Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է արտաքին ուժերի համար. ինչ ուզում են՝ տալիս է. լինելու է դե ֆակտո երկրորդ կապիտուլյացիոն ակտը. Սուրեն Սարգսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն է:
Միջազգայնագետը նշել է.
- Մեր տարածաշրջանում հավաքական Արևմուտքի և ԱՄՆ-ի նպատակները տարբեր գործոններով են պայմանավորված: Նախ՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը և տարածաշրջանից դուրս մղել, և այս քաղաքականությունը 1992 թվականից հավաքական Արևմուտքի և Միացյալ Նահանգների օրակարգն է եղել: Այն ակտուալ է մինչ օրս:
- Մեկ այլ առանձնահատկություն է տարածաշրջանում իրանական գործոնը:
- Եվ երրորդ՝ ԱՄՆ-ը իր դիրքերը տարածաշրջանում չի ամրապնդելու սեփական դեմքով, դա անելու է Թուրքիայի միջոցով:
- Եթե ուսումնասիրենք պատմությունը, ապա կտեսնենք, որ 94 թվականից սկսած ԱՄՆ-ը տարածաշրջանում հատկապես ակտիվացել է հենց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների դեպքում:
- 44-օրյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը կուլիսային ակտիվ քաղաքականություն էր վարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
- 2018-ի պրոցեսը տեղի ունեցավ, որպեսզի տեղի ունենա 2020-ի պրոցեսը, անգամ, եթե Փաշինյանին չբերեին, ուրիշին կբերեին, նպատակը նույնն է՝ նվազեցնել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը, դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից:
- ԱՄՆ-ի և Արևմուտքի մտավախությունը կապված է Ռուսաստանի առաջարկած փաթեթի հետ, որ Հայաստանը հետ չկանգնի բրյուսելյան առաջարկից: Անհանգստություն կա, որ Ռուսաստանը կարող է մեկ քայլ առաջ անցնել: Իրականում Ռուսաստանն արդեն մեկ քայլ առաջ է անցել:
- Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունը բոլորին ինչ-որ բան խոստանում է, հայտնի չէ, թե ում ինչ է խոստացել և առաջարկներից որ տարբերակի տակ ստորագրություն կդնի, փաստ է, սակայն, որ նորից լինելու է Հայաստանից միակողմանի զիջումներով և լինելու է դե ֆակտո երկրորդ կապիտուլյացիոն ակտը:
- Եթե Հայաստանին պետք էր Մինսկի խումբը (ՄԽ), եթե ՄԽ մահվան լուրերը ուռճացրած չեն, ապա կարող էր հրավիրել ՄԽ համանախագահողներին, սակայն նման հրավեր տեղի չունեցավ:
- Մինսկի խումբը կլինի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է գլոբալ խաղացողներին՝ ԱՄՆ-ին և Ռուսաստանին:
- ԱՄՆ-ում գիտակցում են, որ Ռուսաստանի, Չինաստանի նկատմամբ սառը պատերազմը կարող է վտանգ սպառնալ ամբողջ աշխարհին:
- Երբ եվրոպացիները Ցարական Ռուսաստանն էին համարում չարիք, ֆինանսավորեցին բոլշևիկներին, և տապալվեց Ցարական Ռուսաստանը, հետո օգնեցին, որ տապալվի բոլշևիկյան պետությունը, հիմա պուտինյան Ռուսաստանն է, ով կհաղթի, ով կպարտվի՝ այսօր դժվար է ասել:
- Հիմա էլ Իրանում լուրջ պրոբլեմներ կան, բնականաբար, դրանից պետք է օգտվեն գերտերությունները:
- Տարածաշրջանը եռում է, և բոլոր գործընթացները փոխկապակցված են մեզ հետ:
- ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում էական տարբերություն չի դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, երկուսն էլ իր համար բարեկամ պետություններ են, իսկ զենք կվաճառի՝ հաշվի առնելով այն, թե տվյալ երկիրը ում դեմ է կիրառելու, եթե Թուրքիայի՝ բնականաբար, չի վաճառի:
- Ինչ վերաբերում է վերջերս Ֆրանսիայի Սենատի՝ գրեթե միաձայն ընդունած բանաձևին, որով կոչ են անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, ապա այս քայլը պրոհայկական անվանել դժվար է, Ֆրանսիան ունի ոչ թե պրոհայկական, այլ պրոֆրանսիական դիրքորոշում, քանի որ Ֆրանսիան, մասնավորապես, Թուրքիային դիտարկում է՝ որպես խնդրահարույց դաշնակից ՆԱՏՕ-ի կազմում:
- ԱՄՆ-ում և հավաքական Արևմուտքում կարծիք կա, որ Նիկոլ Փաշինյանի՝ ադրբեջանական կողմին ներկայացրած շրջանակային պայմանագիրը ռուսական սցենար է, և նրանց աննախադեպ ակտիվությունը պայմանավորված է դրանով, ուստի կոչ են անում կողմերին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին՝ չշեղվել ձեռք բերված պայմանավորվածություններից, և քաջալերում են նույն հունով առաջ շարժվել:
- Մինչ Ռուսաստանն իր առաջարկներով փորձում է ժամանակ շահել, մինչև կտեսնեն, թե ինչ ավարտ կունենա ռուս-ուկրաինական հակամարտությունը, Հայաստանին ևս ձեռնտու է ժամանակ շահելու այս տարբերակը. Արևմուտքի և ԱՄՆ-ի համար կարևոր է, որ խնդիրն արագ լուծվի՝ նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելն է:
- ԱՄՆ-ը չի խոսում Սյունիքի միջանցքի մասին, Վաշինգտոնը դեմ է, որ ռուսներն ապահովեն հաղորդակցության ճանապարհի անվտանգությունը, եթե չլիներ ռուսների հարցը, գուցե և կողմ լինեին:
- Թուրքիային, մասնավորապես՝ Էրդողանին նախագահական ընտրություններից առաջ, պետք է հաղթանակ արտաքին դիվանագիտության մեջ և ռազմի դաշտում:
- Տարածաշրջանում շահերի տեսանկյունից կան փոխկապակցված պրոցեսներ:
- Կա 2 տեսակի Հայաստան՝ գործող իշխանություններով Հայաստան, որը տանում է երկիրը դեպի վերջնական տապալում, կործանում, և Հայաստան, որը հնարավորություն ունի շահերի համադրմամբ առաջ շարժվել և փրկել իրավիճակը:
- Այսօր երկկողմանի բանակցություններում տեղի են ունենում Հայաստանի միակողմանի զիջումներ:
- Նիկոլ Փաշինյանը ձեռնտու ղեկավար է արտաքին ուժերի համար և ունի արտաքին աջակցություն, ուստի կմնա իշխանության այնքան ժամանակ, քանի դեռ ունի արտաքին աջակցություն: Իսկ աջակցություն ունի, որովհետև անընդհատ ինչ-որ բան տալիս է:
- Բանակցողի փոփոխությունը շատ կարևոր է, եթե լինի նոր բանակցող, ապա հնարավոր է ինչ-որ բան փրկել:
- Հայաստանում իրավիճակի փոփոխություն կարող է լինել արտաքին ուժերի միջև կոնսենսուսի պարագայում:
- Ռուսաստանին դուրս մղելը Հայաստանից, Ռուսաստանի հետ ուղիղ բախումը վտանգավոր է իշխանությունների համար՝ հենց իշխանափոխության տեսանկյունից, ինչն էլ լավ գիտակցում է Նիկոլ Փաշինյանը: