«Թշնամին հաստատ իր դիրքերից տեղաշարժվել է, հակառակ դեպքում չէր կրակի գյուղի կենտրոնին». Խոզնավարի բնակիչ                         

Ադրբեջանական կողմը հերթական անգամ կրակել է Սյունիքի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 00:10-01:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, և խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանի խոսքով՝ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, ինքն էլ դաշտում տեխնիկայի մոտ աշխատանք է կատարում։

Կարդացեք նաև

Խոզնավարի բնակիչներից մեկի փոխանցմամբ՝ երեկ էլ են կրակել, այսօր էլ ու վնաս հասցրել բնակիչների տներին։

«Գյուղի կենտրոնական տներից մեկին են հարվածել, բաղնիքի դուռը վնասվել է, տան տանիքը՝ նույնպես, ոչխար է վնասվել։ Ես զարմանում եմ այս ժողովրդի վրա, հանգիստ ապրում են, իբր որևէ բան տեղի չի ունենում։ Խաղաղությունն եկել ա, կրակոցների տեսքով, դռները բացեք՝ ներս գա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խոզնավարի բնակիչը, ում խնդրանքով անունը չենք հրապարակում։

Նա նաև ասաց, որ ադրբեջանական կողմը դժվար թե «պոստերից» կրակեր գյուղի կենտրոնական հատվածին։

«Թշնամին հաստատ իր դիրքերից տեղաշարժվել է, հակառակ դեպքում չէր կրակի գյուղի կենտրոնին»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ նույնպես կրակոց էր եղել Խոզնավարի ուղղությամբ, որի հետևանքով վնասվել էր տան տանիք։

Տեսանյութեր

Լրահոս