Ինչպես ծանրաձողը չգցես պարանոցիդ. մեքենան առանց շարժիչի և տնտեսությունն առանց անվտանգության՝ տեղից չի շարժվի. Վարդան Արամյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հանրային ֆինանսների կառավարման միջազգային փորձագետ, ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ընկերությունների ավագ փոխնախագահ Վարդան Արամյանն է: 

  • Արդյո՞ք բյուջում ճիշտ են սահմանվել գերակայությունները, արդյո՞ք հաշվի են առնվել, թե ինչ է ակնկալում քաղաքացին, հարկատուն:
  • Որևէ երկրի Պետական բյուջեն ոչ միայն ծրագրերի նախագիծ է, այլ նաև կառավարման գործիք է:
  • Իհարկե, նախկին իշխանությունների օրոք ստեղծված հարկաբյուջետային կանոններն այսօր էլ աշխատում են, դրանք նույնիսկ Արժույթի միջազգային հիմնադրամը սկսել էր տարածել այլ երկրներում, սակայն կարևոր է դրանց ճիշտ կիրառումը. այնինչ, այսօր կատարողականը շատ ցածր է:
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի խելամիտ. ընթացիկ ծախսերն աճում են, կապիտալ ծախսերը՝ թերակատարվում:
  • Նախկին իշխանությունների օրոք 2018 թվականից ներդրված է ծրագրային բյուջետային համակարգը, Ֆինանսների նախարարությունը դրանք հավուր պատշաճի ներկայացնում է, սակայն այդ գործիքներն արդյունավետ չեն գործում:

  • Ներդրումների համար անհրաժեշտ է 4 կարևոր բաղադրիչ ապահովել՝ հարկաբյուջետային, ֆինանսական, դրամավարկային քաղաքականություն և անվտանգություն. կարևոր է հաշվի առնել նաև ծախսերի գերակայությունը: Այստեղ կա խնդիր, ներդրում կատարող տնտեսվարողը սրտնեղում է, երբ տեսնում է, որ իր վճարած հարկերի հաշվին հատկացումներ են անում, օրինակ,  ոստիկանությունում: Ծախսերը պետք է արդյունավետ կառավարել, որպեսզի նաև հարկատուն բավարարված լինի:
  • Եթե վերանորոգում են ճանապարհները, բայց ադրբեջանցիներն իրենց դիրքերը մոտեցրել են այդ ճանապարհներին, տնտեսվարողը ռիսկեր է տեսնում, ճանապարհը քիչ է օգտագործվում, դա էլ հանգեցնում է տնտեսական կորուստների:
  • Այն, որ այսօր պարեկները գեղեցիկ համազգեստ ունեն, լավ մեքենաներ ունեն՝ դրական հանգամանք է, բայց այդ ամենի հետ մեկտեղ՝ հարկատուն պետք է այդ պարեկների գործունեությունից իրեն ապահով զգա՝ հունվար-փետրվար ամիսներին ճանապարհային երթևեկության պատահարների թիվն աճել է 70 տոկոսով, սա լուրջ պրոբլեմ է:
  • Վերջին շրջանում, նաև հեռուստահոլովակների միջոցով շատ են խոսում Երևանում ապաստարանների մասին. եթե կա ապաստարանների և դրանց կիրառման անհրաժեշտության հարց, ուրեմն կա ռիսկ անվտանգության առումով, ինչից էլ բխում է, որ կան ծախսերի, ներդրումներ կատարելու ռիսկեր: Ներդրողը, պատկերավոր ասած՝ հարս չի գնա այն տուն, որը կարգաբերված չէ:

  • Երբ հարկատուն տեսնում է, որ պատերազմի ավարտից հետո երկու բյուջետային տարի պաշտպանական ծախսերը չեն աճում՝ մտահոգություն և ռիսկ է առաջանում, հատկապես, երբ տեսնում է, թե ինչպես են մյուս ոլորտներում ծախսերն աճում: Իհարկե, հանուն արդարության, պետք է ընդունել, որ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով, երկու տարի ուշացումով, պաշտպանական ծախսերն ավելացվել են, բայց հարկատուն պետք է տեսնի նաև, որ դրանք կատարվում են:
  • Բյուջեում ներառված ծախսային գերակայությունների վերանայման անհրաժեշտություն կա:
  • 2015 թվականին բյուջետային իրավիճակը բավականին լարված էր, նոր կառավարությունը և բյուջեն ձևավորվեց անկումների և ռեցեսիայի պայմաններում, կար խնդիր, ուստի որոշվեց ծախսերի առաջնահերթությունները:
  • Բնակարանաշինությունը, ռեստորանների թվաքանակի աճը սկսել է խեղդել արտահանելի հատվածին. եթե քո տնտեսության առաջնորդողը ոչ արտահանելի հատվածն է, ապա մի օր ֆինանսական հոսքերը կարող են դադարել, և երկրի տնտեսությունը կբախվի լրջագույն խնդիրների:
  • Եղել է պատերազմ, եղել է նաև զինտեխնիկայի կորուստ՝ առաջնահերթ խնդիր է դրանց վերականգնումը, պետք չէ սպասել, թե երբ կլինի տնտեսական բում, որ դրանից հետո միայն պաշտպանական ծախսեր կատարել: Մենք ժամանակից հետ ենք ընկել:
  • Այսօր տնտեսության բումային իրավիճակում են Հայաստանը, Վրաստանը և այն երկրները, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են Ռուսաստանի, Ուկրաինայի հետ:
  • Ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվելուց հետո այդ երկրներից մարդիկ՝ ֆիրմաներ, տնային տնտեսություններ, սկսեցին իրենց գումարները տեղափոխել համեմատաբար ավելի ապահով երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան: Նման իրավիճակներում, սովորաբար, մարդկանց փախուստը երկար չի տևում, հիմնականում՝ առաջին տարվա ընթացքում:
  • Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ այս տարի Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումներն աճել են 5-6 անգամ:
  • Այլ երկրներից Հայաստան ներմուծվածը վերարտահանվում է, և հենց դրանով է պայմանավորված 60% աճը, և ոչ թե՝ սեփական արտադրության արտահանմամբ:
  • Մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը 4-5 տոկոս է, սակայն ակնկալվում է, որ 12-13 տոկոս աճ կլինի, այսինքն՝ ծանրաձողը քաշից ավելին է լինելու, ակնհայտ է, որ արտաքին գործոնների չլինելու և մեր իրական պոտենցիալի դեպքում ծանրաձողը կընկնի մեր պարանոցին:
  • Ավտոմեքենա սարքելիս, երբ նպատակն այն է, որ մեքենան շարժվի, թեև կան անիվներ, «սալոնը» գեղեցիկ է, բայց բացակայում են շարժիչի մասերը, մեքենան չի շարժվի, նույնն էլ տնտեսության մեջ է, երբ կա անվտանգության խնդիր:

Կարդացեք նաև

  • 74 տոկոս օտարերկրյա, մասնավորապես՝ սփյուռքահայության ներդրումներ ունենալու մասին հայտարարությունները հոյակապ են, բայց դրանք իրականացնելու համար կան լուրջ խնդիրներ:
  • Մեր տնտեսության մեջ ունենք լուրջ խնդիրներ՝ արտահանելի հատվածը խեղդվում է:
  • 2 տարի անընդմեջ մենք ունենք գնաճ՝ 2021-ին՝ 7 տոկոս, 2022-ին՝ միջինում 8.5 տոկոս, արտահանողն արդեն գնաճի այս ֆոնին տուժում է, աճում են ծախսերը…
  • Կառավարության կիրառած գործիքակազմը բավարար չէ, սուբսիդավորումը ստեղծում է բարոյահոգեբանական վնաս:
  • ԿԲ-ն պետք է շատ ագրեսիվ լիներ՝ պետք է տնտեսությունից գներ արտարժույթը և չպետք է թույլ տար, որ դրամն այդքան արժևորվեր, բայց այդ հարցում ԿԲ-ին պետք է օգներ կառավարությունը՝ հարկային գործիքներով, և այդ լրացուցիչ փողերը ներքաշեր և չսներ գնաճային սպասումները. եթե ԿԲ-ին թողնում ես միայնակ, ապա նա անում է այն քայլերը, ինչ պարտավոր է անել:
  • ՏՏ ոլորտի ճնշումներին տրվելը նոր վտանգներ է ստեղծում, օրինակ է ծառայում այլոց համար՝ նման ճնշումների միջոցով նույն արդյունքների հասնել. Մի խմբային շահերին կուլ գնալով՝ նախադեպ է ստեղծվում:
  • Խիստ վտանգավոր է, երբ պետությունը տրվում է խմբային շահերի ճնշումներին. շանտաժը վտանգավոր գործիք է պետության համար:
  • ՏՏ ընկերություններին արտոնություններ պետք է տրվեն որոշակի նախապայմաններով և ժամկետով:
  • Մենք ունենք դրամի 20% արժևորում, նոր տարվա շեմին թիվը կարող է աճել:

Տեսանյութեր

Լրահոս