
ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է Եվրոպական Միության ջանքերն այդ ուղղությամբ:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան:
«Լավ նորություն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատման հարցը, ինչն անհրաժեշտ է տեղում անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է այդ ուղղությամբ ԵՄ-ի ջանքերը, ներառյալ՝ այս հանդիպման հյուրընկալումը»,- գրել է Կոլոմինան՝ կիսվելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հրապարակումը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպման վերաբերյալ:
Բրյուսելում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները: