«Բարդ սիստեմ է ու թանկ արժե, անիմաստ է՝ շարքային յուրաքանչյուր քաղաքացի հայտարարագիր ներկայացնի». Արմեն Եղիազարյան

Նոյեմբերի 16-ին խորհրդարանում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն անդրադառնալով Կառավարության ընդունած՝ քաղաքացիների եկամուտները հայտարարագրելու որոշմանը, հայտնեց, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվելու է եկող տարվանից՝ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն այս տարվա վերջին, ենթադրում է՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյային նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունեն։

«Իհարկե, ժամանակը կարճ է, բայց մենք անպայման կունենանք բաց քննարկումներ, կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին, փորձագիտական շրջանակներին և անպայման իրենց կարծիքն էլ հաշվի կառնենք։

Ինչ վերաբերում է ծախսերի հայտարարագրմանը, ապա եկամուտների հայտարարագրման մեջ հիմնական շեշտը դրվում է եկամուտների վրա, իսկ ծախսերի մասը վերաբերելու է այն ուղղություններին, որոնց դեպքում, այսպես ասած՝ սոցիալական կրեդիտներ են աշխատելու։ Օրինակ, առողջապահության կամ կրթության ուղղությամբ կատարված ծախսերը, որոնք կհայտարարագրվեն, հետո որոշակի փոխհատուցում կստացվի պետությունից, կա՛մ հարկման բազայից կնվազեցվի, կա՛մ հարկերը հետ կվերադարձվեն։ Այսինքն՝ զուտ օգուտ ստանալու նպատակով ծախսերը հայտարարագրելու համար այդ հնարավորությունը կլինի»,- ասել էր Բաբկեն Թունյանը։

168.amի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար, Բանկերի միության նախկին նախագահ, տնտեսագետ Արմեն Եղիազարյանն անդրադառնալով կառավարության նոր որոշմանը, նշեց, որ սա ամերիկյան հարկման մոդելն է, որտեղ եկամուտների որոշակի շեմ կա, և եթե եկամուտներն այդ շեմը գերազանցում են, ապա ներկայացնում են հայտարարագիր։

Կարդացեք նաև

«Ինքս անձամբ դրան դեմ եմ, քանի որ այն թանկ հաճույք է։ Ներքին շեմ պետք է դնեն, այսինքն՝ որոշակի եկամուտներ ու ծախսեր պետք է լինեն, որը հարկվող եկամուտից հանում են։ Այս պահին նման բան չկա։ Կրկնում եմ՝ սա բարդ սիստեմ է ու թանկ արժե։ Մեխանիզմն ինչպես է՝ երկամտահարկի մի մասը, այսպես կոչված, «ագենտն» է տալիս, այն հիմնարկը կամ ձեռնարկությունը, որտեղ աշխատում են, եկամուտներից հարկը հանում է և ուղարկում։ Այսինքն՝ դեկլարացիան վերաբերում է մնացած եկամուտներին, որոնք մարդիկ ստանում են, բայց «ագենտային» չէ, այսինքն՝ անձամբ աշխատողը պետք է վճարի հարկեր»,- նշեց Արմեն Եղիազարյանը։

Նա ենթադրում է, որ նման մեկ փորձ Հայաստանում եղել է՝ 2008 թվականին, սակայն փորձը տապալվել է, չի ստացվել, ուստի չի կարծում, որ այս անգամ կստացվի։

«Անիմաստ է, որ շարքային յուրաքանչյուր քաղաքացի հայտարարագիր ներկայացնի, պետք է ինչ-որ շեմ դնեն, որից վերև հայտարարագրումը լինի։ Աշխարհում այդ ամենն անում են, բայց կարծում եմ՝ Հայաստանի համար դեռ շուտ է։

Իմ գնահատմամբ՝ եկամտահարկի մոտ 90-95 տոկոսը մարդիկ տալիս են՝ որպես վարձու աշխատող, եթե հայտարարագրում են, ըստ իս, անիմաստ կլինի մեր երկրում, հիմա դրա ժամանակը չէ։ ԱՄՆ-ում այդ սիստեմը միլիոնավոր դոլարներ արժե, ասենք՝ պիտի ծախսերն ավելացնես, հայտարարագիր գրես, փողոցի մարդը չի կարող հայտարարագիր գրել, պետք է ինչ-որ մեկին վարձի, որ իր մոտ գրի։ Ստացվում է՝ ծախսերն է ավելացնում, առանձնապես եկամուտ չապահովելով, խոսքն այստեղ կարող է լինել 5-10 տոկոս եկամտի մասին, որը հիմա չեն կարող ունենալ»,- եզրափակեց Արմեն Եղիազարյանը։

Նշենք, որ ըստ ֆինանսների նախարարության առաջարկության՝ 2023 թվականից փուլերով՝ 3 տարիների ընթացքում կսկսվի քաղաքացիների եկամուտների հայտարարագրումը։ Առաջին փուլով հանրային ծառայողները, 1 մլրդ դրամ եկամուտը գերազանցող կազմակերպությունների բաժնետերերը կհայտարարագրվեն, այնուհետև քաղաքացիների շրջանակն ամեն տարի կմեծանա, իսկ արդեն 2026-ից Հայաստանում բնակվող ՀՀ մշտական քաղաքացիներն ամեն տարի հայտարարագիր կներկայացնեն

Տեսանյութեր

Լրահոս