Սա ծրագիր է. դեռ վաղուց են տարբեր ուժային կենտրոններ ինձ ասել. Բագրատ սրբազան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է։

Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում են թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին, Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին, առանձին հոգևորականների:

Այսօր առավոտյան Փաշինյանը հերթական անպարկեշտ արտահայտությունն էր արել արքեպիսկոպոսներից մեկի մասին։

«Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»,- գրել է Փաշինյանը։

Կարդացեք նաև

«Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»,- գրում է Փաշինյանը հերթական գրառման մեջ։

Հետո ամուսնուն միացավ նաև Աննա Հակոբյանը՝ գրելով.

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին:

Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։

Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»,- գրել էր նա։

Աղմկահարույց գրառումներից մոտ մեկ ժամ անց Փաշինյանն անդրադարձավ իր ամուսնացած լինելու հարցին։
«Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»։

«Սրբազան» շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

● Երևույթը նոր չէ, դրսևորման կերպն է բացահայտում բուն պատկերը, որ այս մարդիկ ունեն իրենց մեջ՝ հայհոյանքներ, խուլիգանի պահվածք։ Ես ավելի վաղ էլ եմ ասել՝ սրանք այդպես էլ փողոցից տուն չեկան։

Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարությունը հաշվի առնելով՝ ինձ թվում է՝ սրանց ցուցում է տրվել Հայաստանում դրսևորել նման վարք՝ հարձակվելով վերջին խրամատի վրա։ Զարհուրելի է վարչապետի ու նրա տիկնոջ վարքը, ովքեր կրթվել են քարոզում։ Ես միշտ եմ ասել՝ իրենք խուլիգան են, փողոցային, ու այնտեղ էլ մնացել են։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հեղափոխություն կոչվածից օրեր անց՝ ապրիլի 29-ին, եղավ առաջին կազմակերպված հարձակումը Եկեղեցու դեմ. մի մարդ, բարձրանալով Մայր տաճարի վրա, փորձել էր տաճարի խաչը սղոցել՝ խաչի փոխարեն երկաթյա վարդ տեղադրելու նպատակով:

Երբ հեղափոխությունից հետո պղծվեց Մայր տաճարը, որևէ քրեական հետապնդում չհաջորդեց դրան։ Սրանք լիբերալիստ էլ չեն, երևի սատանայապաշտ են։ Հեղափոխական ժամանակներում առաջին հարվածը միշտ հասցվում է արժեքներին։

● Մի՛ մոռացեք, որ այդ մարդը ժամանակին Վեհափառին անվանում էր սատանայապետ։ Ներողություն եմ խնդրում Վեհափառից՝ սա ասելու համար։ Եկեղեցին վերջին խրամատն է՝ պաշտպանելու համար մեզ համար կարևոր մեր ինքնությունն ու արժեքները։ Իրենք լավ գիտեն՝ ինչի վրա են հարձակվում։

● Վեհափառ Հայրապետն այս օրերին Շվեյցարիայում շատ կարևոր եկեղեցական համաժողովի է մասնակցում, ու միակ, շատ կարևոր բանախոսն է մեր իրավունքների պաշտպանության հարցով։ Ինչո՞ւ հենց այս օրերին թիրախավորվեց եկեղեցին։ Զուգադիպությո՞ւն էր, ինչո՞ւ է Վեհափառի ելույթն անհանգստացրել իրենց։

Հիշեցնենք, Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա և այսօրվա հայտարարություններին՝ գրել էր.

«ՀՀ վարչապետը իր ստորացուցիչ հայտարարությամբ էմոցիոնալ խուլիգանությամբ է զբաղվում»: Նա հիշեցրել էր, որ երեկ Ս. Համբարձման տոնն էր: Հայ Առաքելական եկեղեցին Համբարձման տոնին հիշատակում է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելը:
«Այս առիթով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունը մի «մեծ նվեր»… Պետական գործիչը պետք է գիտակցի, թե որ հաստատություններն են իրեն գերազանցելու ժամանակի ընթացքում։ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ինչպես միշտ, կշարունակի ապրել, գործել ու ծառայել Աստծուն ու հայ ժողովրդին: Հարցն այն է՝ թե ինչպիսին կլինի ճակատագիրը նրանց, ովքեր ոտնակոխ են անում ամեն սրբություն…»,- նշել էր Տիրատուր քահանա Սարդարյանը։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել էր եկեղեցին, ասել էր, իբր, մեր եկեղեցիները չուլանացված են. «Ինչ ասես կա՝ ավելացած մետլաղ, պարկով ցեմենտ, աբալովկի հին կտորներ, արմատուրայի ժանգոտ կտորներ։ Մարդ եկեղեցի մտնում է, որ ունենա հոգևոր հաղորդակցություն, բայց մտնում, տեսնում ես՝ մեկի հին կոշիկներն են, շորերն են, մեկը իրա հին կռավաթն է բերել դրել, ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել, ինչքա՞ն կարելի է ոտքի տակ տալ սրբությունները ու մեկ էլ՝ «վա՜յ, Համալիրում բան ա եղել…»»,- ասել էր Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի գրառումներից հետո կոնկրետ հրահանգով ՔՊ-ականները՝ իրենց մեծ ու փոքրով, ֆեյքերով, Հայ Առաքելական եկեղեցու դեմ անցել են հարձակման։

● Ես դավադրությունների տեսություններին շատ չհավատացող մարդ եմ, բայց այս օրերին իրենց պահվածքը, այս ամբողջ ընթացքը, օրերի ընտրությունը, քայլերի հաջորդականությունը, թիրախներն ինձ համոզում են, որ այս ամենը ծրագրված է։

● Այն ամենից հետո, ինչ իրենք արել են, Արցախի հանձնումից հետո մենք ինչո՞ւ ենք զարմանում, որ նման բաներ են տեղի ունենում։ Սրանց միայն օր առաջ հեռացնելը փակուղուց կհանի։

Գնում ալիևների, էրդողանների մոտ ծնկի է գալիս, սուրճ առաջարկում, նրան մատով են կանչում… Սա բոլորիս է նվաստացնում։ Ես դեսպաններից մեկի հետ եմ հանդիպել, երբ ասել եմ նրա խոսույթը, զարմացել են։ Այսինքն՝ բոլորը գիտեն նրա էությունը։

● Չեմ կարող հաստատել, որ սրանք աղանդավոր են, բայց որ նրանց հետ հարաբերությունները կան, իսկ մեր եկեղեցու հետ հարաբերություններն այսպիսին են, իրենց վարքագիծն էլ խոսում է, որ ինչ-որ ազդեցության տակ են։ Առավոտից գիշեր իրենց ֆեյքերին զուգահեռ՝ աղանդավորական հարձակման ներքո ենք գտնվում։

● Մենք գտնվում ենք աղետի մեջ՝ ֆիզիկական, հոգևոր, մտավոր և բարոյական, և այդ աղետի պատասխանատուն, գլուխը, միապետն այս մարդն է, որին ես ասել եմ՝ Նեռ, չարիք, և այդ չարիքը պետք է հեռացնել։

● Երևի որոշել է դառնալ միապետ՝ և՛ եկեղեցու գլուխ, և՛ պետության գլուխ։ Առանց այդ էլ Նախագահի ինստիտուտը հողին է հավասարեցրել, հիմա էլ ուզում է դառնալ միապետ։ Ուրիշի աչքի միջի շյուղը տեսնելուց առաջ քո աչքի գերանը տես, որ կործանել ես մի ողջ պետություն, ստախոս։ Գիշերը երևի Հենրի 8-րդ է կարդացել, որոշել է ինքն էլ դառնալ նույնը։

● Իմ հոգևոր եղբայրներին ուղղակի խնդրում եմ դատական պրոցես սկսել Աննա Հակոբյանի դեմ։ Այդ կինն իր գրառման մեջ հոգևորականներին մանկապղծության մեջ է մեղադրել։

● Ինձ թվում է՝ սրանք Ալբանիայի հանդիպումից մի ավելի մեծ աղետ են պատրաստել և հիմա հանրային, հասարակական միտքը փորձում են շեղել այլ ուղղությամբ։

● Բանադրելու, նզովելու, իր գործիքները օգտագործելու հնարավորությունը եկեղեցին ունի։ Իմ անձնական կարծիքն է, որ պետք է արվեր վաղուց։ Վստահաբար քննարկում կլինի Մայր աթոռում։ Վեհափառ Հայրապետն իր իմաստնությունն ունի, վստահ եմ՝ ճիշտ լուծումը կգտնի։

● Սփյուռքում էլ են անհանգիստ, ուզում են սրանց հեռացման մասը կազմել օր առաջ։

● Չարիքի հետ համագործակցությունը չարիք է ծնում։ Բոլոր ոլորտներով պետք է մերժել այդ համագործակցությունը՝ և՛ այստեղ, և՛ Սփյուռքում։

● Գործարարներին այսօր քերթում են, ստորացնում, իսկ նրանցից ոմանք խեղճուկրակի պես վիզները ծռած՝ կանգնում են նրանց առաջ։ Կան նաև գործարարներ, որոնց ամեն կերպ խեղճացնում են՝ կալանքներով, հարկերով, բայց նրանք մի միլիմետր չեն նահանջում իրենց դիրքորոշումից։

● Նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանի ընկերներին եմ դիմում՝ ձեր ընկերոջը նվաստացրած մարդուն ի՞նչ եք ասում։ Այդ ընկերները, որոնք նաև ինձ են մտերիմ եղել, ասելիք չունե՞ն։ Երբ ժամանակին Վահե Ղազարյանը նախարար էր, մի SMS-ով հեռացվեց աշխատանքից։ Ինձ ինչ ասես ասող ընկերներ, դուք էս թեմայով ասելիք ունե՞ք։

● ՔՊ-ում մարդիկ կան, ես գիտեմ, որոնց խիղճը տանջում է, ընտանիքներում առավոտից երեկո կռիվ է, մեղսակից մի՛ դարձեք։ Բոլորդ եք արժանացել և արժանանում Վահե Ղազարյանի ճակատագրին։ Եթե այս մարդիկ հրապարակային են այսպիսի բառապաշարով խոսում, դուք պատկերացնո՞ւմ եք՝ իրենց տանը, մտերիմների միջավայրում ինչպես են խոսում։

Ինձ դեռ վաղուց տարբեր ուժային կենտրոններ են ասել, որ՝ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ պետության սահմանները, կիլոմետրաժը կարևոր չեն լինելու, բուծվելու են ԼԳԲՏ-ներ, տարածք, որը կլինի թմրանյութերի ու փողերի լվացման տարանցիկ վայր, եթե դուք չհեռացնեք այս իշխանությանը։

● Երկրի անվտանգության սպառնալիք հանդիսացող իշխանավորին ԱԱԾ-ն չի ձերբակալում, այն ԱԱԾ-ն, որը լավ գիտի՝ ինչ է տեղի ունենում, ինչպես է հանձնվում Սյունիքը։ Տուն են պահում մարդիկ։ Կարծես ուրիշները, որ փողոցներում ծեծվում, ջարդվում են, ընտանիք ու երեխաներ չունեն։

● Արցախում կերել, խմել, ինչ ասես արել են, ու մի րոպեում հանձնեցին։ Շուշիում ես էի պարել երևի…

● Անընդհատ թիրախավորելով Ռուսաստանին, մեզ անվանելով ռուսական գործակալ, որի համար դատի ենք տվել իրենց, հիմա իրենք են ամեն առիթով վազում Ռուսաստան։

● Եկեղեցու մտածումը միշտ բարի է եղել, մտածել են՝ հնարավորություն տալ վերափոխվելու։ Այս առումով ես հասկանում եմ՝ ինչու Մայր աթոռը նրանց հրավիրեց մասնակցելու Մայր տաճարի վերաօծմանը։

● Ինձ անընդհատ հարցնում են՝ ե՞րբ եք դուրս գալու փողոց ու գործն ավարտին հասցնեք։ «Երբ»-ը չեմ կարող ասել, թեպետ գիտեմ՝ երբ, պատասխանն ունեմ, բայց կարող եմ ասել, որ մարդիկ, ովքեր բավարար պատրաստվածություն ունեն այդ գործն ավարտին հասցնելու համար, գիտեն՝ երբ։ Դա հնարավորինս անակնկալ պետք է լինի իրենց համար։ Մեզ ամեն պահ հսկում են, բոլորին լծել են այդ գործին։ 6 մեքենայով հսկում եք, որ ի՞նչ անեք։ Հունվարի 28-ին 2 մեքենայով գնացել էինք Սարդարապատ։ Մեզ ոչ միայն 7 մեքենայով էին հսկում, այլև հեռադիտակով։

● Իմպիչմենտի գաղափարին հավատում եմ։ Չափազանց կարևոր ճանապարհներից մեկն է, որը պետք է իրագործել։ Ինձ համար թիրախը, կետը ժամ առաջ այս չարիքին հեռացնելն է որևէ տարբերակով։ Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր նրանք, ում համար թանկ է հայրենիքը, պետությունը, արժանանալու են նույն ճակատագրին, բանտարկվելու են։ Մարդիկ արդեն Հանրայինով անոնս են արել։ Չարիքին չի կարելի լեգիտիմացնել, նրա հետ գնալ ընտրության։ Չի կարելի նրանց իրավունք տալ մտածելու, որ իրենք՝ երկիր կործանածները, կարող են հավասարը հավասարի պես մյուսների հետ մասնակցել ընտրությունների։ Ո՛չ, հայրենիքը կործանած, թալանած մարդը չի՛ կարող թեկնածու լինել։

● Ես թեկնածու լինել-չլինելու հարց երբեք չեմ դրել, չեմ էլ դնելու։ Հանգամանքներն ինչպես կդասավորվեն, այնպես էլ կլինի։ Եթե խորհրդարանական ընդդիմության համար որևէ թեկնածու ընդունելի կլինի, մեզ համար էլ կլինի։ Քննարկումներ լինում են։ Հուսամ՝ կլինի թեկնածու։

● Խնդրանքս ու հորդորս է, որ բոլորը զսպվածություն ցուցաբերեն։ Ով ումից է նեղացել, մի կողմ թողեք։ Սրանք ավելի մեծ բաներ չեն, քան մեր կյանքն ու պատմությունն ու գալիք ժամանակները։

● Եթե Սրբազան շարժումը չլիներ, նախ՝ մեզ աշխարհը չէր հասկանա, ապա անկլավների թեման, Սյունիքի միջանցքի հարցը, ադրբեջանցիների վերադարձ, ամեն բան արած կլինեին։ Ես իմ անմահության համար եմ ապրում։ Կա՛մ կվաստակենք այդ անմահությունը, կա՛մ սովորական մեռելի պես կանցնենք, կգնանք։ Որոշումը ես եմ կայացրել, ես էլ իրագործելու եմ՝ կլինի մենա՞կ, թե՞ հարյուր-հազարների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս