«Այս երկու ամիսը բավականին որոշիչ է լինելու. մինչև Նոր տարի». Տիգրան Քոչարյան

«Այսօր Արուսյակ Ալեքսանյանը լրացրեց այն պաշտոնյաների շարքը, ովքեր մտածում էին, որ Նիկոլ Փաշինյանին ծառայություններ մատուցելով՝ մեղքերի թողություն են ստանում և անձեռնմխելի են՝ Դավիթ Տոնոյան, Պատրոն Դավիթ, Ստեփան Գալստյան, Փիլոյան… Այդ շարքը կարելի է անվերջ շարունակել: Կուզենայի, որ Դավիթ Սանասարյանն էլ այդտեղ լիներ, բայց նա դեռ առկախված վիճակում է: Փաստորեն այս մարդիկ, ովքեր տարբեր էտապներում օգնել են Փաշինյանին և կամակատար են եղել, մտածել են, որ Փաշինյանն իրենց կների, բայց Փաշինյանը նման բան չունի»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ ընդգծելով, որ բարոյական կողմից տիեզերական արդարությունն աշխատեց Արուսյակ Ալեքսանյանի պարագայում:

«Նրա ձեռքերն արյունոտ են, և Արմեն Գրիգորյանի մահը ոչ ոք չի մարսելու, բոլորը հերթով պատասխան են տալու տարբեր ժամկետներով և տարբեր ձևերով: Արուսյակն առաջին ծիծեռնակն է լինելու, որովհետև մարդկանց ճակատագիրը խեղելու, մարդուն մահվան դուռը հասցնելու համար պետք է պատասխան տալ: Դա կլինի երկրայի՞ն, թե՞ երկնային դատաստանով, արդեն մեր որոշելիքը չէ, ամեն ինչ իր հունով գնում է»,- շեշտեց նա:

Տիգրան Քոչարյանը նկատեց՝ բոլոր դակիչների հետ ի վերջո նույնը լինելու է. «Փաշինյանի համար որևէ սրբություն, որևէ մարդկային հարաբերություն չկա, և որևէ մեկի լավության տակից ինքը դուրս գալու պարտավորվածություն չունի»:

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքին, նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ միջադեպից առաջ Ղազարյանը քննադատաբար էր արտահայտվել Աննա Հակոբյանի մասին. «Եթե չեմ սխալվում, միջադեպի նախորդ օրը Էդգար Ղազարյանը քննադատել էր Աննա Հակոբյանի հերթական գրառումը, և ուղղակի այնպես է ստացվում, որ ամեն անգամ Աննա Հակոբյանին քննադատելուց հետո քննադատողի հետ ինչ-որ խնդիրներ են առաջանում»:

Կարդացեք նաև

Տիգրան Քոչարյանը շեշտեց, որ Հայաստանում իրավիճակը կարող է ամեն վայրկյան փոխվել. «Արցախը հանձնվում է Ադրբեջանին, ունենք անհետ կորածներ, գերիներ, զոհեր, որոնց մեծ մասի անունը հրապարակված չէ: Յուրաքանչյուր օր իրավիճակը կարող է կտրուկ փոխվել: Մարդկանց փողոց հանելու համար առիթներ են պետք, կոնկրետ Բաղրամյանի դեպքերի ժամանակ այդ առիթն այն էր, որ Փաշինյանը հայտարարեց՝ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել:

Որպեսզի չեզոքացնես մարդկանց ցասումը՝ դու պետք է պատճառը չեզոքացնես, և Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, յութուբյան մի աստղ ունենք՝ նա, ասացին, որ նման բան չկա, և մարդկանց մի մասին ուղարկեցին տուն: Դրան գումարած՝ հարթակում հայտնվեցին մարդիկ, ովքեր մարդկանց հոծ բազմություն կառավարելու փորձ չունեին, հետո այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ պայքարում են ոչ թե Փաշինյանի, այլ ընդդիմադիր խմբակցությունների դեմ: Բայց ոչ մի շանս չի կորել, ճգնաժամը չի լուծվել, րոպեական մենք կարող ենք Երևանի փողոցներում ունենալ տասնյակ-հազարավոր մարդիկ:

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, նախօրոք գծված պլան է, որի հիմքում կան մի քանի բաղադրիչներ՝ առաջին՝ ազատվել Արցախից, երկրորդ՝ ազատվել ռուսական ռազմաբազայից տարածաշրջանում, երրորդ՝ խեղդել Իրանին: Բոլթոնի պլանը դեռևս ուժի մեջ է, և այս իշխանությունները 2018թ. այդ պլանը կատարում են՝ որոշակի ժամանակային և տարածքային շեղումներով: Փաշինյանի գլխացավն այն է, որ Արցախը պետք է տրվեր, և ռուսներից պահանջեին դուրս գալ Գյումրիից, և փաստորեն մեկ ռազմական ներկայության փոխարեն՝ Ռուսաստանը ստացավ երկրորդ ուժեղ հենակետ Արցախում»:

Նա ընդգծեց, որ Փաշինյանը, Ալիևը և Արևմուտքն արագացնում են «խաղաղության» փաստաթուղթ ստորագրելու պրոցեսը, որովհետև ըստ նրա՝ եթե Ռուսաստանը ուշքի գա Ուկրաինայում և ուշադրություն դարձնի այս տարածաշրջանի վրա, խնդիր է առաջանալու. «Հակառուսականությունը մեծ թափ է հավաքել Հայաստանում, հիմնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից հանելն է: Հայաստանի իշխանությունը վարում է հակառուսական քաղաքականություն, 2018թ. Հայաստանը ՌԴ դաշնակիցը չէ: Մենք շատ հաճախ Ռուսաստանից պահանջում ենք դաշնակցային հարաբերություններ, բայց մենք քայլեր չենք անում այդ ուղղությամբ: Հայաստանում հակառուսականության վահանակը գտնվում է Ալիևի ձեռքում, որովհետև Ալիևը շատ լավ հասկացել է, որ գլոբալ առումով այս փոքր միջադեպերով Ռուսաստանը չի խառնվի, ինքը բզբզում է: Ռուսաստանը մեղավոր է այնքանով, որ չի կարողանում նորմալ բացատրել՝ ինչու է այսպես, չեն աշխատում հասարակության հետ»:

Տիգրան Քոչարյանը հավելեց. «Այս ընթացքը պետք է կասեցվի, և այս երկու ամիսը բավականին որոշիչ է լինելու. մինչև Նոր տարի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս