ԱՄՆ նախկին նախագահը ցանկանում է Էփշտեյնի գործով ցուցմունքներ տալ ուղիղ եթերում
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26–27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։
Ընդ որում, Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։
«Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում», որը կազմակերպել է վախեցած Հանրապետական կուսակցությունը։ Եթե նրանք ուզում են պատասխաններ, եկեք դադարեցնենք այս խաղերը և անենք դա ճիշտ ձևով․ հրապարակային լսումներում, որտեղ ամերիկյան ժողովուրդը կարող է ինքնուրույն տեսնել, թե իրականում ինչ է կատարվում։
Նախագահը (Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի հանրապետական նախագահ Ջեյմս Քոմերը) հայտարարում է, որ ուզում է տեսախցիկներ, բայց միայն փակ դռների հետևում։ Ո՞ւմ է ձեռնտու այս իրավիճակը։ Ո՛չ Էփշտեյնի զոհերին, որոնք արժանի են արդարության։ Ո՛չ հասարակությանը, որը արժանի է ճշմարտությանը։ Սա ծառայում է միայն կուսակցական շահերին։ Սա հետաքննություն չէ, սա մաքուր քաղաքականություն է։
Ես պահանջել եմ Էփշտեյնի գործի նյութերի ամբողջական հրապարակում։ Երդման տակ ցուցմունքներ եմ տվել այն մասին, ինչ ինձ հայտնի է։ Եվ հենց այս շաբաթ համաձայնել եմ անձամբ ներկայանալ հանձնաժողով։ Բայց դա դեռ բավարար չէ Ներկայացուցիչների պալատի վերահսկողության հանձնաժողովի հանրապետականների համար»,- նշել է Բիլ Քլինթոնը։


