ԾԱՆՐ Է, ԱՄԵՆ ՄԵԿԸ ՉԻ ԿԱՐՈՂ. ՈՎ ԱՆՑԵԼ Է ԱՅԴ ՃԱՆԱՊԱՐՀԸ, ԻՆՁ ԿՀԱՍԿԱՆԱ. ՄԱԳԱ

168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է երգչուհի Մագան:

Բեմը շատերի համար երազանք է՝ լույսեր, ծափահարություններ, ճանաչում… Բայց երգչուհի Մագայի համար իրական փորձությունը ոչ թե մեծ դահլիճներն են եղել, այլ ռեստորանային երկար օրերը։ Նրա խոսքով՝ հենց այնտեղ է ձևավորվում ոչ միայն երգիչը, այլև մարդը։

«Ռեստորանում երգելը շատ մեծ ու դժվար դպրոց է։ Ամեն մեկը չի կարող։ Ով անցել է էդ ճանապարհով, ինձ կհասկանա»,- ասում է նա։

Մագայի համոզմամբ՝ այդ միջավայրում դու սովորում ես ամեն ինչ՝ դիմանալ հոգնածությանը, աշխատել տարբեր լսարանի հետ, երգել անգամ այն ժամանակ, երբ տրամադրություն չունես, ու ամենակարևորը՝ պահել պրոֆեսիոնալիզմը ցանկացած իրավիճակում։

Խոսելով ոլորտի մասին՝ Մագան չշրջանցեց նաև ցավոտ թեմաները։

«Կան երգիչ-երգչուհիներ, որ ընդհանրապես երգել չգիտեն, բայց ունեն աշխատանք»,- ասում է նա։

Նրա կարծիքով՝ շոու-բիզնեսում միշտ չէ, որ տաղանդն է որոշիչը։ Երբեմն գործում են կապերը, արտաքին փաթեթավորումը կամ պարզապես՝ հաջող պահը։ Բայց դա, ըստ նրա, երկարաժամկետ ճանապարհ չէ։

«Ի վերջո, բեմը շատ արագ բացահայտում է՝ ով է իրական երգիչ, ով՝ ժամանակավոր երևույթ»,- նշում է Մագան։

Ռեստորանային աշխատանքի տարիները, սակայն, ունեցել են նաև իրենց լուռ դժվարությունները։ Մագան խոստովանում է՝ եղել են իրավիճակներ, երբ ստիպված է եղել լռել։

«Ռեստորանում երգելով, չէի կարող կարծիք հայտնել ու որոշել՝ այս երգը երգել, այս մեկը՝ ոչ, քանի որ, եթե պատվիրատուն ցանկանում է լսել այդ երգը, պարտադիր պետք է երգեի։ Եթե ոչ, տուժելու էին նաև իմ ընկերները»։

Նա ասում է՝ այդ փուլում առաջնայինը թիմն էր։ Երբեմն սեփական անհարմարությունը երկրորդ պլան էր մղվում, որովհետև պատասխանատվություն կար ոչ միայն իր, այլև գործընկերների առաջ։

Ժամանակակից երաժշտական միտումների մասին խոսելիս՝ երգչուհին կոշտ է արձագանքում կրկնօրինակմանը։

««Karen-Sevak» բենդին կրկնօրինակել՝ շատ ծիծաղելի է։ Ստեղծեք ձերը»,- ասում է Մագան։

Նրա համոզմամբ՝ արվեստում ամենավտանգավորը նմանակելն է։ Լսարանը միշտ տարբերում է՝ ով է օրիգինալ, ով՝ պատճեն.

«Եթե ինքդ չես, երկար չես դիմանա»։

Եթե նախկինում Մագան ասում էր՝ պատրաստ էր երգել գրեթե ցանկացած վայրում, հիմա մոտեցումը փոխվել է.

«Մի ժամանակ ինձ ընդհանրապես հետաքրքիր չէր՝ որտեղ կգնամ, կերգեմ։ Հիմա արդեն հաշվի եմ առնում»։

Այսօր նրա համար կարևոր են միջավայրը, առաջարկի որակը և, ամենակարևորը, ներքին հարմարավետությունը։

Երգչուհին ակնարկում է նաև այն «առաջարկների» մասին, որոնց բախվում են շատ կին արտիստներ։ Թեպետ չի մանրամասնում, բայց ակնարկը հստակ է.

«Երգչուհիները ստանում են նման առաջարկներ… Նույն վայրկյանին հասկանում ու, բնականաբար, մերժում եմ»։

Նրա համար սկզբունքները երբեք չեն կարող փոխարինվել հնարավորություններով։

Մագայի պատմությունը միայն շոու-բիզնեսի, այսպես ասած՝ գեղեցիկ կողմի մասին չէ։ Դա ճանապարհ է՝ ծանր աշխատանքի, փորձությունների և ինքնություն պահպանելու պայքարի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս