Ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում, հանգիստը դա դանդաղկոտությունը չէ, այլ հաշվարկված քայլերը. Շարմազանովը՝ Փաշինյանի հեռացման պահանջի մասին

Արդյոք ՀՀԿ-ն, 3-րդ նախագահը լինելո՞ւ է այսօր Հանրապետության հրապարակում. լրագրողների հարցին ի պատասխան՝ Հաղթանակ զբոսայգում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հանրապետականը, 6 տարի է, պայքարում է:

«Երբ որ ես և իմ ընկերները պայքարում էինք, այսօրվա շատ պայքարողներ դեռևս մոլորության մեջ էին. կամ մեզ մերժում էին, կամ Նիկոլ Փաշինյանին ծափահարում էին: 2018 թվականի մայիսից չի եղել մի օր, որ Հանրապետականը չպայքարի, հետևաբար՝ մեր պայքարը երբեք չի դադարել: Մենք գաղափարական պայքար ենք մղում, և մեր նպատակը Հայաստանի ազատումն է նիկոլիզմից, և, բնականաբար, մենք ողջունում ենք բոլոր այն շարժումները, որտեղ կա ազնիվ մղում՝ ազատվել այս հակահայկական ռեժիմից, խմբակից, և փորձել պահպանել հայկական պետականության փշրանքները, հետո հասնել հայկական պետականության ռենեսանսի: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը շարժմանը, երեկ մեր երիտասարդները եղել են Աբովյանում, այսօր, համոզված եմ, ավելի մեծ խմբով, քան Հաղթանակ զբոսայգում ենք, կլինենք Հանրապետության հրապարակում»,- շարունակել է Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նրան, որ Բագրատ Սրբազանը չի ասում՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն են պահանջում, կարո՞ղ է շարժումը հաջողել, եթե չկան քաղաքական հայտարարություններ, Շարմազանովն արձագանքել է՝ ցանկացած ազգանվեր գործ հանգիստ է սիրում, հանգիստը դա դանդաղկոտությունը չէ, այլ հաշվարկված քայլերը, որ ցանկացած քայլ պիտի իր ժամանակին արվի:

«Պետք չի շտապել: Շարժման առաջնորդը Բագրատ Սրբազանն է, երբ կգա Երևան, կամբողջացնի իր շարժման նպատակները, այն ժամանակ մենք մեր քաղաքական գնահատականը կտանք»,- շեշտել է նա:

Կարդացեք նաև

Իսկ հարցին, որ ըստ Նիկոլ Փաշինյանի, սահմանագծման գործընթացը խոչընդոտել՝ նշանակում է պատերազմ հրահրել, Շարմազանովը հիշեցրել է, որ Փաշինյանի ղեկավարման ժամանակ 4 տարում 3 պատերազմ է եղել՝ 2020 թվականին, 2022 թվականին և 2023 թվականին:

«Հայաստանի 30 տարվա պատմության մեջ նախկին 3 նախագահներն այնքան պատերազմ չեն բերել, ինչքան Նիկոլ Փաշինյանը՝ 3-4 տարվա ընթացքում»,- ընդգծել է հանրապետական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս