«2023 թվականից կհայտարարագրվեն առողջապահության համար արված ծախսերը». Բաբկեն Թունյանը՝ օրենքի փոփոխության մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդրվելու է եկող տարվանից՝ համապատասխան օրենսդրական կարգավորումները կընդունվեն այս տարվա վերջին, ենթադրում է՝ դեկտեմբերի 6-ին մեկնարկող քառօրյային նախագիծն առաջին ընթերցմամբ կընդունեն։
«Իհարկե, ժամանակը կարճ է, բայց մենք անպայման կունենանք բաց քննարկումներ, կհրավիրենք բոլոր շահագրգիռ կողմերին, փորձագիտական շրջանակներին և անպայման իրենց կարծիքն էլ հաշվի կառնենք։
Ինչ վերաբերում է ծախսերի հայտարարագրմանը, ապա եկամուտների հայտարարագրման մեջ հիմնական շեշտը դրվում է եկամուտների վրա, իսկ ծախսերի մասը վերաբերելու է այն ուղղություններին, որոնց դեպքում, այսպես ասած՝ սոցիալական կրեդիտներ են աշխատելու։ Օրինակ, առողջապահության կամ կրթության ուղղությամբ կատարված ծախսերը, որոնք կհայտարարագրվեն, հետո որոշակի փոխհատուցում կստացվի պետությունից, կա՛մ հարկման բազայից կնվազեցվի, կա՛մ հարկերը հետ կվերադարձվեն։ Այսինքն՝ զուտ օգուտ ստանալու նպատակով ծախսերը հայտարարագրելու համար այդ հնարավորությունը կլինի»,- նշեց Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ այս բոլոր հարցերը մանրամասն քննարկելու ժամանակ ունենալու են։
Ինչ վերաբերում է 2023 թվականի պետական բյուջեին, Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ իրականում ամենակարևոր տնտեսական թեմաներից մեկն է, որը քննարկվում է ԱԺ-ում և հսկայական աշխատանք է կատարվում։
«Ուզում եմ ասել, որ բավականին անշնորհակալ գործ է բյուջեով զբաղվելը, և ուզում եմ Ֆինանսների նախարարությանը շնորհակալություն հայտնել՝ այդ հիմնական բեռն իրենց վրա կրելու համար, որովհետև ասում են՝ բյուջեն մշակելը հիասթափությունները հավասարաչափ բաշխելու մշակույթ է, որովհետև ինչպես անում են, միշտ բոլորը դժգոհ են մնում։ Շատ կարևոր է, որ վերջում այդ բոլորի հիասթափությունները հավասարաչափ բաշխվեն։ Շատ արդյունավետ կլիներ, եթե ընդդիմադիր մեր գործընկերները մասնակցեին այս քննարկումներին, և այն հարցերը, որոնք մենք չենք հնչեցրել, իրենք հնչեցնեին, բայց ունենք այն, ինչ ունենք։ Չեմ ուզում բյուջեի քննարկումը վերածել ընդդիմադիր գործընկերների հասցեին գնահատական տալուն, բայց, օրինակ, ես ակնկալում էի, որ գոնե այսօր լիագումար նիստերի դահլիճում կմասնակցեն»,- շեշտեց իշխանական պատգամավորը։
Բաբկեն Թունյանի դիտարկմամբ՝ 2023 թվականի բյուջեն մի քանի առումներով առանձնանում է, որովհետև կարելի է ասել, որ այն հավակնոտ բյուջե է։ Նա հիշեցրեց, որ Կառավարության ծրագրով նախատեսել են յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, և հաշվի առնելով, որ այս տարի տարբեր գնահատականներով տնտեսական աճը կազմելու է 12-14 տոկոս, այդ աճի բազայի ֆոնի վրա բավականին մեծ թռիչք է՝ ևս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում