Կաշառք՝ հանուն «կոռուպցիայի դեմ պայքարի»․ ո՞վ է վճարելու 70 մլրդ դրամը

Ասել, որ եկամուտների հայտարարագրումը քաղաքացիների շրջանում համատարած դժգոհություններ ու զայրույթ է առաջացրել, նշանակում է՝ ոչինչ չասել։ Հերթական անգամ իշխանությունները ցույց տվեցին իրենց անկարողությունն ու անպատրաստ լինելը մի ինստիտուտի ներդրմանը, որը որոշել էին անել դեռևս տարիներ առաջ։ Տարիներ շարունակ ձեռքները ծալած նստել են, պայմաններ չեն ստեղծել հայտարարագրման անխոչընդոտ ներդրման համար ու հիմա հանպատրաստից փորձում են քաղաքացիներին պարտադրել մի բան, որը շատերի համար լուրջ գլխացավանք է դարձել։ Դա բերել է նրան, որ իշխանությունների նախաձեռնած հերթական բարեփոխում կոչվածը տապալման շեմին է։

Իրավիճակը փրկելու համար, հայտարարագրերի ներկայացման ժամկետներն են հետաձգում, պահանջներն են փոխում։ Ամբողջ իշխանական էլիտան է լծվել՝ արդարացնելու եկամուտների հայտարարագրումը։

Հայտարարագրումն արդարացնելու համար Նիկոլ Փաշինյանը կրկին շրջանառության մեջ դրեց կոռուպցիայի դեմ պայքարի թեման, որով այսքան տարի խաբել ու կերակրել են ժողովրդին։ Հայտարարեց, թե հայտարարագրում անում են՝ կոռուպցիան դեմ պայքարի շղթան ամբողջացնելու համար։ Բայց դա էլ չօգնեց։ Այնքան են խաբել ժողովրդին, որ մարդիկ կորցրել են հավատն իշխանությունների ասածների նկատմամբ։

Տեսան՝ «կոռուպցիայով» բան չի ստացվում, հիմա էլ սոցիալական կրեդիտներով են փորձում մարդկանց գայթակղել։ Այնպես են ներկայացնում, իբր եկամուտների հայտարարագրումն անում են, որպեսզի քաղաքացիներին վերադարձնեն կրթության ու առողջապահության վրա նրանց կատարած ծախսերը։ Կարծես ուշքներն ու միտքը քաղաքացիներին գումար վերադարձնելն է։

Կարդացեք նաև

Վերադարձնող եք՝ առանց հայտարարագրման էլ կարող եք վերադարձնել։

Համընդհանուր հայտարարագրման ինստիտուտը Հայաստանում ներդրվել է անցած տարվանից։ Լավ կլիներ, եթե ասեին, թե քանի՞ դրամ են անցած տարվա հայտարարագրերի հիման վրա վերադարձրել քաղաքացիներին. Զրո դրամ։

Ամբողջ հարցն այն է, որ ոչ մի տեղ գրված չէ, թե որտեղից են վերցնելու այդ գումարները։ Հատկապես, երբ խոսքը միլիարդավոր դրամների մասին է։

«Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք աշխատող քաղաքացիներին»,- վերջերս տարբեր առիթներով հաճախ է այս միտքը շրջանառում Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հետաքրքություններ առաջացնել քաղաքացիների մոտ հայտարարագրման ինստիտուտի նկատմամբ։

Ինչպե՞ս են ստացել այդ 70 միլիարդը, որն առողջապահության ու կրթության վրա կատարված ծախսերի տեսքով իբր պիտի վերադարձնեն քաղաքացիներին, ոչ մի տեղ չի երևում։ Այդ գումարը չկա նաև պետական բյուջեում։ Պետական բյուջեով չեն նախատեսել, որ եկամուտների հայտարարագրման շրջանակներում քաղաքացիներին գումարներ պիտի վերադարձնեն։ Այն բանից հետո, երբ հասկացան, որ հայտարարագրման գործընթացը տապալվելու վտանգի տակ է, մարդիկ համատարած դեմ են դրան ու չեն պատրաստվում այդքան քաշքշուկների միջով անցնել՝ որոշել են հիմա էլ սոցիալական կրեդիտներով գայթակղել։

Վերջում, իհարկե, պարզվելու է, որ եկամուտների հայտարարագրման արդյունքում ոչ մի 70 մլրդ դրամ էլ չի վերադարձվել քաղաքացիներին։

Այս ամբողջ գործընթացում իշխանության նպատակը քաղաքացիների եկամուտները հարկելն է, ոչ թե նրանց գումարներ վերադարձնելը։

Պետական բյուջենով նախատեսված ծախսերը չեն կարողանում կատարել, ուր մնաց, թե չնախատեսվածները կատարեն։ Առավել ևս, որ բյուջեն լուրջ խնդիրների առաջ է։ Տարին նոր սկսած, արդեն մտածում են այն վերանայելու, կրճատումներ անելու մասին։ Ու այս պայմաններում հանկարծ հիշել են, որ եկամուտների հայտարարագրման շրջանակներում առղջապահության ու կրթության վրա կատարված ծախսերի դիմաց 70 մլրդ դրամ են պատրաստ վերադարձնել քաղաքացիներին։

Եկամուտների հայտարարագրման նպատակն ի սկզբանե եղել է բյուջե լրացուցիչ գումարներ բերելը։ Այսօր էլ հայտարարագրման նպատակը շարունակում է մնալ նույնը՝ անկախ նրանից, թե ինչ կասեն իշխանության քարոզիչները։ Պատահական չէ, որ այդ ճանապարհին պատրաստ են ցանկացած խաբեության ու կեղծիքի դիմել՝ հայտարարագրումն արդարացնելու համար։

Այնտեղ են հասել, որ անգամ ակնհայտ երևույթներն են բացահայտ կեղծում։

Ասում են՝ հայտարարագրման շրջանակներում քաղաքացիների բանկային գաղտնիքը չի տուժելու։ ՊԵԿ-ը քաղաքացիների բանկային հաշիվներին հասանելիություն ունենալու է այնքանով, որ ստանալու է ընդամենը երկու տվյալ՝ մուտքերի ու ելքերի հանրագումարը։ Բանկային հաշվի վերաբերյալ ցանկացած այլ տվյալի պետությունը կարող է հասանելիություն ունենալ միայն դատարանի որոշմամբ կամ քաղաքացու համաձայնությամբ, եթե քաղաքացին անհրաժեշտության դեպքում տրամադրի քաղվածք՝ բանկային հաշիվների շարժերի վերաբերյալ։ Այն պարագայում, երբ իրենց իսկ կատարած օրենսդրական փոփոխությունից հետո, ՊԵԿ-ի հասարակ տեսուչը կարող է ցանկացած քաղաքացուց պահանջել ու ստանալ ցանկացած տվյալ՝ նրա բանկային հաշիվների վերաբերյալ։ Եվ դա ոչ թե քաղաքացու ցանկությամբ է լինելու, այլ պարտադիր պահանջ է։ Երեք օրվա ընթացքում քաղաքացին պիտի ներկայացնի պահանջվող տվյալները, հակառակ դեպքում դառնում է «տուգանքի ու պատժվելու մատերիալ»։

Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում՝ մտնել քաղաքացու գրպան ու հարկել նրա մինչև վերջին կոպեկը։

Քանի դեռ հասարակական դժգոհությունները մեծ են՝ անշուշտ, որոշ զիջումների կգնան։ Վաղը, երբ այս ամենը կհանդարտվի՝ կանցնեն գործի։ Էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու վճարն էլ կվերականգնեն ու կթանկացնեն, նվիրատվություններն ու տրանսֆերտները, սոցիալական բնույթի օգնություններն ու մյուս բոլոր անուղղակի եկամուտներն էլ կհարկեն։ Կստիպեն հայտարարագրել ու հարկեր վճարել, որպեսզի պետական բյուջեի հաշվին բավարարեն իրենց անընդհատ աճող ախորժակը։

Սա է հայտարարագրման նպատակը և ոչ թե քաղաքացիներին գումարներ վերադարձնելը, որն առանց հայտարարագրման էլ կարող էին անել։ Եթե կարողացել են հաշվարկել, որ 70 մլրդ դրամի են հասնելու վերադարձվող գումարները, նշանակում է՝ գիտեն նաև դրա շահառուներին։ Ու եթե այդքան մտածում են այս մարդկանց մասին՝ առանց հայտարարագրելու էլ կարող են վերադարձնել գումարները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս