Քամուն հակառակ․ ի՞նչ է կատարվում մեր շուրջը և ինչո՞վ ենք զբաղված մենք․ Դերենիկ Խաչատրյան
«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշխարհը գտնվում է սրընթաց փոփոխությունների և վերադասավորումների ակտիվ փուլում։ Օրինակ վերջերս հրապարակված ԱՄՆ անվտանգության ռազմավարության մեջ՝ նախագահ Բայդենի ուղերձում նշվում է․ «մենք գտնվում ենք համաշխարհային պատմության կարևոր շրջադարձային կետում»։ Ավելին, այդ նույն փաստաթղթում նշվում է, որ «հետսառըպատերազմյան ժամանակաշրջանը վերջնականապես ավարտված է», ինչպես նաև կարմիր գծով անցնում է այն գաղափարը, որ առաջիկա տասնամյակը լինելու է ամենավճռորոշը, որը էական ազդեցություն է ունենալու համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա։
Իրապես, այսօր աշխարհում տեղի են ունենում զարգացումներ, որոնք գրեթե անկանխատեսելի էին ոչ միայն տասնամյակներ առաջ, այլ նույնիսկ ամիսների կտրվածքով։ Սակայն կենտրոնանանք մեր անմիջական հետաքրքրությունների տիրույթում տեղի ունեցող գործընթացների վրա։
Երբ 2017թ-ին պաշտպանում էի «Հայաստանի արտաքին քաղաքականության տարածաշրջանային չափումները» թեմայով մագիստրոսական թեզս, կարող էի միայն տեսական ենթադրություններ անել մեր տարածաշրջանում Իրան- Հայաստան-Ռուսաստան(հեռանկարում նաև Հնդկաստան) հնարավոր ռազմաքաղաքական առանցքի ձևավորման հարցի շուրջ, որը պետք է հակադրվեր Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-(տեսականորեն նաև Պակիստան) առանցքին։ Հաշվարկը շատ պարզ էր և հիմնված էր տարածաշրջանային դերակատարների կենսական շահերի համադրման և համեմատության ոչ այնքան խրթին վարժության վրա։
Այժմ այս գործընթացը որոշակի գործնական ուրվագիծ է ստանում, սակայն ի տարբերություն 2017-ի, ներկայումս այս հարցում Հայաստանին վերապահված դերակատարությունը խիստ անորոշ և հակասական է։
Այսպես՝
– Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ուկրաինական ճգնաժամի համատեքստում աստիճանաբար քաղաքական և տնտեսական ոլորտներից անցում է կատարում դեպի ռազմական ոլորտ։ Այսօր ՌԴ-ը Ուկրաինայում ակտիվորեն կիրառում է Իրանական սպառազինություն, Երկու երկրները արդյունավետ համագործակցության մեխանիզմներ են ձևավորել Սիրիայում, կարևոր և հաճախ փոխլրացնող դերակատարություն են ստանձնել Հարավային Կովկասում թուրք-ադրբեջանական էքսպանսիան զսպելու տեսանկյունից։
– Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական համագործակցությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, այդ թովում հանձին այսպես կոչված «Շուշիի հռչակագրի»՝ հասցվել է ռազմավարական նոր մակարդակի։ Վրաստանը, Թուրքիայից և Ադրբեջանից հսկայական կախվածության բերումով, էլ ավելի է խրվել այս երկրներից ռազմաքաղաքական և տնտեսական կախվածության մեջ։ Սրանք բոլորը վայելում են Հավաքական Արևմուտքի անթաքույց հովանավորչությունը՝ ինչպես բիզնես-տնտեսական շահերի բերումով, այնպես էլ աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով։
– Պակիստանը աստիճանաբար ավելի ակնհայտորեն խորացնում է իր հարաբերությունները թուրք-ադրբեջանական առանցքի հետ՝ այդ թվում ռազմական ոլորտում, որդեգրել է ակնհայտ հակահայկական քաղաքականություն ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հետո։
– Տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է Հնդկաստանի հետաքրքրությունը, որը մտահոգ է Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքի հեռուն գնացող հավակնություններից և փորձում է Հայաստանի հետ՝ այդ թվում սպառազինությունների ոլորտում համագործակցության կամուրջներ կառուցել։ Որոշակի դրական դինամիկա է նկատվում նաև Հնդկաստան-ՌԴ և Հնդկաստան-Իրան հարաբերություններում։
– Աշխարհում և տարածաշրջանում սրընթաց աճում է Չինաստանի՝ նախ և առաջ տնտեսական, բայց նաև քաղաքական ազդեցությունը։ Աշխարհը թևակոխել է նոր երկբևեռ համակարգի ձևավորման փուլ։ Առհասարակ կարծում եմ, որ նոր աշխարհակարգը լինելու է երկբևեռ և բազմաբևեռ կարգերի միջակայքում՝ խիստ ռեգիոնալիզացիայի տեսքով, որտեղ երկու խոշոր բևեռների արանքում լինելու են ավելի փոքր(լոկալ, տարածաշրջանային) բևեռներ, որոնք թեև մանևրելու որոշակի դաշտ են ունենալու, բայց նաև ստիպված են լինելու հարել այս կամ այն հիմնական բևեռին։ Չինաստանի ու ԱՄՆ-ի հիմնական պայքարը լինելու է այս «լոկալ բևներին» դեպի իրենց կողմը կողմնորոշելու ուղղությամբ։
– Այս համատեքստում Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակի բերումով ՌԴ-ն աստիճանաբար փակվելու է արտաքին աշխարհից և ընկնելու է Չինաստանից հսկայական՝ առաջին հերթին տնտեսական կախվածության մեջ՝ ֆորմալ առումով դառնալով 3-րդ բևեռ, բայց նպաստելով նոր երկբևեռ աշխարհակարգի ձևավորմանը, ուր ՌԴ-ի շուրջ ձևավորվելու է այսպես կոչված «3-րդ աշխարհը»՝ որտեղ մեծ է լինելու Չինաստանի ազդեցությունը։ Այպդիսի «3-րդ, 4-րդ ․․․ աշխարհներ» կարող են ձևավորվել նաև այլ ռեգիոնալ բևեռների շուրջ՝ Թուրքիա, Իրան, Հնդկաստան, Բրազիլիա և այլն, որոնցից յուրաքանչյուրը կարող է հարել երկու հիմնական բևեռներից մեկին։
– Հենց վերոհիշյալի համատեքստում պետք է դիտարկել այնպիսի հարթակների ակտիվացումը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդմանն ուղղված կոնֆերանսը(որը շուտով կդառնա կազմակերպություն), Թուրքալեզու պետությունների կազմակերպությունը, AUKUS-ը և այլն։
– Աշխարհակարգի բևեռացումը հանգեցնում է հակամարտող կողմերի միջև նոր աշխարհաքաղաքական «շփման գծի» ձևավորմանը, և այդ գծի երկայնքով բախումներն ու հակամարտություններն անխուսափելի են դառնում։ Այսօր այդ պայմանական շփման գծի կիզակետում է հայտնվել Ուկրաինան, սակայն դրան շատ մոտ են նաև Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, Մերձավոր Արևելքը։
– Այս պայմաններում մեզ պես փոքր պետությունների համար գոյաբանական խնդիր է նախ հայտնվել աշխարհաքաղաքական դասավորության այնպիսի ուղեծրում, որը իրականում և «հողի վրա» ինչ որ չափով կերաշխավորի տվյալ երկրի ֆիզիկական գոյությունը, հետո խուսափել վերոհիշյալ շփման գծում բախման թատերաբեմի վերածվելու հեռանկարից։
⁉️ Որքանո՞վ են ՀՀ դե ֆակտո իշխանությունների գործողությունները տեղավորվում այս տրամաբանության մեջ․
– Նախ պետք է նշել, որ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտում ի սպառ բացակայում է վերոհիշյալ տեկտոնական տեղաշարժերի ամբողջական ընկալումն ու գիտակցումը։
– Մենք ոչ թե փորձում ենք խուսափել գերտերությունների ուղղակի բախումը մեր տարածաշրջան բերելու կործանարար հեռանկարից, այլ մեր քայլերով նրանց հրավիրում ենք հենց Հայաստանում կազմակերպել իրենց վճռորոշ աշխարհաքաղաքական ճակատամարտը։
– Հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ բախվում են ոչ միայն Երևանի ու Բաքվի, ալև Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, նույնիսկ Հնդկաստանի ու Պակիստանի, Չինաստանի ու հավաքական Արևմուտքի շահերը, մեր համառ ջանքերի շնորհիվ այժմ միջազգայնացվել է՝ իդեմս ՌԴ ռազմական և ԵՄ քաղաքական ներկայության։
– Մենք փորձում ենք հանուն արագ և հեշտ թվացող լուծումների՝ հրաժարվել մեր կենսական ազգային և պետական շահերից, գնալ միակողմանի և հապճեպ զիջումների ճանապարհով՝ չհասկանալով, որ սրանով միայն վատթարացնելու ենք սպասվող արհավիրքի ժամանակ մեր մեկնարկային պայմանները։
– Երբ ողջ աշխարհը, այդ թվում հետսառըպատերազմյան աշխարհակարգի ճարտարապետ ԱՄՆ-ն իր կարևորագույն ռազմավարության մեջ նշում է այդ համակարգի փլուզման և նոր համակարգի ձևավորման գործընթացի մասին, մենք շարունակում ենք մեր ներքին և արտաքին քաղաքականությունը կառուցել արդեն հնացած տրամաբանությամբ։ Վերջապես պետք է գիտակցել, որ այն, ինչ 2000-ականներին կարելի էր Վրաստանին(թեկուզ էլի կորուստների գնով, բայց ոչ էկզիստենցիալ), 2020-ականներին չի կարելի Հայաստանին, և սա այսօր նույնիսկ Թբիլիսիում են գիտակցում։
Ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ այսօր, մենք սլանում ենք աշխարհաքաղաքական քամիներին հակառակ, ուղղակի Սևրի պայմանագրին փոխարինելու է եկել Բրյուսելի հարթակը, իսկ Կարսի և Մոսկվայի պայմանագրերին կարող են փոխարինելու գալ պայմանական Բաքվի և Թեհրանի պայմանագրերը։ Եթե 100 տարի առաջ պետական մտածողության և պետական հասունության բացակայության արդյունքում կորցրեցինք մեր պատմական հայրենիքի հսկայական մասը, այժմ կանգնած ենք առհասարակ պետության և այս տարածաշրջանում մեր պատմական արեալի կորստի իրական սպառնալիքի առջև»։