Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզ։ Երբ Այգավան գյուղ այցի ժամանակ բնակիչները բողոքել էին խաղողի մթերման գներից, Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, ասելով՝ առաջին բանը, որ գյուղացիները պետք է անեն, պետք է մտածեն խաղողի ինքնարժեքն իջեցնելու մասին։ Նա բնակիչներին օգնության կարգով ևս մեկ խորհուրդ էր տվել, ասել էր՝մշակվող խաղողի սորտերը պետք է փոխեն, սկսեն մշակել գինու սորտեր և այնպես անեն, որ գյուղատնտեսությունը զարգացնեն շուկային համարժեք։ Այսքանով ավարտվել էր Նիկոլ Փաշինյանի և առհասարակ Կառավարության «օգնությունը» գյուղացիներին։
Գյուղացին կրկին կոտրած տաշտակի առաջ է. քիչ է` կարկուտն է ոչնչացնում բերքը, եղածն էլ չեն կարողանում նորմալ գնով իրացնել։
«Վերջին տարիների սխալ քաղաքականությունը բերեց-հասցրեց նրան, որ մարդիկ իրենց ձեռքով իրենց տնկած խաղողի այգիները քանդում են: Մարդիկ այլընտրանք չունեն, չեն կարողանում իրենց արդար քրտինքով հանապազօրյա հացը վաստակել, դրա համար էլ այս իրավիճակն է: Այս տեմպերով շարունակվելու դեպքում Արարատյան դաշտում խաղողի այգիների քանդումը կդառնա մասսայական»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը:
«Պետությունը կարող է արգելել նաև ցածրորակ սպիրտի ներկրումը երկիր և օգտագործումը ոգելից խմիչքների արտադրության գործում, որը գցում է տեղական արտադրության, հատկապես կոնյակի վարկանիշը: Հիմա ես հարց եմ տալիս, ինչո՞ւ է Երևանի կոնյակի գործարանը մթերում 155 դրամով, երկարաժամկետ պայմանագրեր է կնքում և կանոնավոր աշխատում է գյուղացու հետ, իսկ մյուսները չեն կարո՞ղ»:
Արարատի մարզում մոտ 10 օրից կսկսվի խաղողի բերքահավաքը, սակայն բազմաթիվ գյուղացիներ կանգնած են լուրջ խնդրի առաջ՝ խաղող մթերող գործարանների հետ կնքված պայմանագրեր չունեն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար (2016-2018թթ. հուլիս), ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փորձագետ, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի նախկին խորհրդական Աշոտ Հարությունյանն է: