«Նոր պատերազմի հավանականությունը շատ մեծ է. պետք է պատրաստվել». Արմեն Բաղդասարյան
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվել են Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, բայց գեղեցիկ ձևակերպում են հորինել, թե դա պատվիրակել են ռուս խաղաղապահներին:
«Այսինքն՝ իրենք հանձնել են, բայց ոչ թե Ադրբեջանին, այլ ռուս խաղաղապահներին: Եթե պատվիրակել են և այդ հարցից ձեռքերը լվացել են, բնականաբար, հետագա հարցերը պետք է քննարկվեն ռուս-ադրբեջանական տիրույթում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը մի կողմից խոսում է խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության մասին, մյուս կողմից ասում է, որ եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել. «ՌԴ-ն ուզո՞ւմ է, և կարո՞ղ է այդ դերը կատարել, մենք ուրախ ենք: ՄԱԿ-ի անվտանգության խորհո՞ւրդը, ուրի՞շ միջազգային խաղացողներ, որոնք կարող են ռեալ այդ դերը ստանձնել և իրականացնել, մենք պատրաստ ենք այդպիսի քննարկումների»:
Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ եթե խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակին են կողմ իշխանությունները, ինչպես իրենք են պնդում, ինչո՞ւ են կասկածում, որ Ռուսաստանը պատրաստ կլինի երաշխավորել նաև դրա իրագործումը:
«Նախ՝ ես չգիտեմ՝ կողմ են, թե կողմ չեն, երկրորդ՝ կապ չունի, թե Հայաստանի իշխանություններն ինչին են կողմ, եթե Ադրբեջանը համաձայն չէ դրա շուրջ բանակցություններ շարունակել, Հայաստանի համաձայնությունը ոչինչ չարժե: Ամենաէական տարբերությունը Արցախի կարգավիճակի հարցն է, որը, ըստ ռուսական առաջարկի՝ պետք է անորոշ ժամանակով հետաձգվի, ըստ Ադրբեջանի՝ այդպիսի հարց ընդհանրապես գոյություն չունի: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ այս դիրքորոշումները շփման եզրեր չունեն: Հետևաբար, ռուսական առաջարկներին Ադրբեջանը չի համաձայնելու, առավել ևս, որ կա Թուրքիայի աջակցությունը, առավել ևս, որ ռուս-թուրքական հարաբերություններում շատ ավելի լուրջ խնդիրներ կան, և հայ-ադրբեջանական կոնֆլիկտն ուղղակի դրանցից մեկն է միայն: Ադրբեջանը խամաճիկ պետություն է, Թուրքիայի վիլայեթն է, այսինքն՝ Ադրբեջանի ընդունել-չընդունելը մեծապես կախված է Թուրքիայի դիրքորոշումից, և, թե ինչ է ակնկալում Թուրքիան այս կամ այն հարցում:
Ինչ վերաբերում է այդ թղթին (նկատի ունի խաղաղության պայմանագիրը.- Ռ.Մ.), ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ այն գրոշի արժեք չունի, եթե երաշխիքներ չկան: Բայց ինձ համար անհասկանալի է, թե ինչու է նա որպես մեծ նվաճում ներկայացնում այն, թե կողմերը համաձայնել են միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչել՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Այդ հռչակագիրը ԱՊՀ ստեղծման փաստաթղթի մի մասն է, իսկ այդ փաստաթուղթը ՀՀ ԳԽ-ն վավերացրել է վերապահումով, որ կողմերը պարտավորվում են հարգել ինքնորոշման իրավունքը, իսկ Ադրբեջանի խորհրդարանն ընդհանրապես չի վավերացրել: Այսինքն՝ եթե անգամ դրա հիման վրա կողմերը որոշեն ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, կես ժամ անց Ադրբեջանը կարող է ասել, որ քանի որ իրենց ԱԺ-ն դա չի վավերացրել, դա ընդունելի չէ»,- ի պատասխան՝ ասաց նա:
Քաղաքական վերլուծաբանի տպավորությամբ՝ Հայաստանի իշխանություններն այլևս նախկին ոգևորությամբ չեն խոսում խաղաղության պայմանագրի ստորագրման մասին. «Այո, առաջ ասում էին՝ մինչև տարեվերջ պետք է ստորագրեն, հիմա ասում են՝ մինչև տարեվերջ ձգտելու են, բայց միաժամանակ ասում են, որ պատրանքներ չունենաք, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի: Ես չգիտեմ՝ հիմա՞ են հասկացել: Դա վաղուց էր ակնհայտ, հենց 2020թ. նոյեմբերի 11-ից, որ Ադրբեջանը ոչ թե խաղաղության է պատրաստվում, այլ պատերազմի շարունակությանը, որովհետև նոյեմբերի 10-ով պատերազմը չի ավարտվել, այլ սառեցվել է:
Ադրբեջանը հռչակում է իր նպատակը՝ ամբողջովին հայաթափել Արցախը, և ինչպես իրենք են ասում՝ գրավել Զանգեզուրը, Բասարգեչարը և այլն: Եթե իրենց նպատակը դա է, ուրեմն՝ պատերազմը չի ավարտվել: Եթե մեր նպատակն է՝ անպայմանորեն առնվազն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելը և Արցախի՝ գոնե ԼՂԻՄ նախկին սահմաններում վերականգնել հայկական ներկայությունն ու ապահովել արցախահայության անվտանգությունը, ուրեմն՝ մեզ համար նույնպես պատերազմը չի ավարտվել: Իսկ եթե երկու կողմերն էլ համարում են, որ պատերազմը չի ավարտվել, ուրեմն՝ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ընդամենը քարոզչական նպատակ են հետապնդում: Բանակցային գործընթացը սովորական թատրոն է, որտեղ կողմերից ամեն մեկն ուզում է ցույց տալ, որ նոր պատերազմի դեպքում մեղավոր լինելու է ոչ թե ինքը, այլ դիմացինը»:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում հայկական կողմի անելիքներին, նա ընդգծեց՝ հայկական կողմը պետք է անի այն, ինչ պետք է աներ երկու տարի շարունակ. «Պետք է պատրաստվի նոր պատերազմի, որովհետև դրա հավանականությունը շատ մեծ է: Բնականաբար, նաև միջազգային ատյաններում հիմնավորի Ադրբեջանի ագրեսիան, բոլոր փաստաթղթերով ցույց տա, որ նրանք ագրեսոր են, բայց դրանք զուգահեռ պրոցեսներ են և մեկը մյուսով պետք չէ փոխարինել: Այո, պետք է բանակցել խաղաղության շուրջ, բայց եթե հասկանում ենք, որ դա չի լինելու, այդ բանակցությունները պետք է ծառայեցնենք այն նպատակին, որին Ադրբեջանն է ծառայեցնում, այսինքն՝ աշխարհին ցույց տալ, որ ագրեսորը նրանք են, և այլընտրանք չունենք, կամ էլ միջազգային ճնշումներով պետք է Ադրբեջանին ստիպեն վերջ տալ Հայաստանի օկուպացիային, զորքերը դուրս բերել ՀՀ ինքնիշխան տարածքից և ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում