Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը համերաշխություն է հայտնել Հայաստանին՝ դեմ քվեարկելով Ադրբեջանի հետ միջազգային համաձայնագրին
Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, նոյեմբերի 3-ին չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն հայտնեց, որ Մադրիդում 2021 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը ենթադրում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և այդ տեղեկատվության պաշտպանություն։
Պատգամավորների քվեարկության արդյունքում համաձայնագիրը 174 դեմ և 132 կողմ ձայներով չի վավերացվել։
Քվեարկությունից առաջ՝ համաձայնագրի շուրջ քննարկումների ժամանակ, Ինյարիտուն «անհեթեթություն» է որակել նմանօրինակ համաձայնագրի ստորագրումը՝ հատկապես հենց այս պահին, երբ «ագրեսոր Ադրբեջանը սեպտեմբերին հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ օկուպացնելով Հայաստանի մի քանի քառակուսի կիլոմետր տարածք»։ «Ադրբեջանական ռեժիմը կոռումպացված է, ագրեսոր և այլախոհների հանդեպ անհանդուրժող»,- նշել է Ինյարիտուն՝ ընդգծելով այդ երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարումների փաստն ու քաղբանտարկյալների մեծ թիվը։
Մեկ այլ պատգամավոր՝ Մարտա Ռոսիկը, դատապարտել է Իսպանիայի կառավարությանը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի առնչությամբ լուռ մնալու համար։ Նա նաև քննադատությամբ է հանդես եկել առ այն, որ Իսպանիան մինչ օրս չի ճանաչել «այնպիսի վայրագությունը, ինչպիսին է հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը և փոխարենը ցանկանում է նման համաձայնագիր կնքել»։