Ձկների քանակը կախված է պահպանության որակից. Բարդուխ Գաբրիելյանը՝ ջրային պարեկային ծառայության մասին
Հաջորդ տարի Սևանա լճում կգործի ջրային պարեկային ծառայություն։ Նորաստեղծ ստորաբաժանումը կգործի պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանման ենթակայությամբ: Սևանա լճում ջրային ժամանակակից տեխնիկայով ու հանդերձանքով պարեկություն կիրականացնեն համապատասխան որակավորմամբ պարեկները։ Այդ ուղղությամբ ՀՀ ոստիկանությունն ու արդարադատության նախարարությունն արդեն սկսել են համապատասխան աշխատանքներ իրականացնել։ Վերապատրաստումները կանցկացվեն միջազգային գործընկերների օժանդակությամբ։
Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի փոխանցմամբ՝ նախատեսվում է սկզբնական շրջանում ափամերձ տարածքներում ստեղծել 4 հենակետ՝ այսօր գործող 1 հենակետի փոխարեն: Նպատակը ինչպես հանգստացողների, քաղաքացիների, զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելն է, այնպես էլ բուն լճում կատարվող իրավախախտումների և հանցագործությունների կանխարգելումը:
Ջրային պարեկները ծառայություն կիրականացնեն ամբողջ տարվա ընթացքում։ Սևանա լճի ափամերձ տարածքում ամենապիկ ժամանակաշրջանը, բնականաբար, ամառն է։ Ամռանը ջրի վրա պարեկները կպահպանեն հասարակական կարգը, կհայտնաբերեն իրավախախտներին։ Ձմռանը՝ ձկնատեսակների ձվադրման շրջանում, կկանխեն և կբացահայտեն Սևանա լճի վրա ապօրինի ձկնորսության դեպքերը։
Քաղաքացիներից շատերը միանշանակ չեն ընդունել Ջրային պարեկային ծառայություն ստեղծելու նպատակով մշակված հայեցակարգը, շատերը դրան հումորով են վերաբերվել:
«Վերջ, էլ ջրում խմած չենք կարողանա լողալ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է օգտատերերից մեկը:
Մեկ ուրիշն էլ, թե՝ «Իսկ որ ուզում ես փախչես՝ սուզվում ես, գնում կորում, մոլորվո՞ւմ: Բա ով արագ լող տվեց՝ տուգանելո՞ւ են»:
Իսկ ինչ կարծիքի են հայեցակարգում նշված ձկնատեսակների ձվադրման շրջանում ապօրինի որսը կանխելուն ուղղված միջոցառումների մասին: Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ջրային պարեկային ծառայության դեպքում առաջընթաց կգրանցվի: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ամեն ինչ կախված է աշխատանքի որակից:
«Սևան ազգային պարկի տեսչությունը, տեսչական մարմինը հսկում է, մարզպետարանի համապատասխան բաժինը հսկում է, ոստիկանները հսկում են, հիմա, եթե մի հատ էլ այսպիսի խումբ է գալու և օգուտ չտա՝ չեմ հասկանում, բայց եթե իրոք աշխատելու են, ուրեմն մնացածին պետք է գործից ազատել և թողնել այս մարդկանց, ովքեր կաշխատեն: Տասը տեղ պետք չի հսկողություն: Մեկ լավ, որակով հսկողություն է պետք»,- մեզ հետ զրույցում ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը նշեց՝ այնպես չէ, որ հիմա գողությունը նույն ձևով շարունակվում է, սակայն այնպես էլ չէ, որ լիարժեք պահպանություն կա:
«Ինչ-որ չափով պահպանություն գոյություն ունի, եթե հաշվի առնենք այն, որ անցած տարի ձվադրման շրջանում ինչ-որ ձև պահպանեցին, ու արդյունքում՝ մենք ունեցանք ավելի շատ ձուկ, ու դրա համար էլ երկու անգամ ավելի որս թույլատրվեց: Ուղղակիորեն ձկների քանակը կախված է պահպանության որակից: Եթե նոր ստեղծվող ջրային պարեկային ծառայությունը նորմալ աշխատի, ապա մյուսներին պետք է ազատել, այս մարդկանց գումար տալ, որ պահպանեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը: