«Մարդիկ նպատակ չունեն իրենց հողը լքել, ամեն ինչ անում ենք, որ մինչև վերջ մեր հողերը մշակենք». Սարուշենի գյուղապետ
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին տարբեր ուղղություններով կրակ են արձակել Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ինչպես վերջին երկու շաբաթների ընթացքում, այս անգամ ևս թշնամու զինվորները թիրախավորել են դաշտում աշխատող խաղաղ բնակչությանը։
Կրակոցների ուղղություններից մեկն Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղն է եղել՝ դաշտում աշխատող խաղաղ բնակչությունը։
Առաջին անգամ չէ, որ թշնամին կրակում է գյուղի ուղղությամբ, պատերազմից հետո նման կրակոցներ հաճախ են լինում։
168.am-ի հետ զրույցում Սարուշենի գյուղապետ Կարեն Գասպարյանն ասաց, որ թշնամու արձակած կրակոցներից դաշտում աշխատող տրակտորիստը վնասներ չի կրել, տրակտորը նույնպես չի վնասվել։
«Մենք շարունակում ենք դաշտում աշխատել, ճիշտ է, գրեթե ամեն օր կրակում են, նույնիսկ օդ էլ են կրակում, բայց մենք չենք կարող մեր աշխատանքը չանել։ Թշնամին նման կերպ ցանկանում է խանգարել, որպեսզի բնակչությունը չկարողանա գյուղատնտեսական աշխատանքներ կատարել»,- նշեց Կարեն Գասպարյանը։
Ըստ Սարուշենի գյուղապետի, եթե բնակչությունը գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ չզբաղվի, չկարողանա իր հողը մշակել, գյուղում մնում է՝ ի՞նչ անի, հետևաբար՝ այսօր թշնամին իր սադրանքներով հենց այդ նպատակն է հետապնդում՝ այնպես անել, որ բնակչությունը լքի գյուղը։
«Հողը պետք է մշակեն, որպեսզի կարողանան ապրել, անասնապահությամբ զբաղվեն, առանց ցորենի ու գարու, խոտի, չեն կարող անասուն պահել։ Մարդիկ նպատակ չունեն իրենց հողը լքել, հիմա ամեն ինչ անում ենք, որ մինչև վերջ մեր հողերը մշակենք, ռուս խաղաղապահներն էլ կանգնած են»,- նշեց Սարուշենի գյուղապետը։
Թեև Կարեն Գասպարյանը չգիտի, թե այս պահին ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը որը պետք է լինի, սակայն մեկ բան հստակ գիտի՝ որևէ մեկը չի կարող արցախցուն ստիպել լքել իր գյուղը։
«Մեկ է՝ մենք այստեղ ապրում ենք, աշխատում ու արարում ենք, այլ ճանապարհ չկա»,- եզրափակեց Կարեն Գասպարյանը։