
«Ադրբեջանը հրաժարվել է, որ Սյունիքում իրենք են կրակել». Սուրեն Պապիկյան

Այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ կարճ զրույցում խոսեց այսօր Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի կրակոցների մասին։
Նա նշեց, որ դեպքի առնչությամբ Պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ։
«Պարզաբանում էինք ուզել Ադրբեջանից, պատասխանը լսել եք, հրաժարվել են, որ դա իրենք են արել»,- նշեց Սուրեն Պապիկյանը։
Հաջորդ հարցին՝ արդա՞ր է, որ Հայաստանում բոլորը փողով ազատվեն բանակից, Սուրեն Պապիկյանը չպատասխանեց։
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված էր ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։