«Դիմումդ գրի ու դուրս արի, մարդկանց էլ էս վիճակին մի հասցրու». Արտակ Սարգսյան

«Վերջին տարիների սխալ քաղաքականությունը բերեց-հասցրեց նրան, որ մարդիկ իրենց ձեռքով իրենց տնկած խաղողի այգիները քանդում են: Մարդիկ այլընտրանք չունեն, չեն կարողանում իրենց արդար քրտինքով հանապազօրյա հացը վաստակել, դրա համար էլ այս իրավիճակն է: Այս տեմպերով շարունակվելու դեպքում Արարատյան դաշտում խաղողի այգիների քանդումը կդառնա մասսայական»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:

Ըստ նրա՝ խաղողագործները շատ ծանր վիճակում են. «Գյուղացուց խաղողը չեն գնում: 2022թ. խաղողի բերքահավաքը վատ առումով աննախադեպ էր Հայաստանի պատմության մեջ՝ խաղողագործին օրը ցերեկով թալանեցին: Թալանել ասելը մեղմ է, քանի որ խաղողի ինքնարժեքից 40-50 դրամով պակաս և հերթերի գոյացության, անելանելի վիճակներում ժողովրդից խաղողը, այսպես ասած՝ թալանվեց: Եթե գլոբալ վերցնենք, մթերման խնդիր չկա, այն արհեստական է ստեղծված: Եթե օրենքը գործի, մթերող, վերամշակող և արտադրող կապը շատ սահուն կերպով առաջ կընթանա: Խնդիրները ստեղծվում են արհեստական եղանակով՝ խաղողագործությունը տապալելու, խաղողագործին ընչազուրկ դարձնելու համար: Ես չեմ կարողանում հասկանալ՝ մոտիվացիան որն է: Եթե բիզնեսի օրենքով շարժվենք, ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող մարդիկ ստեղծում են վերամշակելու հարմարություններ, ստանում են լիցենզիա՝ այդ գործունեությամբ զբաղվելու համար, և դրանից հետո պետք է մտածեն՝ խաղողագործի հետ ինչպես պայմանագիր կնքել՝ բերքը գնելու համար: Մեզ մոտ պարադոքս է, դա չի գործում: Եթե գործեր, յուրաքանչյուր վերամշակող պետք է խաղողագործների հետ ունենար պայմանագրեր: Օրենքով՝ Հայաստանում արտադրվող ոգելից խմիչքները պետք է արտադրվեն Հայաստանում աճեցված հայկական խաղողից: Հարցի լուծումը դա է»:

Արտակ Սարգսյանի խոսքով՝ մթերման ամենացածր գինը 2022թ. եղել է 70-155 դրամ՝ 1 կիլոգրամ տեխնիկական սորտերի խաղողի համար:

Դիտարկմանը՝ բայց Վահան Քերոբյանը նշել էր, որ մթերման ամենացածր գինը 1 կգ-ի համար եղել է 120 դրամ, նա արձագանքեց. «Վահան Քերոբյանի բոլոր հայտարարությունները մեկը մյուսին հակասում են, իրականությանը չեն համապատասխանում. Նա խաղողագործների կողմից ստախոսության համար մեդալ է ստացել: Վահան Քերոբյանն այսքան ժամանակ խաղողագործության ոլորտի համար ի՞նչ է արել, ի՞նչ է հայտարարել, և ինչի՞ առաջ է կանգնեցրել խաղողագործներին: Հայաստանում խաղողի այգիները քանդում են Վահան Քերոբյանի վարած քաղաքականության արդյունքում: Եթե համակարգող նախարարության առաջին դեմքը չի կարողանում իր ոլորտը համակարգել, և այդ ոլորտը քանդվում, վերանում է, էլ ի՞նչ… Ոչնչացրեցին խաղողագործությունը Հայաստանում: Խաղողագործները գալիս են՝ կառավարության դիմաց իրենց բողոքն են արտահայտում, Վահան Քերոբյանը մարդկանց խաբում՝ ճանապարհում է: Ինքնարժեքից 40 դրամ ցածր գնով խաղող են մթերում, դա կոչվում է հանցագործություն: Խաղողագործների այս վիճակի համար ո՞վ է մեղավոր, եթե չկա գյուղնախարարություն, կա էկոնոմիկայի նախարարություն, և այդ ոլորտը համակարգում է այդ գերատեսչությունը, ո՞վ պետք է պատասխան տա սրա համար: Խաղողագործը վերջին հույսը կորցրած՝ կենդանի այգին ոչնչացնում է, հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում»:

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյո՞ք խաղողի այգիների քանդումը մասսայական է, որովհետև Արմավիր խոշորացված համայնքի համայնքապետի խորհրդական Կարեն Մկրտչյանը, որը համակարգում է նաև գյուղատնտեսական ոլորտը, «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ վերջին տարիներին մթերման տարին ավարտելուց հետո այգիները քանդելու ալիք է բարձրանում, սակայն հետո մարում է, նա պատասխանեց. «Այդ ի՞նչ աբսուրդ հայտարարություն է: Եթե մասսայական խաղողը չեն ընդունում, եթե մասսայական խաղողագործից խաղողը վերցնում, չեն վճարում, եթե մասսայական խաղողագործին սնանկացնում են, ինքնարժեքից ցածր գնով խաղող են վերցնում, մասսայականը էլ ո՞նց է լինում: Այդ խորհրդականները որ նման հայտարարություններն անում են, թող պատճառներն էլ ասեն: Նրանք նույն պատասխանատվությունը կիսում են կառավարության հետ»:

Խաղողագործների միության նախագահը խաղողագործության նկատմամբ կառավարության վերաբերմունքը վերլուծելով՝ եկել է հետևյալ եզրակացության. «Խաղողագործությունն այսօր պետք չէ Հայաստանում, ես արդեն այդպես եմ ընկալում: Ո՞նց կարող է տարիներ շարունակ նույն խնդիրը լինել և ավելի ծայրահեղ աստիճանի դառնալ, և գա-հասնի այնպիսի մի իրավիճակի, որ երիտասարդ խաղողի այգին բոլորի աչքի առաջ քանդվի, բոլորի աչքի առաջ խաղողը մնա դաշտում, բոլորի աչքի առաջ խաղողը դառնա գլխացավանք: Բայց դրա հետ աճում են նաև գինու, օղու, կոնյակի արտադրության թվերը, հիմա հասկանո՞ւմ եք՝ այս աբսուրդը որտեղից է գալիս: Եթե խաղող չեք գնում, խաղողի մշակությունը ձեզ համար հետաքրքիր չէ, ոլորտը վերացման եզրին է ու դուք ծաղկուն ձևով մեծ քանակությամբ արտադրանք եք ներկայացնում, դա ո՞նց հասկանանք»:

Արարատի և Արմավիրի մարզերի խաղողագործները նշել էին, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Վահան Քերոբյանը ասել է՝ գնացեք՝ քաղաքում աշխատեք, ամիսը 300.000 դրամ փող են տալիս: Արտակ Սարգսյանն անդրադարձավ Քերոբյանի հայտարարությանը՝ շեշտելով՝ սա արդեն վերջն է. «Եթե ՀՀ էկոնոմիկայի նախարարը նման բան է հայտարարում, դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը: Լավ խաղողագործներից շատ-շատերը տասն անգամ ավելի բարձր մակարդակով կաշխատեին իր պաշտոնում, որ ինքն իրեն թույլ չտար նման բան ասել, մարդկանց վիրավորել, մարդկանց էմոցիաների հետ խաղալ: Բա դո՞ւ ինչ անես, եթե չես կարողանում համակարգել, թուղթուգրիչը վերցրու, դիմումդ գրի ու դուրս արի, մարդկանց էլ էս վիճակին մի հասցրու ու մատնացույց էլ մի արա՝ ով ինչ անի: Մարդիկ հող են մշակում, բարիք են ստեղծում, հայրենիք են պահում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս