմնադիրը:

Խորհրդի մեկ այլ անդամ՝ Արթուր Սաքունցը, առաջարկեց հարցերը քննարկել՝ առանց հենվելու այսօրվա Սահմանադրության վրա, այլ այն տեսլականն աչքի առաջ ունենալով, թե ինչպիսին պետք է լինեն իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքները:

Կարդացեք նաև

Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը, ով, ի դեպ, կառավարման նախագահական մոդելի կողմնակից է, համաձայնեց Դանիել Իոաննիսյանի հետ, ասաց, որ նախապատրաստում է կառավարման ձևին առնչվող գրավոր առաջարկներ, առաջարկեց քննարկել Նախագահի ինստիտուտին առնչվող հարցերը: Այնուամենայնիվ, նիստի օրակարգը դրվեց քննարկման և հաստատվեց. դեմ քվեարկեց միայն Դանիել Իոաննիսյանը:

Այնուհետ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը կառավարման ձևի մոդելին առնչվող պրեզենտացիա ներկայացրեց՝ նշելով, որ ինքը խորհրդարանական կառավարման կողմնակից է: Նա, մասնավորապես, անդրադարձել էր Նախագահի գործառույթներին:

Խորհրդի անդամը մասնավորապես առաջարկում էր Նախագահի լիազորությունները սահմանել ոչ միայն Սահմանադրությամբ, այլև օրենքներով, նրան հնարավորություն տալ նշանակել Սահմանադրական դատարանի (ՍԴ) անդամի, այլ ոչ թե առաջարկել թեկնածուի, նշանակել  Կենտրոնական բանկի (ԿԲ), Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և Հաշվեքննիչ պալատների նախագահների:

Արթուր Սաքունցը նշեց, որ Նախագահի լիազորությունների սահմանման դեպքում ճիշտ է կիրառել ոչ թե ազգային միասնություն, այլ «համերաշխություն» եզրույթը: Նրա կարծիքով՝ միասնությունը վտանգավոր, շատ ավելի տոտալիտար տերմին է: Արթուր Սաքունցն առաջարկեց նաև, որ Նախագահն ընտրվի ժողովրդի ուղիղ քվեարկությամբ, և դա խանգարող հանգամանք չէ խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում, նշեց նաև, որ ՀՀ նախագահը միմիայն ՀՀ քաղաքացիություն պետք է ունենա, այն էլ՝ առնվազն 10 տարվա: Նրա խոսքով՝ նախագահը չի կարող քաղաքական չեզոքություն դրսևորել, կուսակցական լինելու հարցը պետք է քննարկել:

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն էլ նշեց՝ չի ստացվելու լավացնել նախագահի ինստիտուտը, եթե պահպանելու ենք կառավարման խորհրդարանական մոդելը, իսկ եթե ոչ, ուրեմն պետք է ունենանք ժողովրդի կողմից ընտրված նախագահ:

«Ես կարծում եմ, որ պետք է գնալ ոչ տրադիցիոն ճանապարհով, վերացնել Նախագահի ինստիտուտը, ներկայացուցչական լիազորությունները տեղափոխել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահի վրա, ԱԺ նախագահի և ընդհանրապես ԱԺ-ի դերը բարձրացնել խորհրդարանական երկրում և շարժվել առաջ ամբողջական խորհրդարանական պետության տրամաբանությամբ»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Մասիս Մելքոնյանը համակարծիք էր այն առումով, որ կառավարման այս մոդելում այս ինստիտուտի իմաստը չի տեսնում:

Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ նախագահի կուսակցական լինելը չպետք է դիտարկվի որպես արտառոց մի բան, վերկուսակցականության գաղափարը չպետք է ֆետիշացնել ու հարվածել առհասարակ կուսակցությունների ինստիտուտին, որն առանց այն էլ, ըստ նրա, հեղինակազրկված է մեր իրականության մեջ:

«Կարելի է առաջարկել, որ նախագահը մինչև թեկնածու առաջադրվելը որոշակի ժամկետ պետք է չլինի կուսակցական, որ չկարողանա վերջին օրով հրաժարվել կուսակցական անդամատոմսից և նախագահ առաջադրվել: Նախագահի դեպքում չեմ տեսել, բայց այլ պաշտոնների դեպքում հաճախ տեսնում ենք՝ վերջին օրով կուսակցական անդամատոմսը վայր են դնում և առաջադրվում են անկուսակցականություն ենթադրող պաշտոններում»,- ասաց Դանիել Իոաննիսյանը՝ շեշտելով՝ պետք է առաջնորդվել ոչ թե վերկուսակցականության, այլ անկուսակցականության սկզբունքով:

Տեսակետների բախումից հետո Դավիթ Հակոբյանը պատասխանեց հնչած բոլոր դիտարկումներին:

Որոշվեց քվեարկությունն իրականացնել օնլայն: Խորհրդի և հանձնաժողովի անդամներին առաջարկվեց նույնանման պրեզենտացիաներ ներկայացնել իրենց կոնցեպտուալ դիտարկումների վերաբերյալ՝ ըստ ոլորտների:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս