Ցիրկի պերաշկիից մինչև բուլվարի իքիբիր. ինչ էին 1970-80-ականներին փողոցներում ուտում երևանցիները

Յուրաքանչյուր քաղաք ունի իրեն հատուկ փողոցային կերակուրը: Նյու Յորքը հայտնի է իր հոթ-դոգներով, որոնցից լավագույնները, ըստ բազմաթիվ աղբյուրների հավաստումների, կգտնեք կենտրոնական այգում: Փարիզում ոգեշնչող է անգամ ամենահասարակ կերակուրը: Կրեպ կարող եք ուտել սրճարաններում ևս, բայց տեղացիները նախընտրում են ճաշակել այն Մոնպառնասի շրջակայքի փողոցներում: Երևանի փողոցներում կարելի է գտնել սրտիդ ուզածը՝ կտրատած մրգերից մինչև ընկույզ, խաչապուրիներ և կարկանդակներ, սուրճի անհաշվելի տեսակներ, և երեխաների ամենասիրելին՝ քաղցր բամբակ: Սակայն մեր գողտրիկ մայրաքաղաքի փողոցները միշտ չէ, որ աչքի են ընկել իրենց գաստրոնոմիկ առատությամբ: Խորհրդային Հայաստանում փողոցային սնունդի տեսականին համեստ էր, համը՝ աննկարագրելի, վստահ են հին երևանցիները: Հենց նրանցից մեկի՝ հորս՝ Վահրամ Գաբուզյանի հետ հիշողությունների զբոսանքի շրջանակներում բացահայտում ենք ջազով շնչող, ռոքով արտաշնչող քաղաքի համն ու հոտը:

Պերաշկի (կարկանդակ)

Լուսանկարը` Երևանի պատմության թանգարան

«Շատ համեղ պերաշկիներ տարբեր վայրերում վաճառում էին: Բայց ամենահայտնին, ըստ իս, որը տարբերվում էր մնացածից, «ցիրկի պերաշկին» էր: Գուցե ոչ ամենահամեղը, բայց ամենահայտնին: Կրկեսի հարևանությամբ գտնվող տարածքում վաճառում էին միայն պերաշկի և գարեջուր: Այն ժամանակ կարտոֆիլով պերաշկի հասկացություն չկար, պերաշկին միայն մսով էր: Ի տարբերություն, մնացած բոլոր տեղերի, որտեղ միսը քիչ էին դնում, նույնիսկ անեկդոտ կա՝ «հադմ էլ խաձե, ընցար», «ցիրկի պերաշկիների» միսն առատ էր: «Ցիրկի պերաշկիները» նաև յուրահատուկ ձև ունեին. ծայրերը սուր չէին, կտրած էին»:

Կարդացեք նաև

Չեբուրեկի

«Իմ մեջ տպավորված միակ չեբուրեչնին եղել է պրոսպեկտում՝ Լենինի պողոտայի վրա (այժմ՝ Մաշտոցի պողոտա): Վայրը, որտեղ վաճառում էին քաղաքի ամենահայտնի չերբուեկիները, այժմ KFC է դարձել: Չեբուրեկիները նույն ֆորման ունեին, ինչ հիմա, բայց լրիվ այլ համի էին: Միսը քիչ էր, շատ թաց ու շատ համեղ»:

Պոնչիկ

1999թ. Լուսանկարը՝ «Գրանդ Քենդի»-ի արխիվից

«Պոնչիկ պատրաստվում էր հանրահայտ պոնչիկանոցում: Այսօրվա «Գրանդ Քենդիի» պոնչիկանոցի տեղում էր, մեկ մեծ սրահ էր: Սեղան, աթոռներ էին դրած: Մարդիկ հերթ էին կանգում պոնչիկի և կակաոյի համար: Բացի հանրահայտ վայրից նույն պոնչիկներից կարելի էր գտնել նաև որոշ կրպակներում: Ամենատպավորվածը Կիրովի անվան մանկական զբոսայգու հարևանությամբ գտնվող կրպակն էր, որտեղ ամեն օր առավոտյան ժամը 11-12-ին պոնչիկ էին ստանում: Հիմա կոնկրետ ժամը չեմ հիշում, բայց առաջ գիտեի, որովհետև դասարանի տղաներով այդ ժամին դասի չէինք նստում: Մեկ սկուտեղ պոնչիկ և դեղձի հյութ էինք գնում: Այդ կրպակի պոնչիկներն ամենահամեղն էին թվում, որովհետև պոնչիկ ուտելու համար դասից փախչում էինք»:

Պաղպաղակ

«Խորհրդային Երևանում կար ընդամենը չորս տեսակի պաղպաղակ՝ սերուցքային, պլոմբիր, բաժակով ու էսկիմո: Շատ համեղ պաղպաղակներ կային սրճարաններում, բայց փողոցներում այս չոր տեսակն էին: Ամենահամեղը փոքր էսկիմոն էր: Ամենահետաքրքիրն այն էր, որ այդ պաղպաղակից շրջաններում չէր վաճառվում:

Կային շրջիկ պաղպաղակավաճառներ, որոնք մոտոցիկլետով էին շրջում: Պաղպաղակ հիմնականում գնում էինք պրոսպեկտից»:

Պիշկի

«Առաջին անգամ պիշկի պատրաստել են 1970-ականների վերջերին, 1980-ականների սկզբներին: Իմ հիշելով՝ առաջին պիշկիյանոցը բացվեց սրճարանում, որը գտնվում էր Կիրովի անվան մանկական զբոսայգում: Երբ պիշկին հայտնվեց Երևանում, մարդիկ հերթ էին կանգնում գնելու համար: Եվ պատճառը ոչ միայն համն էր, այլև պատրաստման ձևը: Մարդիկ կանգնում, նայում էին՝ ինչպես է պիշկին պատրաստվում»:

Խորոված

«1980-ականների վերջերին, 1990-ականների սկզբներին, երբ երկրում պետական փոփոխություններ էին կատարվում, Երևանում սկսվեց խորովածային շարժում: Պռոշյան փողոցում մարդիկ սկսեցին խորոված պատրաստել: Հենց փողոցում: Ամեն ինչ սկսվեց մեկ ավտոտնակից:

Խորոված վաճառում էին նաև Բուլվարում: Մանղալ էր դրված: Մարդիկ գնում էին, հենց փողոցում՝ քարերի վրա նստած, խորոված էին ուտում»:

Անի Գաբուզյան

Տեսանյութեր

Լրահոս