Podcastle-ից դեպի Async. ինչ է փոխվում հայկական ստարտափի համար
Հայկական տեխնոլոգիական Podcastle ընկերությունը պաշտոնապես հայտարարել է ռեբրենդինգի մասին․ այսուհետ այն հանդես է գալու Async անվամբ։ Ընկերության փոխանցմամբ՝ անվան փոփոխությունը չի նշանակում Podcastle-ի գործունեության դադարեցում կամ ուղղության կտրուկ փոփոխություն․ ընդհակառակը՝ սա արտացոլում է վերջին տարիներին հարթակի էվոլյուցիան և ընդլայնված տեսլականը։
Podcastle-ից դեպի Async
Podcastle-ը հիմնադրվել է որպես ձայնային բովանդակության ստեղծման գործիք՝ հիմնականում փոդքասթերների համար։ Սակայն ժամանակի ընթացքում հարթակը վերածվել է շատ ավելի լայն կիրառություն ունեցող էկոհամակարգի, որը սպասարկում է տարբեր լսարանների՝ անհատ ստեղծագործողներից մինչև բիզնեսներ և ծրագրավորողներ։
Ընկերության պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ռեբրենդինգը չի ազդում օգտատերերի առկա փորձի վրա․
պահպանվում են բոլոր սոցիալական էջերը,
օգտատերերի պրոֆիլներն ու բովանդակությունը,
առկա գործիքներն ու ֆունկցիոնալը։
Փոփոխվում է ոչ թե բովանդակությունը, այլ ընկալումը․ Podcastle-ի նեղ «փոդքասթային» սահմանումից ընկերությունը դուրս է գալիս դեպի ամբողջական ստեղծագործական հարթակ։
Ըստ ընկերության՝ այսօր իրենց հարթակը օգտագործվում է միանգամից մի քանի հիմնական ուղղություններով․
Ստեղծագործողները Podcastle/Async-ը կիրառում են ձայնագրելու, մոնտաժելու, ձայնը բարելավելու և պատրաստի բովանդակությունը արագ հրապարակելու համար։
Թիմերն ու բիզնեսները հարթակին վստահում են հետևողական և բրենդավորված աուդիո բովանդակության ստեղծումը՝ առանց բարդ տեխնիկական գործընթացների։
Ծրագրավորողները արդեն աշխատում են Async Voice API-ի միջոցով՝ օգտագործելով ցածր ուշացումով (low-latency) տեքստից խոսք (text-to-speech) մոդելներ, որոնք նախատեսված են իրական արտադրանքներում կիրառման համար։
«Այն, ինչ սկսվել էր որպես գործիք ստեղծագործողների համար, վերածվել է շատ ավելի լայն ընդգրկում ունեցող պրոդուկտի։ Այս փուլում մենք մեկ գործիք չենք։ Մենք հարթակ ենք՝ մեկ ընդհանուր հիմքով։ Async-ն այն անունն է, որը համապատասխանում է այդ իրականությանը», — նշվում է ընկերության հայտարարությունում։
Async՝ որպես հովանոցային բրենդ
Նոր անվանումը՝ Async, ընտրվել է որպես հովանոցային բրենդ, որի ներքո ընկերությունը կշարունակի զարգացնել և ընդլայնել իր բոլոր ուղղությունները՝ սկսած կոնտենտ ստեղծման գործիքներից մինչև ձայնային տեխնոլոգիաներ և API-ներ։
Այս մոտեցումը թույլ է տալիս ընկերությանը մեկ միասնական բրենդի ներքո միավորել տարբեր լուծումներ և ավելի հստակ դիրքավորվել ոչ միայն մեդիա ստեղծողների, այլև տեխնոլոգիական շուկայի համար։
Հայկական ստարտափ՝ գլոբալ հավակնություններով
Podcastle-ը տարիներ շարունակ համարվել է հայկական ամենահաջող տեխնոլոգիական ստարտափներից մեկը՝ միջազգային շուկային ուղղված պրոդուկտով։ Async անվան ներքո ընկերությունը փաստացի հայտարարում է նոր փուլ մտնելու մասին՝ ավելի լայն տեխնոլոգիական և ստեղծագործական հավակնություններով։
Ռեբրենդինգը ոչ թե հրաժարում է անցյալից, այլ դրա շարունակությունն է՝ նոր ձևաչափով, նոր անվամբ և ավելի ընդգրկուն տեսլականով։


