Բաժիններ՝

Եթե պետք է լիցենզավորվեմ ու ոչ մի հարկ չվճարեմ, ինչի՞ համար եմ լիցենզավորվում

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վարորդներին  հորդորում է մինչև դեկտեմբերի 15-ը լիցենզավորվել, գալ օրենքի դաշտ, այլապես չլիցենզավորված տաքսու վարորդները կտուգանվեն: Ըստ նշված հորդորի, լիցենզավորման դաշտ գալով՝ անհատ տաքսիստները հարկային պարտավորություն չեն ունենալու, պարզապես պարտավորվելու են մեքենայի վրա տարբերանշան ունենալ ու մինիմալ արժեք փակցնել:

Չլիցենզավորված գործունեություն իրականացնելու համար 50.000 դրամ տուգանք է նախատեսված, իսկ երկրորդ, երրորդ անգամ կրկնվելու դեպքում գումարը կրկնապատկվում է:

«Վարորդների պաշտպանության լիգայի»  փոխնախագահ Պողոս Օղլուկյանի համար հասկանալի չէ, թե որն է լիցենզավորման իմաստը:

«Եթե պետք է լիցենզավորվեմ ու ոչ մի հարկ չվճարեմ, ինչի՞ համար եմ լիցենզավորվում: Դրա լոգիկան ո՞րն է: Բա որ որպես «Յանդեքսի» վարորդ ես գրանցվում, առանց տաքսու նշանի քշում ես, ո՞վ է իմանում՝ ես տաքսի՞ եմ քշում, թե՞ ոչ: Հետևաբար, պետք է ընդունվի այնպիսի որոշում, որը կվերաբերի բոլոր տաքսիներին, նպաստի առկա խնդիրների վերջնական լուծմանը: Մի ժամանակ լիցենզավորվում էինք, 12.000 դրամ հարկ էինք վճարում, հետո վարչապետն ասաց՝ տաքսիստներ ջան, իմացեք, որ ձեր աշխատավարձը 12.000 դրամով ավելացավ:  Ժամանակին 1500 տաքսի ընկերություն կար, «Յանդեքսն» եկավ, բոլորը դուրս եկան շուկայից, մարդիկ էլ վարկեր էին վերցրել՝ քաշվեցին: Հիշո՞ւմ եք, որ մինիմալը 600 դրամ էր:  Հիմա անհատ տաքսիստը կարող է օրը 3000 դրամ աշխատել»,- նշեց Պողոս Օղլուկյանը՝ ընդգծելով, որ մեկ կիլոմետրի համար հստակ գին պետք է սահմանվի, ու այն կվերաբերի բոլորին:

Կարդացեք նաև

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020թ. ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերի հարցերին՝ անդրադարձել էր նաև տաքսու անհատ վարորդների լիցենզավորման հարցին։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարցրել էր, թե՝ «Դեռևս 2018 թ․ թույլատրեցիք, որպեսզի անհատ տաքսիստներն աշխատեն առանց լիցենզիայի, իսկ 2 տարի անց՝ օրեր առաջ, նույն հարցի վերաբերյալ հայտարարեցիք, որ յուրաքանչյուր տաքսու վարորդ պարտավոր է ունենալ լիցենզիա, այլապես չի կարող զբաղվել տվյալ գործունեությամբ։ Ի՞նչ է, հիմա ավելի ապահո՞վ է այդ նույն տաքսիստը, քան 2 տարի առաջ»։

Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ օգտատիրոջ տեղեկությունը ճիշտ չէ, քանի որ օրենքով երբեք չի թույլատրվել առանց լիցենզիայի տաքսի վարել, այլ քաղաքացիներն ազատվել են արտոնագրային վճարից։ «Իսկ լիցենզիան, որն անվճար է, դա այն որակական նվազագույն պահանջներն են, որոնք ՀՀ օրենքով սահմանված են տաքսիների համար․․․»,- ասել  էր  նա՝ հիշեցնելով, որ նախկինում անհատ տաքսու վարորդները Երևանում գործունեություն ծավալելու համար վճարում էին՝ 12000, իսկ մարզերում՝ 8000 դրամ ամսական վճար։

Իսկ նախկինում արված հայտարարության առնչությամբ էլ Փաշինյանն ասել էր, թե գուցե լեզվի սայթաքում է եղել և արտոնագրային վճարները շփոթել է լիցենզիայի հետ։ «Բայց երբեք Հայաստանում առանց լիցենզիայի տաքսի վարելը թույլատրված չի եղել»:

Տեսանյութեր

Լրահոս