«Իհարկե, Ադրբեջանը մշտապես է կրակել գյուղերի ուղղությամբ, մեծ մասամբ օդ են կրակել՝ վախեցնելու համար, բայց այս անգամ նպատակադրված կրակել են հենց քաղաքացիական մեքենայի ու անձանց ուղղությամբ. թիրախը հենց մարդիկ են եղել։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի ղեկավար Կարեն Գասպարյանն ասաց, որ, փառք Աստծո, որևէ մեկը չի վնասվել, պարզապես այդպես թշնամին խանգարում է գյուղատնտեսական աշխատանքներին։
«Փառք Աստծո, այս պահին այդպիսի անլուծելի խնդիրներ չկան։ Այս պահին դեռ ամեն ինչ նորմալ է, ժողովուրդն իր առօրյայով է ապրում։ Իհարկե, կան ապրանքներ, որոնք խանութներում չկան, բայց ժողովուրդը մի ձև «յոլա» գնում է»,- նշեց Կարեն Գասպարյանը։
Ադրբեջանական Զինված ուժերի ստորաբաժանումները նոյեմբերի 21-ին տարբեր ուղղություններով կրակ են արձակել Արցախի Հանրապետության ուղղությամբ։ Ինչպես վերջին երկու շաբաթների ընթացքում, այս անգամ ևս թշնամու զինվորները թիրախավորել են դաշտում աշխատող խաղաղ բնակչությանը։