ԴԻՄԱՎՈՐԵ՛Ք ՄՈՏՈՑԻԿԼՈՎ, ԱՌԱՆՑ ԲՈՒԺՔՐՈՋ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻՆ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Շտապօգնության բերած հիվանդին չեն ընդունում, իսկ բժիշկին ուղարկում են մոտոցիկլով:
Այս ուշագրավ իրավիճակի մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ խոսեց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
«Երևանում արձանագրվել է խիստ մտահոգիչ միջադեպ․ շտապ բժշկական օգնության հերթապահ բրիգադների կողմից «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված երկու բուժառուներ չեն ընդունվել բուժհաստատության կողմից՝ չնայած այն հանգամանքին, որ կենտրոնը ունի տոքսիկոլոգիայի և ռեանիմացիայի գործող ծառայություններ: Տվյալ փաստը չի կարող հիմնավորվել ոչ ծանրաբեռնվածությամբ, ոչ «տեղի բացակայությամբ» և լուրջ հարցեր է առաջացնում շտապ բժշկական օգնության շարունակականության, հիվանդանոցների պարտավորությունների և քաղաքացիների կյանքի ու առողջության պաշտպանության վերաբերյալ»,-ասաց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ այս ֆոնին Առողջապահության նախարարության կողմից շրջանառվող «լուծումները» առավել քան մտահոգիչ են։
«Այսուհետ դուք պետք է սովորեք երթևեկել մոտոցիկլով։ Առողջապահության նախարարությունը գտնում է, որ շտապ օգնության համակարգում «յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել», իսկ խիտ երթևեկությունը, նեղ փողոցներն ու դժվարանցանելի բակերը խոչընդոտում են շտապօգնության մեքենաների աշխատանքին։ Լուծումը պա՞րզ է․ բժիշկը՝ մոտոցիկլի վրա։
Ըստ նախարարության պատկերացումների՝ մոտոցիկլով աշխատող բժիշկը կշրջանցի խցանումները, ճկուն կանցնի ամենադժվար հատվածներով և հիվանդին կհասնի ավելի արագ։
Իսկ արագ արձագանքումը, ասում են, կարող է բառացիորեն կյանքի արժեք ունենալ՝ սրտի կանգի, ծանր ալերգիկ ռեակցիայի, գիտակցության խորը խանգարման կամ ուժեղ արյունահոսության դեպքում։ Բայց կա մի «փոքր» նրբություն։

Մոտոցիկլով բժիշկը պետք է իր հետ կրի և կառավարի՝
- շնչուղիների կառավարման միջոցներ (Գվեդելի օդատար խողովակ, «Ամբու» պարկ, կոկորդային դիմակ, լարինգոսկոպ, ինտուբացիոն հավաքածու),
- ընդհանուր բժշկական պայուսակ՝ ներառյալ ժգուտ և արյունահոսությունը դադարեցնող CAT տուռնիկետ,
- վիրակապական պայուսակ՝ միանգամյա վիրաբուժական հավաքածուով,
- ինֆուզիոն համակարգ,
- առաջին բուժօգնության պայուսակ՝ թմրամիջոցներով և հոգեմետ դեղերով,
- իմոբիլիզացիոն շինաներ և պարանոցային օձիք,
- շարժական էլեկտրասրտագրիչ,
- ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր,
- տոնոմետր, ֆոնենդոսկոպ, պուլսօքսիմետր։
Եվ այս ամենը՝ մոտոցիկլի վրա, խցանումների միջով, անվտանգության երաշխիքների բացակայությամբ, իրավական պատասխանատվության ամբողջ բեռով։ Եվ, ի դեպ, բուժքրոջ մասին անգամ խոսք չկա»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա տեղի է ունենում մի համակարգում, որտեղ շտապօգնության բերած հիվանդին կարող են չընդունել հիվանդանոցում, իսկ պատասխանատվությունը բաշխվում է ոչ թե կառավարման մակարդակում, այլ գցվում է բուժանձնակազմի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:
